Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը. ի՞նչ զինատեսակներ են գնվում և ի՞նչ ծավալներով
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը
Հայաստանում հասարակությունն ակտիվորեն քննարկում է երկրի ռազմական ծախսերը և դրանք համեմատում Ադրբեջանի ծախսերի հետ։ FIP.am «Փաստերի ստուգման հարթակը» հայտնում է, որ 2020 թվականին Հայաստանը եղել է երկրորդ ամենառազմականացված երկիրն աշխարհում և առաջինը՝ Հարավային Կովկասում։ 2021 թվականին Հայաստանը դարձավ հինգերորդը, իսկ Ադրբեջանը՝ երրորդը։ Այնուամենայնիվ, այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել զգալի անհամաչափությունը «թվերի բացարձակ արժեքների», այսինքն՝ իրական ծախսերի միջև։
Օրինակ՝ 2020 թվականին Հայաստանի կողմից ռազմական կարիքների վրա ծախսվող բյուջեի 17 տոկոսը շատ ավելի համեստ է, քան Ադրբեջանի կողմից ծախսված 13 տոկոսը՝ բուն բյուջեների տարբերության պատճառով։
Այս բոլոր փաստերը FIP.am-ը մեջբերում է այն պատճառով, որ հայկական ԶԼՄ-ներում Հայաստանի ռազմական ծախսերի թեման «բազմաթիվ մանիպուլյացիաների ու շահարկումների առարկա է դարձել»։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայանում է որպես անկախ լրատվական հարթակ։ FIP.am-ի նպատակն է պաշտոնյաների, պաշտոնական մարմինների և լրատվամիջոցների կողմից հրապարակված՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների բացահայտումը, ապատեղեկատվության տարածման կանխումը:
Տեղեկատվություն, որը հրապարկել է «Փաստերի ստուգման հարթակը»՝ ուսումնասիրելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները և դրանց առանձնահատկությունները
Գնումների ֆինանսավորման աղբյուրները
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետական բյուջեում ռազմական և պաշտպանական ծախսերի համար համեմատաբար մեծ գումարներ են հատկացնում՝ դասվելով աշխարհի ամենառազմականացված երկրների շարքին։ Ըստ Global Militarization index-ի 2020 թվականի տվյալների՝ Հայաստանը աշխարհում երկրորդ, իսկ Հարավային Կովկասում առաջին ամենառազմականացված պետությունն էր։ 2021 թվականի ցուցանիշներով՝ Հայաստանը աշխարհում հինգերորդն էր, Ադրբեջանը՝ երրորդը՝ Իսրայելից և Օմանից հետո։
Երկրների ռազմական ծախսերի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը պետական բյուջեով համապատասխան հատկացումներն են։ Հայաստանի դեպքում այս հատկացումները տրվում են Պաշտպանության նախարարությանը։ Ադրբեջանը ռազմական ծախսերի համար հատկացված միջոցները տրամադրում է Պաշտպանության նախարարությանը, Պետական սահմանապահ ծառայությանը, Պետական անվտանգության ծառայությանը և Արտաքին հետախուզության ծառայությանը։
Զենքերի առուվաճառքի և դրանց արժեքների վերաբերյալ հիմնական աղբյուրը մասնագիտացված կազմակերպություններն են, մասնավորապես՝ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)։
Այս տվյալները, սակայն, ամբողջական չեն․ բազմաթիվ ռազմական գործարքներ և դրանց արժեքներ կարող են գաղտնի մնալ տարբեր պատճառներով։
Ռազմական ծախսերի ընդհանուր պատկերը
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը շուրջ 20 տոկոսով ավելացրեց երկրի ռազմական բյուջեն՝ $2․2 միլիարդից հասցնելով տարեկան $2․6 միլիարդի՝ 2021 և 2022 թվականների համար։
Հայաստանը ռազմական ծախսերին հատկացվող գումարները զգալիորեն ավելացրել էր 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ հասցնելով ՀՆԱ-ի շուրջ հինգ տոկոսին՝ այս հարաբերակցությամբ գերազանցելով Ադրբեջանին։
2021-ին Հայաստանը պետական բյուջեից ՊՆ-ին հատկացրել էր շուրջ $600 մլն, իսկ 2022-ին ռազմական ծախսերն ավելացրել ավելի քան 10 տոկոսով՝ հասցնելով $750 միլիոնի։
2021 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4․4 տոկոսը, Ադրբեջանինը՝ 5․3 տոկոսը։
Արցախյան առաջին պատերազմից հետո՝ սկսած 1995 թվականից, Հայաստանը ռազմական և պաշտպանական ծախսերի համար հատկացրել է շուրջ 9 միլիարդ դոլար։ Ադրբեջանի ռազմական ծախսերը նույն ժամանակահատվածի համար շուրջ 5 անգամ ավելի են։
Չնայած թվերի բացարձակ արժեքների էական անհամաչափությանը՝ Հայաստանը 2020 թվականին ռազմական ծախսերին ուղղել է բյուջեի 17%-ը, Ադրբեջանը՝ 13%-ը:
Թեպետ երկու երկրները ռազմական հատկացումների հարաբերական մեծությամբ աշխարհում առաջատարներից են, Ադրբեջանի տնտեսության թռիչքաձև աճը մեծապես ազդել է նրա ռազմական գնումների քաղաքականության վրա։ Այսպես, Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է ռազմական հատկացումները 2006 թվականին՝ հայտնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումից հետո, ինչպես նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին նախորդող մի քանի տարիներին։
