Հայաստանում ընդդիմադիր պատգամավորը պատժվել է սոցցանցերում վիրավորական գրառումների համար
Հայաստանում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զրկել է մարդու իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից։
Պատճառը պատգամավորի գրառումներն են Facebook-ի իր անձնական էջում այն մասին, որ նա ատում է «ժեխը, որն իշխանության է բերել Փաշինյանին»։
132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 84-ը, նրանցից 78-ը կողմ է քվեարկել, չորսը ձեռնպահ է մնացել, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ իշխող խմբակցությունն այդ քայլին է դիմել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով։
Նախապատմություն
Նոյեմբերի սկզբից 17 ընդդիմադիր կուսակցություններ պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որն Արցախի տարածքների հանձնման կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել։ Նրանց թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ներկայացուցիչն է Նաիրա Զոհրաբյանը։
Սոցցանցերի իր էջում նա գրել է․
«Ես ատում եմ քեզ, ժեխ [նկատի ունի վարչապետի ընտրազանգվածին], որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:
Նա գրել է նաև, որ «երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե ուզենք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա և իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության»։
Դրանից հետո իշխող խմբակցության պատգամավորները նախագիծ են մշակել Զոհրաբյանին մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին՝ Հայաստանի քաղաքացիների հասցեին այլատյացության լեզվով արված հայտարարության համար։
Իշխող ուժի պատգամավորների մոտեցումը
«Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի կարող ներկայացնել հասարակության շահերը, որի մի հատվածին ժեխ է անվանում», — այսպես է իշխող դաշինքի որոշումը բացատրել պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Խորհդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ չեն մասնակցել հարցի քննարկմանը։
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն իրավիճակը գնահատել են՝ ելնելով Հայաստանի Սահմանադրության դրույթներից։ Մասնավորապես, նրանք խոսել են այն մասին, որ երկրում իշխանությունը ժողովրդին է պատկանում, որն իր կամքն արտահայտում է ընտրությունների միջոցով։ Իսկ ընդդիմադիր պատգամավորն իրեն թույլ է տվել վիրավորական հայտարարություններ, որոնք նսեմացնում են ընտրողների արժանապատվությունը։
Քննարկման ժամանակ ելույթ ունեցողները կարծիք են հայտնել, որ պատգամավորը, որն իրեն նման արտահայտություններ է թույլ տվել, չի կարող գլխավորել մարդու իրավունքները պաշտպանելուն կոչված հանձնաժողովը։
Միաժամանակ, իշխող խմբակցությունը հայտարարել է, որ մտադիր չէ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը «խլել» ընդդիմությունից, Զոհրաբյանին կարող է փոխարինել հենց ԲՀԿ-ի այլ ներկայացուցիչ։
Ի՞նչ է ասում Նաիրա Զոհրաբյանը
Նա կարծում է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է տեսնում Փաշինյանի «ավտորիտար խունտան», որն իր վրա բաց է թողել «սորոսական» պատգամավորներին։
Զոհրաբյանը հայտարարել է նաև, որ կառավարության ղեկավարը «մեկ կամ երկու անգամ չէ, որ ատելություն է արտահայտել շրջապատի մարդկանց նկատմամբ», այդ թվում՝ հոգևորականների․
Զոհրաբյանը կարծում է, որ Փաշինյանը շատ մանրախնդիր է, որ նրան թվում է, թե հանձնաժողովի ղեկավարի դիրքրց զրկվելն իր համար ողբերգություն է դառնալու։ Պատգամավորի կարծիքով, վարչապետը որոշել է հրաժարականից առաջ պատժել իրեն։
Պատգամավորը մեկնաբանել է նաև «ժեխ» բառը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ «ժեխ» է համարում բոլոր նրանց, ովքեր արդարացնում են Արցախում պատերազմի ժամանակ զոհված հինգ հազար զինվորների մահը, իսկ հիմա՝ նաև Ադրբեջանին սահմանակից Սյունիքում Հայաստանի տարածքների հանձնումը։