«Չհրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից». ՀԿ-ների կոչը Փաշինյանին
ՀԿ-ները դատապարտում են Փաշինյանի առաջարկները
«Հայաստանի կառավարությունից և վարչապետից պահանջում ենք որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից, շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ»,- ասված է երկու տասնյակից ավելի ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ։
Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ՝ հունվարի 9-ին, Բաքվին էր ներկայացրել «տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկը», որը բաղկացած էր 12 կետից։ Դրանց շարքում էր նաև միջազգային դատական ատյաններում միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից հրաժարվելը։
Քաղհասարակության ներկայացուցիչներն այդ առաջարկը «խիստ մտահոգիչ, անընդունելի և դատապարտելի» են համարում։ Անդրադառնալով Փաշինյանի մյուս առաջարկներին՝ նկատում են՝ «ամբողջական կերպով պահվող անձանց խնդիրը լուծելու» համար ևս միակ արդյունավետ միջոցն իրավական գործընթացներն են։
Շեշտում են՝ միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների ու հանցագործությունների կատարման։
«Միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ»,- արձանագրել են ՀԿ ներկայացուցիչները՝ հիշեցնելով այն մասին, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում չեն քննարկվում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր։
Համատեղ հայտարարության մեջ նրանք անընդունելի են որակել նաև Փաշինյանի մեկ այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը, ներկայացրել հիմնավորումներ։
Մանրամասները՝ ստորև
«Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Բաքվին»
Ընդգծել են հայտարարության հեղինակներն ու հավելել, որ դա Ադրբեջանին թույլ կտա խուսափել մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար պատասխանատվությունից, ինչպես նաև ռասիստական պետություն ճանաչվելուց։
Հասարակական կազմակերպությունները նկատում են՝ Ադրբեջանի դեմ ՀՀ կողմից Արդարադատության միջազգային դատարան և ՄԻԵԴ ներկայացված հայցերը վերաբերում են հարյուր հազարավոր անձանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների․
«Բոլորի [հայցերի] մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն»։
Ընդգծել են՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել և հավելել, որ դրա արտացոլումն են՝
- Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափումը,
- հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը,
- հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը,
- հայերին և հայկական պետությունը «ֆաշիստական» որակելն ու ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։
«Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջան» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի դեմ»,- ասված է հայտարարությունում։
«ՀՀ-ն պետք է պատասխանատվության կանչի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը»
Նշվում է, որ ՀՀ իշխանությունների առաջնային պարտավորությունն է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի։
Հայտարարության համաձայն՝ մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումները կանխելուն են միտված միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները, ուստի եթե Երևանը հրաժարվի դրանցից, «իրավունքների պաշտպանության առումով» դա կնշանակի հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից․
«ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի միջազգային պարտավորությունների ուղղակի խախտում է»։
Քաղհասարակության կարծիքով՝ միջպետական հայցերից հրաժարվելու փոխարեն ՀՀ կառավարությունը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան։
Ըստ նրանց՝ Հայաստանը պետք է ներկայացնի հետևյալ պահանջը՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել նրանց իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա»
Հայտարարությունում շեշտվում է, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Նշվում է, որ առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնել մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը․
«Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով»։
Քաղհասարակության գնահատմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ դեպքում չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։
Հիշեցնում են՝ Բաքուն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, ապագայում նման խախտումները բացառելու ուղղությամբ որևէ գործողություն․
«ՀՀ կողմից միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ»։
«Հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից»
ՀԿ ներկայացուցիչները հիշեցրել են՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է․
«ԼՂ-ի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումներն ու էթնիկ զտումը»։
Նրանց դիտարկմամբ՝ Մինսկի խմբի լուծարմանը համաձայնելը կնշանակի, որ ՀՀ իշխանություններն ընդունում են ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը «ոչ միայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀԿ-ները դատապարտում են Փաշինյանի առաջարկները