«Միասին ենք գնում հարսանիքների և թաղումների»․ հայերն ու ադրբեջանցիները Վրաստանի գյուղերից մեկում
Հայերն ու ադրբեջանցիները Շուլավերիում
Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում ապրող երկու ամենամեծ էթնիկ խմբերն են՝ վրացիներից հետո։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ ադրբեջանցիները կազմում են Վրաստանի բնակչության 6,2 տոկոսը, իսկ հայերը՝ 4,55 տոկոսը։
Նրանք կոմպակտ կերպով ապրում են Վրաստանի երկու շրջաններում՝ հայերը՝ Սամցխե-Ջավախեթիում, ադրբեջանցիները՝ Քվեմո Քարթլիում։ Սակայն Քվեմո Քարթլիում կան տարածքներ և գյուղեր, որտեղ այս երկու խմբերն ապրում են միասին։
- Բաքուն հաղթեց, հայերը լքում են ԼՂ. էլ ի՞նչ սպասել, հակամարտության կողմերի կարծիքները
- Փաշինյանը Բաքվին սպառազինությունների վերահսկում է առաջարկում․ իրագործելի՞ է
Ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ ազդեցություն է ունեցել հայերի և ադրբեջանցիների վրա։ Պատմության մեջ ժամանակ առ ժամանակ եղել են Վրաստանում էթնիկ հողի վրա այս երկու խմբերի միջև փոքր կոնֆլիկտներ, բողոքի կամ աջակցության ցույցեր՝ ի օգուտ Հայաստանի կամ Ադրբեջանի:
Սոցցանցերում հաճախակի էին վեճերը։ Պատերազմի շուրջ սկսված քննարկումներն ուղեկցվում էին վեճերով, վիրավորական մեկնաբանություններով և բոլոր կողմերից քսենոֆոբիայի հոսքով։
Պարզելու համար, թե Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ինչպես են ազդել Վրաստանում բնակվող ադրբեջանցիների և հայերի հարաբերությունների վրա, JAMnews-ն այցելել է Քվեմո Քարթլիի մի քանի գյուղեր։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, որի նպատակն էր տարածաշրջանում «սահմանադրական կարգի վերականգնումը»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը և վարչապետի աշխատակազմը համառորեն լռում էին։ Պարզ դարձավ, որ Ղարաբաղի անկումը ժամերի կամ օրերի խնդիր էր։
Սա հենց այն էր, ինչ տեղի ունեցավ: Գործողությունն ավարտվեց երկու օրում։ Այսպիսով, Ղարաբաղում նոր իրողություն հաստատվեց։
2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ։
Շուլավերի գյուղը, որտեղ հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրում
Քվեմո Քարթլիում ընդամենը մի քանի գյուղ կա, որտեղ հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրում։ Դրանք են Շուլավերին, Խոջոնին և Ծոփին։ Այցելեցինք Շուլավերի։
Շուլավերին գտնվում է Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա։ Այս համայնքը միավորում է ինը գյուղ։
«Ռիո» և «Բմարտ»՝ գյուղի այս երկու հսկայական սննդի շուկաները երևում են հեռվից։ Այս խանութների ձևը, գույնը և արտաքին տեսքը միանման են: «Բմարտ»-ի սեփականատերը ադրբեջանցի է, «Ռիո» մարկետինը՝ հայ։ Հայերն ու ադրբեջանցիները միասին են աշխատում։
Մոտակայքում՝ նույն շենքի հարևանությամբ, կա հայկական մսի խանութ և ադրբեջանական ավտոպահեստամասերի խանութ։
Շուլավերին մեծ գյուղ է։ Եվ այստեղ ավելի շատ աշխատանք կա: Այդ պատճառով հարևան գյուղերից էլ են այստեղ աշխատելու գալիս հայեր, ադրբեջանցիներ և վրացիներ։
44-ամյա Անժելա Վերոնյանը Իմիր գյուղից է։ Դա հայաբնակ գյուղ է։ Անժելան վերջին ինը տարիներին աշխատում է Շուլավերի գյուղի «Ռիո»-ի շուկայում։
Նա 17 տարեկան էր, երբ ամուսնացավ։ Իմիր գյուղում մեծացած աղջիկը չի ճանաչել իր ապագա ամուսնուն։ Հիշում է այն օրը, երբ նրա ընտանիքը եկել էր իր ձեռքը խնդրելու: Ընտանիքներն իրար ճանաչում էին, ուստի այդպես որոշեցին։ Անժելան ոչինչ չհարցրեց։
Ասում է՝ ժամանակներն էին այդպիսին. «Չէի մտածում, որ այդպես կամուսնանամ, նույնիսկ ամուսնուս չէի ճանաչում։ Հիմա ուրիշ ժամանակներ են, բայց այն ժամանակ ինտերնետ կամ հեռախոս չկար»:
Նա որոշ ժամանակ ապրել է ամուսնու հետ։ 2003 թվականին տղամարդը մահացել է դժբախտ պատահարից։ 24-ամյա Անժելան մենակ է մնացել երկու երեխաների հետ. Դրանից հետո նա մի քանի տարի պարբերաբար մեկնել է Ռուսաստան աշխատելու։ Սկզբում աշխատել է որպես խոհարար, հետո մարմելադի գործարանում՝ որպես հրուշակագործ։
Երբ դա նրա համար դժվարացել է, սկսել է աշխատել Վրաստանում։ Սկզբում գյուղի դեղատանը, իսկ հետո՝ «Ռիո»-ի շուկայում։
Անժելան ասում է, որ Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ամենաշատն ազդել են երիտասարդների վրա։ Նրանք բուռն քննարկում էին այս հարցերը։ Սակայն նա չի հիշում, որ բախումներ եղած լինեն իր գյուղում կամ Շուլավերիում։
«Այնքան տարի միասին ենք ապրում ու աշխատում այստեղ, որ նույնիսկ չենք տարբերում՝ ով է հայ, ով՝ ադրբեջանցի։ Մենք շատ ընդհանրություններ ունենք»,- ասում է Անժելան։
Հայուհի Սուսաննայի, ադրբեջանցի Գանիրայի և վրացի Մարինայի ընկերության պատմությունը
Հունվարյան ցուրտ առավոտ է, Սահակյանների ընտանիքի գողտրիկ տան ջերմությունը դրախտ է թվում։
Սուսաննա Սահակյանը խոհանոցում խաղողի տերևներով տոլմա է փաթաթում։ Երեկոյան հյուրերի են սպասում:
Երեկոյի պատվավոր հյուրերի թվում անպայման կլինի Սուսաննայի ընկերուհին ու հարևանը՝ Գանիրան։ Բայց նախ Սուսաննան ու Գանիրան սուրճ են խմում ու հիշում իրենց երիտասարդության պատմությունները։
Սուսաննա Սահակյանը ծնվել է հայկական Դամիա գյուղում։ Նա ամուսնացել է 17 տարեկանում։ Այսպիսով, նա հայտնվել է մի միջավայրում, որտեղ ապրում էին հայեր, ադրբեջանցիներ և ռուսներ: Այդ ժամանակ՝ 50 տարի առաջ, Շուլավերիում բազմաթիվ ռուսներ էին ապրում։
Սուսաննան Շուլավերիում երեք երեխա է լույս աշխարհ բերել ու երբեք չի աշխատել։ Ութերորդ դասարանից հետո նա կրթություն չի ստացել․ ստիպված էր երեխաներին մեծացնել։
«Ամուսինս աշխատասեր է, միշտ աշխատել է։ Այստեղ նախկինում գործարաններ կային։ Իսկ հիմա նա երաժիշտ է, ամեն կերպ փորձում է գումար վաստակել», — պատմում է Սուսաննան:
Նախկինում Սուսաննան միայն հայերեն գիտեր։ Այժմ նա գիտի նաև ադրբեջաներեն և ռուսերեն։
Այս գյուղում է ծանոթացել Գանիրայի հետ։
Գանիրա Օսմանովան ծնվել է ադրբեջանական Բայտալո գյուղում։ Հայրն աշխատում էր Շուլավերիի գործարանում, և ընտանիքը տեղափոխվեց այստեղ։
Նրա ճանապարհը դեպի մեծ կյանք սկսվել է վեցերորդ դասարանից: Սկզբում մեկնել է Ադրբեջան և ուսումը շարունակել Բաքվի դպրոցում։ Հետո մեկնել է Ղազախստան սովորելու։ Այնտեղ նա ամուսնացել է ծնունդով Ղարաբաղից մի ադրբեջանցու հետ։ Ղազախստանից հետո նրանք սկզբում ապրել են Թաթարստանի Հանրապետությունում, ապա Ռուսաստանի այլ շրջաններում և, վերջապես, 2009 թվականին եկել են Վրաստան։
«Պետք էր ամուսնանալ Վրաստանում և ոչ մի տեղ չգնալ։ Բայց թեթևամիտ աղջիկ էի, որտեղի՞ց ինձ այդքան գիտակցություն: Երիտասարդությունն այնպիսին է, որ չես մտածում՝ արդյոք նա համապատասխանում է քեզ, թե ոչ, միանգամից հայտնվում ես ընտանիքում: Հետո փոշմանեցի դրա համար»,- պատմում է Գանիրան։
Նա մասնագիտությամբ բժիշկ է։ Ղազախստանում աշխատել է որպես ռևմատոլոգ, Վրաստանում՝ մանկաբարձուհի, սակայն իր մասնագիտությունը չի սիրում։
«Մյուս կողմից՝ շրջանն ունի բժիշկ, մեկը, ով կարող է սրսկել, ուրիշ բաներ անել»,- ասում է Սուսաննան:
«Այո, բայց ես չեմ սիրում, ուժերի գերլարմամբ եմ դա անում ձեզ համար», — պատասխանում է Գանիրան:
Գանիրան և Սուսաննայի ամուսինը միասին են մեծացել, հարևաններ են եղել։ Երբ Գանիրան վերադարձել է Ռուսաստանից, Սուսաննան արդեն այդ ընտանիքի հարսն է եղել։
«Ես չգիտեմ, թե ով եմ նրանց համար, բայց ինձ համար նրանք ընտանիքի անդամ են», — ասում է Գանիրան:
-Կասկածու՞մ ես,- Սուսաննայի տոլմայով ձեռքը մնում է օդում։
«Մեզ համար էլ, մորաքույր Գալինա, մեզ համար էլ», — խոսակցությանը միանում է Սուսաննայի հարս Իվետան… (Այս ընտանիքում Գանիրային Գալինա են անվանում):
«Երբ մի քանի օրով ինչ-որ տեղ ենք գնում, ամեն ինչ թողնում ենք մորաքույր Գալինային, նա հոգ է տանում տան և կենդանիների մասին», — պատմում է Իվետան։
«Մենք ունենք նաև երրորդ ընկերուհի՝ վրացի։ Նա կարծես մեր «հանդիսատեսը» լինի», — ծիծաղում է Սուսաննան:
«Ծերեթելի գյուղից է։ Հիմարաբար ամուսնացել է, ինչպես ես: Աշխատում է ջրամատակարարման ընկերությունում։ Մի անգամ եկավ, ջրաչափը ստուգեց, ամառ էր, օրը արևոտ էր, շոգ էր, հոգնած էր, ջուր տվեցինք, նստեց, հանգստացավ, ընկերացանք։ Երեկոյան զանգում է ու հարցնում՝ ի՞նչ եք անում։ Տաքսի է կանչում ու գալիս»,- ասում է Գանիրան։
Սահակյանների ընտանիքում ասում են, որ պատերազմը բոլորին է վերաբերում, և յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց Վրաստանում չկա պատճառ, որ հարևաններն իրար հետ վիճեն։
«Երեխաները նույնպես խնդիրներ չեն ունեցել, քանի որ մենք երեխաներին իրար դեմ չենք տրամադրում»։ Եթե խանութից ինչ-որ բան է պետք լինում, գոռում եմ բակի երեխաներին՝ ինձ այսինչ բանը բերեք: Ով հասկանում է, վազում ու բերում է, և կապ չունի՝ վրացի է, թե հայ»,- ասում է Սուսաննան։
Հավելում է՝ ոչ ոք չի տոնում այս կամ այն կողմի հաղթանակը կամ պարտությունը։ Բոլորս միասին տխրում էինք, որ երկու կողմից մարդիկ են մահանում։
«Այստեղ պատերազմում զոհվել է հայ հարևանի 18-ամյա թոռը։ Աղջիկն ամուսնացած է Հայաստանում, ընկերը երկու ամիս ծառայել է բանակում, հետո գնացել է պատերազմ։ Բոլորս լաց էինք լինում։ 18 տարեկան երեխա է մահացել, ինչպիսի հանցագործություն»,- պատմում է Սուսաննան։
Գանիրան հիշում է, թե ինչպես է առաջին պատերազմի ժամանակ Բաքվում իր տանը թաքցրել մի հայ ընտանիքի.
«Նրանք գիտեն։ Ես այն ժամանակ Բաքվում էի ապրում, նոր էինք բնակարան գնել։ Մի հայ հարևան ունեինք, նա կայարանի մենեջերն էր։ Բայց նա բացակայում էր աշխատանքի բերումով, և երբ պատերազմը սկսվեց, չկարողացավ դուրս բերել կնոջն ու երեխաներին։ Կրակում էին բոլոր կողմերից։ Ես նույնիսկ լավ չէի ճանաչում այս ընտանիքին, բայց նրանց իմ տանը թաքցրի 15 օր: Մյուս հարևաններին իմ տուն չէի թողնում։ Հետո նրանք թաքուն հեռացան»։
Գանիրան որոշ ժամանակ հարաբերություններ է պահպանել նրանց հետ։ Բայց երբ վտանգավոր է դարձել հեռախոսով խոսելը, կապն ընդհատվել է։
«Իսպանիայից անմիջապես Շուլավերի եմ եկել։ Սերն այդպիսի բան է»
«Ես Թբիլիսիից եմ, ծնվել ու մեծացել եմ այնտեղ, հետո տեղափոխվել Եվրոպա։ Հետո մեծ սեր եղավ, համացանցով գտա ամուսնուս ու եկա ուղիղ այստեղ՝ Շուլավերի»,- ծիծաղելով երկու նախադասությամբ իր ողջ պատմությունը պատմում է Սահակյանների հարսը՝ 45-ամյա Իվետա Մարկոսյանը։
Իվետան Թբիլիսիի հայերից է։ Նա մոտ 24 տարեկան էր, երբ մոր մոտ քաղցկեղ ախտորոշեցին։ Այդ ժամանակ պետությունը չէր կարողանում օգնել նման հիվանդներին։
Ընտանիքը վաճառեց ամեն ինչ, բայց դա արդյունքի չբերեց։ 2000-ականների սկզբին Իվետայի ծնողները բուժման նպատակով մեկնեցին Ֆրանսիա։
Հետո աստիճանաբար, ժամանակի ընթացքում ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվեցին Ֆրանսիա: Մոր վիճակը բարելավվեց։
Նրանք չէին մտածում Վրաստան վերադառնալու մասին։
«Ես շատ ուրախ եմ այստեղ ապրելու համար», — ասում է Իվետան, որն իր ամուսնու հետ ծանոթացել է համացանցով, երբ գտնվում էր Իսպանիայում:
Անմիջապես Շուլավերի է եկել։ Հավլաբարում մեծացած աղջիկը մինչ այդ ադրբեջանցի հարևաններ չի ունեցել։ Հետևաբար, խառը միջավայրը նրա համար մի փոքր անսովոր էր։
Այն փողոցում, որտեղ ապրում է Իվետայի ընտանիքը, կողք կողքի ապրում են հայերն ու ադրբեջանցիները։ Իվետային այլևս չի հետաքրքրում, թե որ ընտանիքն է հայի, որը՝ ադրբեջանցու։
«Երիտասարդների միջև ավելի շատ կոնֆլիկտ կարող է լինել, իսկ տարեցներն այլ կերպ են տեսնում իրադրությունը»
Գարիկ Գասպարյանը Ծիտելսոպելի գյուղից է։ Այս հայկական գյուղը սահմանակից է ադրբեջանական Դաշտաֆին և վրացական Մարադիսիին։
Գարիկն ունի տարբեր ազգերի ընկերներ.
«Իմ ընկերների 80 տոկոսն ադրբեջանցիներ են։ Մենք իրար հետ վրացերեն ենք խոսում, բոլորով ընկերություն ենք անում»։
Գարիկը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանող է։ Նա շատ ակտիվ է եղել՝ սկսած դպրոցական տարիներից։ Ընդգրկված է բազմաթիվ նախագծերում և հաճախ դասընթացներ է վարում իր հասակակիցների համար: Ուստի լավ գիտի երիտասարդների շրջանում տիրող տրամադրությունները։
«Երբեմն փոքր կոնֆլիկտներ են լինում երիտասարդների միջև։ Կան այնպիսիք, ովքեր այս պատերազմից հետո սկսել են մի փոքր վերևից նայել մեզ։ Նրանք [ադրբեջանցիները] ասում են՝ տեսեք, մեր երկիրը հաղթել է։ Բայց այդպիսիք շատ չեն։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը չի փոխվել»,- ասում է նա։
Գարիկի խոսքով՝ տարբեր էթնիկ խմբեր ունեցող գյուղերի բնակիչներն ավելի բարեհամբույր են միմյանց նկատմամբ, քանի որ երկար տարիներ միասին են։ Նույնը տեղի է ունենում տարեց մարդկանց դեպքում։
«Այստեղ մարդիկ միասին են գնում հարսանիքների, թաղումների, շնորհավորում միմյանց տոները։ Ոչ ոք անկարգություն չի ուզում: Օրինակ՝ Շուլավերիում ռուսական դպրոց կա, բոլոր ազգերի երեխաները միասին են սովորում»,- ասում է Գարիկը։
Հայերն ու ադրբեջանցիները Շուլավերիում