Այսօր Ադրբեջանի Եվլախ քաղաքում հանդիպում է տեղի ունեցել պաշտոնական Բաքվի և Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև։
Հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից արված հայտարարության համաձայն՝ բանակցողները պետք է քննարկեին Ղարաբաղի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերը։
Ղարաբաղի հայերի պատվիրակությունը գլխավորում էր Արցախի դեմոկրատական կուսակցության նախագահ Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական պատվիրակությունը՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը։
Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։ Դրա արդյունքների մասին հայտարարություններ չեն հրապարակվել։
«Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը», — Եվլախում հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։
Ղարաբաղի հայերի ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ «Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, պետք է համաձայնեցնել մանրամասները»։
«Դժվար է ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Ես կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն էին բազմաթիվ հանդիպումներից»,- ասել է նա Sky News Arabia հեռուստաալիքի եթերում։
Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարությունը
Ադրբեջանի նախագահի վարչակազմը Եվլախում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարել է՝
հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում,
քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր,
հայկական կողմի ներկայացուցիչներին է փոխանցվել վերաինտեգրման ծրագիր,
ընդգծվել է օպերատիվ կերպով զինաթափման և տեխնիկայի փոխանցմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,
Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները օգնություն են խնդրել վառելիքի և սննդի հարցում,
ադրբեջանական կողմը նախատեսում է մոտ ապագայում մարդասիրական աջակցություն ցուցաբերել, վառելանյութ տրամադրել նրանց, մանկապարտեզներում և դպրոցներում ներդնել ջեռուցման համակարգեր, շտապ բուժօգնություն և հրդեհաշիջման ծառայություններ։