Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հայեցակարգ։ Ի՞նչն այն չէր
Հայաստանը նոր առաջարկներ է նախապատրաստել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Ինչպես հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ռուսական կողմի միջոցով Ադրբեջանին է փոխանցվել միջոցառումների փաթեթը, որոնք ուղղված են լարված իրավիճակի թոթափմանը, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ու կայունության մակարդակի բարձրացմանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն հասցրել է հայտարարել, որ Բաքվի համար անընդունելի են «Երևանի նախապայմանները սահմանազատման հարցում»։ Հայաստանը հակադարձել է, թե ոչ մի նախապայման չկա։
Այն ամենն, ինչ հայտնի է Հայաստանի առաջարկների մասին, որոնց համաձայն չէ Ադրբեջանն՝ ըստ երկու կողմերի հայտարարությունների։
- Հայաստանը՝ ճնշման տակ․ ի՞նչ է ուզում Բաքուն, ի՞նչ է սպասում Ռուսաստանը։ Մեկնաբանություն Երևանից
- Երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի հետ․ Երևանը սկսում է աշխատանքը
- Հայաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ճիշտ ընտրության երաշխիք չկա
«Զորքերի հայելային հետ քաշում»
Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել առաջարկների վերաբերյալ, քանի որ դրանք դեռ քննարկման փուլում են, սակայն հաղորդել է, թե դրանք բխում են զորքերը հայելային եղանակով հետ քաշելու հայեցակարգից, որի մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարող եմ միայն ասել, որ խոսքը գնում է խորհրդային սահմանները որպես գործընթացի հիմք ընդունելու մասին», — բացատրել է Արարատ Միրզոյանը հայկական խորհրդարանի պատգամավորներին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ, թեև ներկայացված հայեցակարգով նախատեսվում է զորքերը հետ քաշել, Հայաստանի ոչ մի բնակավայր կամ ճանապարհ անպաշտպան չի մնա։
Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանի առաջարկը բազմիցս քննադատել են տեղի քաղաքագետներն ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ հենց այդ տեսանկյունից։
Մասնավորապես, զորքերի հայելային հետ քաշումն օմբուդսմենը համարում է «սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում, որը հակադրվում է մարդու իրավուքների պաշտպանության մեխանիզմներին»։
«Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով, մեր քաղաքացիները չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Հետևաբար, այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները», — հայտարարել էր Արման Թաթոյանը։
Հայաստանում քննարկվում է, թե արդյոք Հայաստանի որևէ բնակավայր անպաշտպան չի մնա, քանի որ սահմանն անցնում է հենց գյուղերի հարևանությամբ։ Այս առնչությամբ արդեն մեկնաբանություններով է հանդես եկել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պարագայում երկրի տարածքի ոչ մի հատված չեզոք գոտում չի հայտնվի․
«Մեր առաջարկությունները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով, լուծումն այդպիսինն է բնակավայրերի դեպքում»։
«Նախապայմաններն անընդունելի են»
Բաքվից այս թեմայով փոխանցում են Ադրբեջանի նախագահի օգնականի հաղորդագրությունը։ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Երևանը պետք է ճիշտ գնահատի նոր աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում և դրանցից եզրակացություններ անի»։
Ավելի ուղիղ պատասխան պաշտոնական Բաքուն տվել է նախօրեին՝ հունվարի 19-ին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Վիեննայում կայացած հանդիպմանն ասել է, որ Բաքվի համար անընդունելի են սահմանազատման մեկնարկի նախապայմանները։
Ընդ որում, ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղկացուցիչ է, Բաքուն ցանկանում է այն անհապաղ սկսել, սակայն «առանց նախապայմանների»։
Դեռևս չի հաղորդվում, թե ինչ նախապայմանների մասին են ակնարկում Ադրբեջանի իշխանությունները։
«Հայկական կողմը նախապայմաններ չունի»
Արդեն կա հայկական կողմի պատասխանն այն մասին, որ ներկայացված հայեցակարգում նախապայմաններ չկան։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ենթադրում է, որ «հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա», քանի որ ներկայացված փաստաթղթում խոսքը գնում է ոչ թե նախապայմանների, այլ պայմանավորվածությունների մասին․
«Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:
Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»։