Հետաքրքիր է նաև, որ 2020 թվականին՝ պատերազմից անմիջապես առաջ, Ադրբեջանը կրկին մեծացրել էր ռազմական ծախսերը՝ շուրջ 17 տոկոսով, մինչդեռ Հայաստանը կրճատել էր 2․6 տոկոսով։
Ինչպե՞ս է Հայաստանը բաշխում իր ռազմական բյուջեն
Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի ռազմական ծախսերի մասին միակ պաշտոնական աղբյուրը պետական բյուջեն է, որտեղ առանձնացված են հիմնական ուղղություններով հատկացումները։ Ռազմական ծախսերի աճը Հայաստանում հիմնականում համեմատելի է եղել տնտեսական աճի հետ, թեև երբեմն նաև գերազանցել է ՀՆԱ-ի աճի տեմպերին։
Այսպես, վերջին 10 տարվա ընթացքում՝ 2012-2021 թվականներին, Հայաստանի ռազմական բյուջեն 155 միլիարդ դրամից [մոտ 352 միլիոն դոլար] դարձել է շուրջ 312 միլիարդ դրամ [մոտ 705 միլիոն դոլար] կամ աճել է 2 անգամ։ Նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ն աճել 1․6 անգամ։ 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարությանը հատկացվել է շուրջ 345 միլիարդ դրամ [մոտ 784 մլն դոլար]։
ՊՆ-ին տրվող հատկացումները 2018 թվականի բյուջեով նկատելիորեն ավելացել են՝ 209 միլիարդ դրամից դարձնելով 247 միլիարդ [մոտ 475-561 մլն դոլար], որից 238 միլիարդը [մոտ 540 միլիոն դոլար]՝ ռազմական կարիքների բավարարման համար։
Հայաստանի ռազմական բյուջեի աճը հիմնականում համընկնում է ընդհանուր աճի հետ, և, որպես կանոն, հատկացումները տատանվել են ՀՆԱ-ի 3-4 տոկոսի սահմաններում։
Ուշագրավ է, որ Հայաստանը նվազեցրել է ՊՆ-ին հատկացումները 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներից հետո։
Պետական բյուջեի և դրանում ռազմական ծախսերի մասին տվյալները ամբողջական չեն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում, երբ Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի դեմ և գտնվում հետխորհրդային շրջանի ճգնաժամում։
Այնուամենայնիվ, այս տարիներին Հայաստանը ձեռք էր բերել մեծ քանակի զենք Ռուսաստանից, ինչն էլ որոշիչ ազդեցություն էր ունեցել պատերազմի ընթացքի վրա։
Ըստ պետական բյուջեի ցուցանիշների՝ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, Պաշտպանության նախարարությանը հատկացվել է ընդհանուր 639 միլիարդ դրամ [մոտ 1 մլրդ 452 մլն դոլար]։
Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում՝ ներառյալ 2018 թվականը, Հայաստանը ՊՆ-ին հատկացրել է 1 տրիլիոն 828 միլիարդ դրամ [մոտ 4 մլրդ 154 մլն դոլար]։ Իսկ արդեն «թավշյա հեղափոխությանը» հաջորդած չորս տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակահատվածում (2019-2022 թթ.)՝ 1 տրիլիոն 272 միլիարդ դրամ [մոտ 2 միլիարդ 890 միլիոն դոլար]։
Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել, որ երկրի ՀՆԱ-ն 2000-ականների համեմատ զգալիորեն աճել է, ինչն արտացոլվում է ռազմական ծախսերի հատկացումների ցուցանիշներում։
Ի՞նչ զենքեր են գնում
Հայաստանի զենքի առևտրի հիմնական, եթե չասենք՝ միակ խոշոր գործընկերը Ռուսաստանն է։ Ռուսաստանից է Հայաստանը ստանում իր զենքի ավելի քան 95 տոկոսը։
Տարիներ առաջ նույն իրավիճակն էր նաև Ադրբեջանի դեպքում, սակայն վերջին տասնամյակում այդ երկիրը դիվերսիֆիկացրել է զենքերի մատակարարումը՝ գնելով հսկայական քանակի զենք և զինամթերք Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։
Ըստ SIPRI-ի 2015-2019 թթ. Ռուսաստանին է բաժին ընկել Ադրբեջանի ռազմական գնումների ընդամենը 31%-ը՝ 2009-2013 թթ. 80%-ի համեմատ:
Մայիսի 16-ին Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի վերջին գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը։ Խոսքը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այս կազմակերպության անդամ մյուս երկրների մասին է։
Նախկինում, ի պատասխան նման քննադատության, Պուտինը ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն անվանել էր «պարզապես բիզնես»:
2020 թվականի պատերազմի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներին և նրանցից ձեռք բերված զենքերի հիմնական տեսակներին։
Ադրբեջանին զենք կամ ռազմական այլ տեխնիկա մատակարարող երկրների շարքում են ինչպես հայտնի մատակարարներ, այնպես էլ Եվրոպական Միության և Եվրոպայի այլ երկրներ, որոնք տարբեր տարիներին Ադրբեջանին վաճառել են ինչպես փոքր զինատեսակներ, այնպես էլ տեխնոլոգիաներ։
Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարություններ չի արել զենքի նոր տեսակների ձեռքբերման մասին։
Հայաստանը 2022 թ․-ի տարեսկզբին հայտարարեց Ռուսաստանից նոր տրանսպորտային ուղղաթիռներ գնելու մասին, սակայն այս գործարքի արժեքը դեռևս հայտնի չէ։ Մինչ այդ խոշոր գործարքի մասին հայտարարվել էր 2019 թվականին, երբ մոտ 120 մլն դոլարով չորս Սու-30 կործանիչներ էին գնվել։
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը