Հռչակագիր Հայաստանի Չորրորդ Հանրապետության մասին. իշխող կուսակցության մտադրությունները
Հայաստանի Չորրորդ Հանրապետության հռչակում
Հայաստանի իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպես առաջիկա ռազմավարական անելիք է հայտարարել Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը: Կուսակցության համաժողովը միաձայն ընդունել է այդ մասին հռչակագիր:
Փաստաթղթի համաձայն՝ նոր՝ Չորրորդ Հանրապետությունը «հենվելու է 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե՛ ներսից, թե՛ դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա»:
Հռչակագրում նշվում է, որ նման որոշում է կայացվել Երրորդ Հանրապետության պատմության վերլուծության արդյունքում:
«Երրորդ Հանրապետությունը մեզ ոչ մի բանով չի խանգարում և չի խանգարել: Խնդիրն այն է, որ մենք արդեն երկար ժամանակ ապրում ենք Չորրորդ Հանրապետության պայմաններում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական վերլուծաբանները կարծում են՝ նոր հանրապետության հաստատման մասին արձանագրումներով վարչապետ Փաշինյանը «փորձում է խուսափել ազգային աղետի` Լեռնային Ղարաբաղի կործանման պատասխանատվությունից և լուծել իշխանության պահպանման խնդիր»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 7-րդ համաժողովի արդյունքում նոր վարչություն է ընտրել: Այն 20-հոգանոց կազմ ունի՝ նախկին 15-ի փոխարեն: Շուրջ 880 պատվիրակներից 826-ի ձայներով վարչության կազմում է ընդգրկվել նաև կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էլ ընտրվել է վարչության նախագահ:
- Հայաստանի ԱԱԾ պատվիրակության առաջին այցը Բաքու. ի՞նչ են ակնկալում Երևանում
- Արցախի անկման երկրորդ տարելիցն է, պաշտոնական Երևանը լուռ է
- Հայ գերիների ինքնասպանության փորձերն ու հացադուլները Բաքվում. կարծիքներ Երևանից
«Չորրորդ Հանրապետության հեղինակը ՀՀ ժողովուրդն է». Փաշինյան
Հայաստանի վարչապետն ասում է՝ Երրորդ Հանրապետությունը մեր ժառանգությունն է, բայց թևակոխում ենք նոր փուլ.
«Նոր կտակարանում ասվում է՝ «նոր գինին` նոր տիկերի մեջ»: Երրորդ Հանրապետությունը մեր ինքնությունն է, մեր պետությունն է, մենք սիրում ենք, բայց՝ նոր գինին` նոր տիկերի մեջ:
Չորրորդ Հանրապետությունը հաստատված է, հաստատված է խաղաղությամբ՝ Ալմաթիի հռչակագրի վերահաստատմամբ: Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցիով [նկատի ունի Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացված սահմանազտումը Տավուշ-Ղազախ հատվածում]»:
Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իշխող ուժն ընդամենը Չորրորդ Հանրապետության ձևակերպողն է, իսկ հեղինակը ՀՀ ժողովուրդն է:
Եվս մեկ անգամ արձանագրել է՝ երկար ժամանակ ապրում ենք նոր հանրապետության պայմաններում: Ըստ Փաշինյանի՝ հատկապես խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո դա հնարավոր չէ չնկատել, մնում է միայն մեկ բան՝ «տեսնել, որ այլ երկրում ենք ապրում»:
Ընտրություններից մինչև Նոր Սահմանադրության ընդունում. հռչակագրի դրույթները
Նոր՝ Չորրրորդ Հանրապետության հաստատման համար իշխող ուժը մտադիր է նախ 2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններում ձևավորել սահմանադրական մեծամասնություն.
«Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո [ՔՊ-ն] նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց»:
Նշվում է նաև, որ իշխող ուժը՝
- ակտիվացնելու է Եվրոպական միությանը Հայաստանի անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը,
- շարունակելու է բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիություն հաստատել,
- ջանքեր է գործադրելու խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա,
- քաջալերելու է ապաշրջափակման մեկնարկած գործընթացը և աջակցեկու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին,
- զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանզիմները և ժողովրդավարական ինստիտուտները,
- աջակցելու է կրթության ոլորտի բովանդակային բարեփոխումներին,
- խրախուսելու է ազատ և մրցակցային տնտեսական գործունեությունը:
«Ժողովրդից ստացած մանդատն անտեր չեմ թողնի»
Կառավարության ղեկավարը 2026 թ.–ի խորհրդարանական ընտրություններից առաջ շատ լավատեսորեն է տրամադրված: Արձագանքելով իշխող ուժի վարկանիշի ցածր լինելու մասին պնդումներին՝ Փաշինյանը նկատել է՝ սոցհարցումների արդյունքները տխուր էին նաև 2021 թ.-ին, սակայն ընտրությունների արդյունքները՝ ուրախալի էին կուսակցության համար.
«Իմ ներշնչանքի աղբյուրը ոչ թե սոցիոլոգիական հարցումներն են, այլ ժողովուրդը, ում հետ ես և մեր քաղաքական թիմն ունենք օրգանական կապ, պորտալարով ենք կապված մեր ժողովրդի հետ: Զգում ենք նրա զայրույթն էլ, հիասթափությունն էլ և այդպես շարունակ»:
Փաշինյանի փոխանցմամբ՝ թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ, այդ թվում՝ 5-6 ֆավորիտներ: Անուններ, սակայն, վարչապետը չի հնչեցրել:
Ասում է՝ ինքն ու իր թիմն ունեն ժողովրդի քվեն, դա է պատճառը, որ ընդդիմությունն անընդհատ խոսում է իշխող մեծամասնության մասին:
«Ժողովրդից ստացած մանդատն անտեր չեմ թողնի, բացառվում է: Չեմ կարող արտապատվիրակել նույնիսկ շատ վստահելի մարդկանց»,- հայտարարել է վարչապետը:
Ընդգծել է՝ մանդատը թիմակիցներից որևէ մեկին արտապատվիրակելու համար քաղաքական զարգացումներ են պետք և հավելել՝ արտապատվիրակողը ոչ թե ինքն է, այլ ժողովուրդը:
«Նոր Սահմանադրությունը կընդունվի». իշխանության տեսակետը
Ճեպազրույցի ընթացքում լրագրողները վարչապետից հետաքրքրվել են՝ եթե 2026 թ.-ի ընտրություններից հետո նոր Սահմանադրություն չընդունվի, դա կարո՞ղ է վտանգել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը:
«Կարծում եմ՝ Սահմանադրությունը կընդունվի, որովհետև այս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս ՀՀ սնուցող մայրերի»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:
Իշխող թիմի անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, իր հերթին, նոր Սահմանադրության ընդունումը բնորոշել է որպես «Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատման վերջնակետ»:
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքվի՝ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանն է: Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ի մայր օրենքում «տարածքային պահանջներ» կան: Ադրբեջանական կողմը խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ այն, որ Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
Երևանը պնդում է՝ որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի, հայտարարում, որ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է: Մայր օրենքի փոփոխության և Անկախության հռչակագրին արված հղումը հանելու հարցերը, սակայն, ՀՀ ներսում քննարկման առարկա են դարձել Բաքվի պահանջին զուգահեռ: Մինչ այդ ՀՀ կառավարությունը խոսում էր սահմանադրական փոփոխությունների, այլ ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու մասին:
Մեկնաբանություններ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետությունների պատմության մեջ «Առաջին», «Երկրորդ» և հաջորդ հանրապետությունները սովորաբար ձևավորվում են արմատական փոփոխությունների արդյունքում․ նոր Սահմանադրություն, քաղաքական համակարգի տապալում կամ ազգային աղետից հետո նոր պետական նախագծի ծնունդ։
Հայաստանում Առաջին Հանրապետությունը ծնվեց 1918 թ.-ին, իսկ Երրորդը՝ 1991 թ.-ին՝ անկախության հռչակումից հետո (սուբյեկտություն ուներ և պետական կազմավորում էր նաև ՀԽՍՀ-ն՝ թեև այն Երկրորդ Հանրապետություն հազվադեպ է անվանվում)։
Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Չորրորդ Հանրապետության» մասին, իրականում երկու նպատակ ունի․
- խուսափել ազգային աղետի (Արցախի կործանման, տարածքների կորստի, զոհերի) պատասխանատվությունից,
- քողարկել Ադրբեջանի օգտին սպասվող նոր զիջումները «նոր էջ» բացելու քարոզչությամբ։
Իմ համոզմամբ՝ Երրորդ Հանրապետությունն արդեն փաստացի դադարեց գոյություն ունենալ 44-օրյա պատերազմի և Արցախի կորստի հետ, որովհետև այլևս չկա այն ազգային-պետական նախագիծը, որի վրա կառուցվել էր անկախ Հայաստանը։
Փաշինյանի առաջարկածը ոչ թե Չորրորդ Հանրապետություն է, այլ ադրբեջանական ենթապետության կոնցեպտ, որն ուրանում է Հայաստանի քաղաքական ու քաղաքակրթական հիմքերը։
Խնդիրը չի կարող լուծվել պարտության և նվաստացման խորհրդանիշ իշխանության ձեռքով։
Մեր իրական օրակարգը պետք է լինի նոր ազգային-պետական նախագիծ ստեղծելը, որը կապահովի Հայաստանի անկախության, արժանապատվության և անվտանգության վերականգնումը՝ խիստ ռեալիստական շեշտադրումներով:
Որևէ նոր իշխանության համար արդեն իսկ մեծ նվաճում կլինի Հայաստանի Հանրապետությունը՝ տարածքային այս պարամետրերով պահելը, եթե հաշվի առնենք Փաշինյանի տխուր ժառանգությունը»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Ազատությանն» ասել է.
«Նիկոլ Փաշինյանն այս ամենով լուծում է իշխանությունը պահպանելու խնդիր:
Ինքը պետք է փորձի, այսպես ասենք՝ ջնջել այն, ինչ հանրային մտածողության, գիտակցության, պատկերացումների, ուղենիշների շրջանակում եղել է մինչև պատերազմը, պարտությունը և Արցախի կորուստը, և ստեղծել ինչ-որ նոր իրականություն։ Եվ Չորրորդ Հանրապետություն ասվածը, ըստ էության, տեղավորվում է այդ խնդիրը լուծելու փաթեթի շրջանակում:
Խնդիրը թվերը չեն՝ երրորդ, չորրորդ: Գլխավոր՝ «Իրական Հայաստանի» կոնցեպտը, որ Չորրորդ Հանրապետության հիմքում է, իրականում կենցաղապետություն է:
Պետական նպատակները իջեցվում են կենցաղային նպատակների աստիճանին:
Այդ իմաստով բովանդակային առումով ճշգրիտ և ավելի անկեղծ կլինի, որ հայտարարվի առաջին կենցաղապետության ստեղծումը:
Կենցաղապետություն է, քանի որ պետության գլխավոր նպատակը բարեկեցությունն է համարվել, և խաղաղությունն էլ բարեկեցությանը չխանգարելու համար է պետք: Եթե մենք կենցաղից ավելի նպատակներ ունենանք, դա սպառնալիք է [ըստ իշխող ուժի] մեր անվտանգությանն ու խաղաղությանը: Հետևաբար՝ մենք պետք է տեղավորվենք կենցաղի շրջանակում, որպեսզի ոչ ոք մեզ չսպառնա, և մենք ապրենք խաղաղ:
Իսկ այսօր հայտարարված խաղաղությունը ոչ թե խաղաղություն է, այլ ադապտացիա հարևանների թելադրած պայմաններին»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանի Չորրորդ Հանրապետության հռչակում