Ցույցերը Հարավային Օսիայում․ թաղում, ծեծ, «վրացական հետք»
Հարավային Օսիայի մայրաքաղաքում մինչև ուշ գիշեր շարունակվել են 28–ամյա Ինալ Ջաբիևի մահվան պատճառով ցույցերը, որը, ենթադրաբար, կտտանքների հետևանքով մահացել է քննչական մեկուսարանում։ Ցուցարարներն ու ընդդիմությունը պահանջում են նախագահի և գլխավոր դատախազի հրաժարականը։ Իսկ նախագահ Անատոլի Բիբիլովն ակնարկում է, որ ցույցերը ղեկավարվում են Վրաստանի կողմից։
Թաղում և ցույցեր
Մոտ երկու հազար մարդ էր օգոստոսի 31–ին եկել Ինալ Ջաբիևի թաղմանը։ Թաղմանը ներկա էր նաև Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
Թաղումից հետո հարյուրավոր մարդիկ են հավաքվել կենտրոնական հրապարակում։ Նրանք պահաջել են նախագահի և գլխավոր դատախազի հրաժարականը։
Բացի այդ, «Նիխաս» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Դավիթ Սանակոևը գործող գլխավոր դատախազի և ՆԳ պաշտոնանկ արված նախարարի դեմ քրեական գործեր հարուցելու պահանջ է առաջ քաշել։
Պատգամավորը նաև պնդում է, որ պետք է բարեփոխվի Հարավային Օսիայի իրավապահ համակարգն ու հետաքննվի ՆԳՆ աշխատակիցների կողմից կասկածյալներին ծեծի ենթարկելու մյուս դեպքերը։
Ցույցի մասնակիցներն ուշ երեկոյան շարժվել են դեպի նախագահի մստավայրը, որը շղթայված էր ուժայիններով։ Պաատգամավորների հորդորներով նրանք չեն փորձել գրոհել շենքը։
Օգոստոսի 30–ին տեսաուղերձով է հանդես եկել նաև Հարավային Օսիայի նախկին նախագահ (2001–2011 թթ) Էդուարդ Կոկոյտին։ Նա փաստացի վերջնագիր է ներկայացրել Անատոլի Բիբիլովին՝ կոչ անելով ինքնակամ հրաժարական տալ։
Քաղակտիվիստի ծեծը
Ջաբիևի թաղման ժամանակ հենց փողոցի մեջտեղը հարձակվել են քաղակտիվիստ և գործարար Թիմուր Ցխուրբատիի վրա։ Նա ծեծվել է և հիվանդանոց ընկել՝ ծնոտի կոտրվածքով։
Ինչպես պատմում է Ցխուրբատին, հարձակման պատճառն իր մեկնաբանություններն են եղել սոցցանցերում։
«Ինձ վրա հարձակվեցին, սկզբից մի կին, իսկական սադրիչ։ Նա, հավանաբար, ուզում էր, որ ես նրան հարվածեմ։ Ես նրան, իհարկե, չհարվածեցի, սակայն շուրջս մարդիկ հայտնվեցին, որոնք իբր սկսեցին նրան պաշտպանել։ Արդյունքում՝ այտոսկրս կոտրվեց, և, քիչ էր մնացել, զանգվածային կռիվ սկսվեր»։
Ակտիվիստը հանրությանն է դիմել և կոչ արել չհարմարվել ապօրինությանը։
«Ձեզ եմ դիմում․ եթե մենք լռենք, սա կշարունակվի, սա երբեք չի ավարտվի։ Եթե մենք օրենքին չապավինենք, սա շարունակվելու է, և վաղը իմ այտոսկրը չեն կոտրելու, և կրկին երիտասարդ տղայի ենք հուղարկավորելու», — նշել է նա։
Իշխանության արձագանքը
Ինալ Ջաբիևի մահվան պատճառով վրդովմունքին ի պատասխան նախագահը ցրել է կառավարությունն ամբողջական կազմով։
Կալանավորվել է ՆԳՆ ութ աշխատակից, որոնք կասկածվում են կալանավորվածի մահվանը մասնակից լինելու համար։
Սակայն իր հրաժարականի մասին պահանջներն Անատոլի Բիբիլովը դեռևս հանրային կերպով չի մեկնաբանել։
Բիբիլովի միակ մեկնաբանությունը տարածել է @wargonzo Տելեգրամ–ալիքը, որը լուսաբանում է Արևելյան Ուկրաինայում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իրադարձությունները։
«Վրացական բոտերը կապված են Ցխինվալի ցույցերի հետ», «վրացական կողմը չի հապաղել օգտվել իրավիճակից, որը քաղաքական ճգնաժամ է առաջացրել, և ակտիվորեն սրում է դրանք սոցցանցերի միջոցով։ Աշխատանքը համակարգային բնույթ է կրում և, հավանաբար, համակարգվում է ԱՄՆ Պետդեպի կողմից», — Բիբիլովի խոսքն է մեջբերում ալիքը, որի հետ բացառիկ հարցազրույցը խոստացել է հրապարակել մոտ ժամանակներս։
«Բիբիլովը հարցի լուծման փոխարեն կրկին որոշել է հետևել քաղտեխնոլոգների խորհուրդներին և գործել համառուսական «մեթոդական ձեռնարկներով», այստեղից էլ՝ վրացական բոտերի և ԱՄՆ Պետդեպի մասին արտահայտությունները», — իր հերթին, այդ տեղեկությունն է մեկնաբանում «Բոնվայերնոն» օսական Տելեգրամ–ալիքը։
Ցույցերի պատճառները
Հարավային Օսիայում շատերն այն կարծիքին են, որ Ցխինվալում բողոքի ցույցերի բռնկման պատճառը միայն Ինալ Ջաբիևի մահը չէ, այլ այն, որ իշխանությունների ներկայացուցիչների կողմից ամենաթողության նախորդ դեպքերը չհետաքննված են մնացել։
Մասնավորապես, խոսքը Վլադիմիր Ցկաևի մասին է, որը կտտանքների հետևանքով մահացել է միլիցիայի բաժանմունքում 2015 թ–ին։ Այս գործով դատը մինչ օրս շարունակվում է։
Դրանով Հարավային Օսիայի բանտում և մեկուսարանում միջադեպերը չէին ավարտվել։ Դատապարտյալներն ու նրանց ազգականները պնդում էին, որ այնտեղ ծեծում, խոշտանգում և նվաստացնում են մարդկանց։
2019 թ–ի հոկտեմբերին հատուկջոկատայինները բռնի կերպով ճնշեցին հացադուլն ուղղիչ գաղութում՝ դաժանաբար ծեծելով բանտարկյալներին։ Այն ժամանակ դա քաղաքական սկանդալ առաջացրեց, սակայն Բիբիլովը հրաժարվեց կատարել ընդդիմության պահանջներն ու պաշտոնանկ անել ՆԳ և արդարադատության նախարարին։
2020 թ–ի հունիսի 6–ին մոտ 20 բանտարկյալ որպես դաժան վերաբերմունքի դեմ բողոքի նշան կտրել էր երակները։
Կարծիք․ ի՞նչ ընդհանրություն կա Հարավային Օսիայի, Ռուսաստանի և Բելառուսի միջև
Հանրապետությունում կատարվող իրադարձությունները Ռուսասատանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինի անձնական ձախողումն է, որին հանձնարարել են համակարգել Աբխազիան և Հարավային Օսիան, գրում է «Мысли-НеМысли» ռուսական Տելեգրամ–ալիքը։
Աղբյուրի պնդմամբ՝ այդ պաշտոնում Խուսնուլինին նախորդող Օլեգ Գովորունը «ձախողել էր աբխազական ուղղությունն, ինչի ապացույցը երկրում առաջացած քաղաքական ճգնաժամն է և ընդդիմության, այսինքն Ասլան Բժանիայի իշխանության գալն այդ երկրում»։
«Այժմ Աբխազիայի սցենարը կրկնվում է Հարավային Օսիայում, սակայն այս պահին այն ծանրաբեռնված է նաև Բելառուի իրադարձություններով։ Ռուսաստանի սահմաններով անկայունության գոտի է ձգվում, և դա չի կարող չնյարդայնացնել երկրի ղեկավարությանը»։
Հիշեցնենք, որ 2011 թ–ի նախորդ ցույցերը Հարավային Օսիայում, որոնց արդյունքում նախագահի ռուսամետ թեկնածու Անատոլի Բիբիլովը (ներկայիս նախագահ) ստիպված էր խոստովանել պարտությունը, Ռուսաստանում 2011-2013 թթ–ի ցույցերի նախերգանքն էին», — գրում է Տելեգրամ–ալիքը։