Հայաստանում չեն կարողանում որոշել ոսկեբեր սարի ճակատագիրը։ Անհեթեթ զարգացումներ Ամուլսարի փորձաքննության շուրջ
Հայաստանի կառավարությունում օգոստոսի 29-ին Skype-քննարկում է կայացել Ամուլսարի վերաբերյալ փորձաքննություն իրականացրած լիբանանյան ELARD (Earth link & Advanced Resources Development) ընկերության ներկայացուցիչների հետ։ Այն տևել է մոտ մեկ տարի և պետք է պատասխաներ հետևյալ հարցին․ որքանո՞վ է անվտանգ Հայաստանի հարավում՝ Ջերմուկ առողջարանային քաղաքի մոտ, տեղակայված ոսկու հանքի շահագործումը։
• «Ոսկու հանքի շահագործումը չի վնասի շրջակա միջավայրին»․ Հայաստանի վարչապետ
• ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում հայկական երկու ընկերությունների նկատմամբ
Քննարկումը սկսվել է գլխավոր հարցից, որը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ արդյո՞ք հնարավոր է վերահսկել Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերը։
Խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները պատասխանել են, որ իրենց հետազոտությունը բավարար չէ հանքի շահագործման անվտանգության որոշման համար։
Հարկ է նշել, որ «Էլարդ» ընկերության համալիր փորձաքննությունը 400 հազար դոլար է արժեցել։
Օգոստոսի 14-ին հրապարակվել է փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման պարագայում շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազագույն են։
Այն ժամանակ իշխանությունները հրաժարվեցին նոր բնապահպանական փորձաքննություն անցկացնելուց։ Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում մեկուկես ժամ տևած ուղիղ եթերի ժամանակ ասում էր, որ հանքի անվտանգության մակարդակն աննախադեպ է լինելու։
Արդյո՞ք պետք է նոր հետազոտություն անցկացնել։ Քննարկման արդյունքները
Կառավարության անդամների և «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների միջև քննարկումը սկսվեց նախագծի համակարգող Ռիկարդո Խուրիի հայտարարությունից։ Նա ասաց, որ Ամուլսարի շրջակա տարածքների ջրային ռեսուրսների ռիսկերը «պետք է կառավարելի դառնան»։ Եվ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե «Lydian» ընկերությունը, որը հանքի շահագործման լիցենզիա է ստացել, հարկ եղած ձևով լրացուցիչ միջոցառումներ իրականացնի։
Վարչապետին այս արտահայտությունն անորոշ թվաց և նա խնդրեց միտքն ավելի հստակ ձևակերպել։
Այդ ժամանակ Խուրին միանգամից հայտարարեց նոր հետազոտություն անցկացնելու անհրաժեշտության մասին․
«Ըստ էության՝ Lydian ընկերության առաջարկած միջոցառումները թերություններ ունեն։ Պետք է վերանայել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը։ Անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում կատարել»։
Սակայն բոլորովին վերջերս վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարում էր, որ նոր փորձաքննություն անցկացնելու համար հիմքեր Հայաստանի կառավարությունը չի տեսնում։
Քննարկմանը մասնակցում էին նաև խորհրդարանի պատգամավորներ և Lydian Armenia ընկերության ներկայացուցիչներ։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հետաքրքրվեց լիբանանյան ընկերությունից՝ ինչու ընկերության փորձաքննությունը հարցերի հստակ պատասխաններ չի տալիս և լի է թերություններով։
Որպես արդարացում Խուրին ասաց, որ հետազոտության պատվիրատուն Հայաստանի Քննչական կոմիտեն է եղել, որը գործ է հարուցել շրջակա միջավայրին վնաս հասցնելու կասկածանքով։ Եվ հենց նրա միջոցով է ընկերությունը կապվել տարբեր պետական կառույցների հետ։ Պետական կառույցներից մեկին, ըստ Խուրիի, «Էլարդ» ընկերությունը մատնանշել է նրանց հետազոտության բազմաթիվ թերությունները։
Սրանից հետևում է, որ խորհրդատվական ընկերությունն աշխատանքի ընթացքում հիմնվել է տեղական կառույցների ավելի վաղ անցկացրած հետազոտությունների վրա և թարմ ու սեփական հետազոտություններ չի անցկացրել։
Խուրին հայտարարել է, որ հիմնական հարցը, որը հետաքրքրում էր Քննչական կոմիտեին, այն էր, թե արդյոք հանքն ընդհանրապես կարող է աշխատել։ Եվ ընկերությունը պատասխանել է, որ առկա տվյալների հիման վրա՝ անվտանգ շահագործում հնարավոր չէ․
«Մեր թիմը կարծում է, որ 2016թ-ին անցկացված փորձաքննություններն, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը բավարար չէ հանքի անվտանգ շահագործման համար։ Եվ սա շատ հստակ գրանցված է մեր եզրակացությունում»։
Ազգակցական կապեր Ամուլսարի հանքի գործում
Հայկական լրատվամիջոցներում օգոստոսի 29-ին տեղեկություններ են հայնվել այն մասին, որ Ամուլսարի քրեական գործով զբաղվող քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են։ Infocom.am պորտալի տեղեկությունների համաձայն, Իվանյանն ու Գրիգորյանը հորեղբոր որդիներ են։
Ի դեպ, հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը։
Նախկին նախարարն արյունակցական կապը չի հերքել․
«Այո, մենք ազգականներ ենք։ Ի՞նչ կա։ Մենք հեռավոր ազգականներ ենք։ Փորձաքննությունը հաստատվել է դեռ 2014թ-ին։ 2016-ին, ելնելով նոր հանգամանքներից, որոշակի առանձնահատկություններից, շրջակա միջավայրի վրա ազդեցության ևս մեկ գնահատում է արվել»։
Իսկ օգոստոսի 26-ին հենց Յուրա Իվանյանն էր ասուլիս տվել և հայտարարել , որ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են լինելու։
Երկու եղբայրներից զատ բնապահպանության նախարարությունում է աշխատում նաև քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի քույրը։ Նա կենսաբազմազանության և կենսաանվտանգության ոլորտի քաղաքականության բաժնի պետն է։
Չնայած այս ամենին՝ Քննչական կոմիտեն վստահ է, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցներն անաչառ հետաքննություն ապահովելու համար։
Հանքի մասին
Ամուլսարի հանքը Հայաստանի ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է։ Այն Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա է գտնվում և տեղակայված է Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը մոտ 31 տոննա հանքանյութ և 40 տոննա մաքուր ոսկի է պարունակում։
«Lydian»-ը ոսկու հանքը հայտնաբերել է դեռ 2005թ-ին։
Մինչև 2012թ-ն ընկերությունը ներդրողներ էր փնտրում և մշակում հանքի շահագործման ծրագիրը։ Նույն 2012թ-ին «Lydian»-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել հանքի շահագործման մասին, ընկերությունը իրավունք է ստացել շահագործել այն։
Հանքի շահագործման դեմ բողոքը սկսվել է դեռ 2011թ-ին։ Դրան մասնակցում էին հարակից տեղայնքի բնակիչներն ու բնապահպանները։ Նրանք կարծում են, որ ոսկու արդյունահանումը կարող է բացասաբար անդրադառնալ Ջերմուկ քաղաքի, Սևանա լճի և որոշ գետերի վրա։ Այդ ժամանակ ստեղծվեց «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը։ Այն հայտարարում էր․
«Թույլ չենք տա փչացնել Ջերմուկն ու Ջերմուկի երիտասարդության ապագան»։
2012թ-ին հանքի շահագործման դեմ արդեն ստորագրահավաք սկսվեց։ Ակտիվիստները բազմիցս փակել են հանքի ճանապարհները ու խոչընդոտել ծանր տեխնիկայի աշխատանքին։ Իսկ 2018թ-ին նրանք հասան հանքում աշխատանքների կասեցմանը։
Այդ նույն տարում Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց շրջակա միջավայրին վնաս հասցնելու կասկածանքով։ Բոլոր հարցերի պատասխանները պետք է տար միջազգային փորձաքննությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ դրական եզրակացության դեպքում Ամուլսարի հանքը շահագործվելու է․
«Եթե փորձաքննությունը հիմնավորի, որ շահագործումն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի համար, նախագիծը կիրականացվի։ Սակայն, եթե սպառնալիք կա, ես որպես վարչապետ չեմ կարող թույլ տալ դրա շահագործումն՝ անկախ ամեն ինչից»։
Ինչո՞ւ է Ամուլսարի հանքն այդքան կարևոր
Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը ստացել է «Lydian» ընկերությունը, որի ներդրումային փաթեթն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորներից մեկն էր։ Կառույցը հայտարարել է 325 մլն դոլարի մասին։ Ենթադրվում էր, որ նախնական փուլում՝ շինաշխատանքներում, կներգրավվի 1300 մարդ, իսկ շահագործման փուլում՝ 770 աշխատակից։
Հանքի շահագործումն, ընկերության հաշվարկով, պետք է ապահովի Հայաստանի ՀՆԱ տարեկան 1,4%, կամ 185 մլն դոլարի աճ։
«Lydian» ընկերությունը հավակնում է լինել Հայաստանի խոշորագույն հարկատուների հնգյակում՝ պետբյուջե վճարված 50 մլն դոլար հարկի ցուցանիշով։ Իսկ արտահանման ցուցանիշներն, ըստ նախնական հաշվարկի, կարող են հասնել տարեկան 286 մլն դոլարի։