«Կանադան կաջակցի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»․ դեսպան Էլիսոն ԼըՔլեր
Հայաստանում Կանադայի դեսպանի բացառիկ հարցազրույցը
Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերը Երևան էր այցելել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։ Նա համատեղության կարգով Կանադայի դեսպանն է նաև Ռուսաստանում և Ուզբեկստանում, նստավայրը Մոսկվայում է:
Կանադայի կառավարությունը որոշել է Հայաստանում բացել լիարժեք դեսպանություն, այն միակը կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում։
JAMnews-ին հաջողվել է Երևանում հանդիպել տիկին ԼըՔլերի հետ և զրուցել Կանադայի հետ համագործակցության խորացման և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանման մասին։
- Եվս մեկ պրոհայկական բանաձև Ֆրանսիայից․ ինչպիսի՞ աջակցություն ակնկալել
- Հայաստանի բարեփոխումները համապատասխանո՞ւմ են ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին. կարծիքներ
- «Հայ-ռուսական ռազմական կապերը դադարեցնելու ժամանակն է»․ կարծիք
- «Ռուսաստանի հետ մնալն ավելի մեծ ռիսկ է ՀՀ-ի համար, քան ԱՄՆ-ի հետ նոր դաշինքը»։ Կարծիք
Բացառիկ հարցազրույց Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերի հետ
– Հայաստանում Կանադայի դեսպանատունն այս պահի դրությամբ միակը կլինի տարածաշրջանում։ Սա շատ ուրախալի է։ Կցանկանայի իմանալ, թե ինչի հետ է կապված այս որոշումը։ Իհարկե, Հայաստանը շահագրգռված է մեր երկու երկրների միջև ավելի սերտ համագործակցության զարգացման հնարավորություններով։ Ի՞նչ է նախատեսվում, կա՞ գործողությունների ծրագիր և ո՞ր ուղղություններով։
— Ուրախ եմ այս հարցով սկսել մեր հարցազրույցը, բայց, առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ ընձեռնված հնարավորության համար։ Դեսպանատուն բացելու որոշումն ընդունվել էր անցյալ տարվա ամռանը Արտաքին գործերի նախարար, մեծարգո Մելանի Ժոլիի կողմից։ Այն հիմնված էր նախկին արտգործնախարար Ստեֆան Դիոնի՝ այժմ Ֆրանսիայում Կանադայի դեսպանի և ԵՄ-ի և Եվրոպայի հարցերով վարչապետի հատուկ բանագնացի զեկույցի վրա:
Մոտ մեկուկես տարի առաջ նրան հանձնարարվեց ուսումնասիրել, թե Կանադան ինչպես կարող է ավելի լավ աջակցել հայկական ժողովրդավարությանը: Նրա զեկույցը ներառում էր 11 առաջարկություններ՝ հիմնված լայնածավալ վերլուծությունների և հետազոտությունների վրա: Հայաստանում շատերն են իրենց ներդրումն ունեցել այս գործում։ Դեսպանատան բացումն այդ առաջարկություններից մեկն էր։ Կարծում եմ՝ կարևոր է իմանալ, որ Կանադայում շատ ուժեղ կանադահայ համայնք կա: Նրանք երկար ժամանակ հանդես էին գալիս այստեղ դեսպանատուն բացելու օգտին, և վստահ եմ՝ նրանց ձայնը լսելի է եղել, բայց հենց այդ առաջարկությունն է եղել դեսպանատուն բացելու վերաբերյալ կառավարության որոշման կատալիզատորը:
— Կանադական կողմն ինչպե՞ս է գնահատում, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի իշխանությունների իրականացրած ժողովրդավարական բարեփոխումները։ Կարո՞ղ ենք հուսալ, որ Կանադան կաջակցի այդ բարեփոխումներին։
— Կարճ պատասխանն է՝ այո, բայց ես կցանկանայի ավելի մանրամասն անդրադառնալ։ Նորից պետք է վերադառնամ զեկույցին, քանի որ այն մեծամասամբ վերաբերում է այդ խնդրին՝ ինչպե՞ս կարող է Կանադան ավելի լավ աջակցել հայկական ժողովրդավարությանը և ժողովրդավարական բարեփոխումներին: Այլ կերպ ասած՝ մենք ի սկզբանե պատրաստ էինք աջակցություն ցուցաբերել։ Մենք դա անում ենք նաև հիմա՝ շնորհիվ Մոսկվայից [Ռուսաստանում Կանադայի դեսպանատունը միաժամանակյա հավատարմագրմամբ նաև Հայաստանում և Ուզբեկստանում է աշխատում- JAMnews] իրականացվող մեր աշխատանքի ՝ մեր փոքրիկ աջակցության ծրագրով, որով օգնում ենք համայնքային նախագծերին:
Ունենք նաև խորհրդարանական բարեփոխումների լուրջ նախագիծ։ Մեր խորհրդարանականները մշտական համագործակցության մեջ են։ Խորհրդարանն, իհարկե, ունի քաղաքական գործառույթ՝ որպես ժողովրդավարության անկյունաքար, և Հայաստանի խորհրդարանը շատ է աշխատում Կանադայի Խորհրդարանական կենտրոնի [Կանադայի անկուսակցական ոչ կառավարական կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է ներառական և հաշվետու ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելով – JAMnews ] հետ այն ուղղությամբ, թե ինչպես ամրապնդել ժողովրդավարական գործընթացներն ու խորհրդարանի գործունեությունը։
Կարծում եմ՝ սա ևս մեկ օրինակ է նրա, որ Հայաստանի հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով մեր երկխոսությունը հիմնականում վերաբերում է նրան, թե ինչպես աջակցել և խրախուսել այն հավակնոտ օրակարգը, որը Հայաստանն ընտրել է իր համար:
— Հնարավո՞ր է երկու երկրների համագործակցություն հասարակական սեկտորում: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս:
— Մենք կարող ենք բացահայտել բազմաթիվ ընդհանուր արժեքներ և առաջնահերթություններ, որոնք կիսում են Հայաստանը և Կանադան։ Այն, ինչ անպայման գալիս է իմ մտքին, և գուցե նաև Ձեր, գենդերային հավասարության, կանանց տնտեսական հզորացման, բազմազանության խթանման և սոցիալական բազմազանությունը որպես առավելություն ընկալելու հարցերն են։ Դա իսկապես մեր արտաքին քաղաքականության հիմքն է։
Մենք խոսեցինք ֆեմինիստական արտաքին քաղաքականության մասին։ Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունն այնպիսի քաղաքականություն է, որը ձգտում է հավասարեցնել, ստեղծել պայմաններ, որոնց դեպքում ցանկացած մարդ կարող է իրացնել իր իրավունքները: Իմ այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել կառավարությունում, կրթության նախարարությունում, խորհրդարանում, միջազգային կազմակերպություններում, արտաքին գործերի նախարարությունում։ Եվ ամենուր ես լսում էի այդ ուղերձը նորից ու նորից: Դա այն է, ինչին ձգտում է Հայաստանը։ Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք այն մասին, թե Կանադան ինչպես կարող է աջակցել դրան:
— Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, կանադացի ձեռներեցները կարո՞ղ են հետաքրքրված լինել Հայաստանում աշխատելով, և կա՞ն ոլորտներ, որտեղ կարելի է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Կարո՞ղ ենք ներդրումներ ակնկալել Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներում։
— Իհարկե, ես ներուժ տեսնում եմ: Տեղեկատվական տեխնոլոգիաները կլինի մեկն այն ոլորտներից, որտեղ և՛ Կանադան, և՛ Հայաստանը լավ հնարավորություններ ունեն: Մենք ունենք ՏՏ ընկերություններ, որոնք այժմ գործում են Հայաստանում, որոնք հիմնադրվել են հայազգի կանադացիների կողմից, ովքեր վերադարձել են իրենց հայրենիք այդ ընկերությունները բացելու համար։ Սրանք դրական պատմություններ են, բայց մեր առևտրի ծավալը դեռևս փոքր է, և մենք համաձայն ենք, որ դրա վրա արժե կենտրոնացնել ուշադրությունը:
Ի՞նչ հնարավորություններ կան: Ինչի՞ մեջ է ներուժը: Կարծում եմ, որ երկու երկրներն էլ գյուղատնտեսության ոլորտը դիտարկում են որպես բարձր ներուժ ունեցող։ Եվ հենց դրանում մեծ դեր կարող են խաղալ տնտեսական լայն իրավունքներ ունեցող կանայք։
Արդյունահանող արդյունաբերությունը հաճախ շոշափվող թեմա է, բայց միևնույն ժամանակ այն ոլորտներից է, որտեղ Կանադան կարող է հանդես գալ իսկապես արժեքավոր առաջարկով: Դրա արժեքը կայանում է ոչ միայն տեխնիկական փորձաքննության մեջ, այլև ժամանակի ընթացքում ձևավորված մեծ թվով հասարակական պրակտիկաների, որոնք մենք, անշուշտ, ցանկանում ենք ուսումնասիրել՝ որպես Հայաստանում և Կանադայում տնտեսական բարգավաճման և ժողովրդավարության մեջ ներդրումների խթանման միջոց: Սա բացարձակապես փոխշահավետ համագործակցություն է։
Սրանք հիմնական ոլորտներն են, բայց ես կավելացնեի նաև «մաքուր» տեխնոլոգիաները, մյուս առաջնահերթությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարն է։ Կրթությունը ևս մեկ ոլորտ է, որը մենք իսկապես կցանկանայինք զարգացնել:
— Ադրբեջանի հետ հակամարտության և այն իրավիճակի մասին, որում հայտնվել է Հայաստանը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անցյալ տարվա մայիսից պահանջում է հետ քաշել զորքերը և կոչեր է անում միջազգային հանրությանը, բայց ապարդյուն։ Հասցեական գնահատականի բացակայությունը հանգեցրեց նրան, որ սեպտեմբերին Ադրբեջանը շարունակեց ներխուժումը Հայաստանի տարածք։ Հետաքրքիր կլիներ լսել Կանադայի իշխանությունների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։
— Իհարկե, սա սարսափելի իրավիճակ է։ Սա մի իրավիճակ է, որին մենք խորը մտահոգությամբ հետևել ենք ամբողջ ընթացքում՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմից, որին մենք առանձնակի ուշադրությամբ հետևում էինք, և շարունակելով էսկալացիայի հետագա դրվագներով։
Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին, և այն, ինչ շարունակում է տեղի ունենալ, խիստ մտահոգիչ է։ Մենք այդ մտահոգությունն արտահայտել ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կերպով, մասնավորապես նշել ենք մեր մտահոգությունները հայկական ենթակառուցվածքներին հասցված վնասների և Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առկայության վերաբերյալ։
Մենք շարունակում ենք բարձր մակարդակի քննարկումները Հայաստանի պաշտոնյաների հետ և, իհարկե, այլ ձևաչափերով։ Մենք, ինչպես և Հայաստանը, շատ ենք ցանկանում գտնել խաղաղության ճանապարհը և ընդգծել, որ երկու կողմերն էլ պատրաստ են գտնել խաղաղության այդ ճանապարհը։ Մեծ հույսեր ունենք, որ քննարկումները, որոնք այժմ տեղի են ունենում, կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ճանապարհը չի գտնվել։
— Ընդհանուր առմամբ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի հետ ավելի սերտ կապերի հաստատումը, ո՞ր ոլորտներում են շանսերն ու հնարավորություններն ավելի մեծ արդյունավետ համագործակցության համար։
— Կարծում եմ՝ համագործակցության, ինստիտուցիոնալ փոխգործակցության ամենազարգացած ոլորտը ներկայումս խորհրդարանական համագործակցության տիրույթում է։ Եվ երկու կողմերն էլ տեսնում են, որ ազդեցությունն արդեն բավական մեծ է, բայց նաև տեսնում են, որ կարելի է հասնել ավելիին։
Երկու-երեք տարի է, ինչ ներդնում ենք մեր համատեղ ջանքերը այդ հարաբերությունների զարգացման գործում, և կարծում եմ, որ այդ համագործակցության շարունակականությունը միանգամայն անհրաժեշտ է։ Դրանից բացի, կարծում եմ, որ կանանց տնտեսական հզորացումը մի բան է, որը մենք սահմանել ենք որպես առաջնահերթություն: Կցանկանայի հիշատակել նաև այն ոլորտը, որտեղ Դուք աշխատում եք՝ տեղեկատվական, մեդիա։ Անկախ լրատվամիջոցների դերը ժողովրդավարության մեջ անչափելի է։ Եվ մենք բոլորս գիտենք, որ այն վտանգի տակ է ամբողջ աշխարհում։ Այսպիսով, դա մի բան է, որի վրա մենք շատ ենք աշխատում, և դրա մասին պետք է ավելի շատ խոսենք՝ համագործակցության ուղիներ գտնելու համար:
Հայաստանում Կանադայի դեսպանի բացառիկ հարցազրույցը