Հայաստանը՝ ԵԱՏՄ դոնո՞ր. փոքր երկրի մեծ ներդրումը ռուսաստանյան միությանը
Հայաստանը՝ ԵԱՏՄ դոնո՞ր
«Հայաստանը դարձել է ԵԱՏՄ դոնոր, ավելի շատ վճարում է ընդհանուր կաթսային, քան ստանում»,- նախօրեին խորհրդարանում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ կա ԵԱՏՄ բյուջեի բաշխումը վերանայելու անհրաժեշտություն:
Գործող պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ստանում է միության մաքսային ընդհանուր կաթսայի մուտքերի մոտ 1.25%-ը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ երկրի անդամակցության պահից ի վեր միության բյուջեից ստացվող գումարը մշտապես ավելին է եղել նրանից, ինչ երկիրը վճարել է: Մյուս կողմից նկատում է՝ եթե նույնիսկ բյուջեի բաշխման վերանայման հարցը քննարկվի, դժվար թե անդամ երկրներից որևէ մեկը համաձայնի իր տոկոսները տալ Հայաստանին:
Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է 2015 թ.-ի հունվարի 1-ից: Գործող կառավարությունը երբևէ չի քննարկել ԵԱՏՄ-ն լքելու հարց: Սակայն 2017 թ.-ին ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որին անդամակցում էր նաև գործող վարչապետը, խորհրդարան էր ներկայացրել ԵԱՏՄ-ն լքելու օրինագիծ: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պնդում էր՝ այդ միության կազմում մնալը Հայաստանին տնտեսապես ձեռնտու չէ:
Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել վերջին տարում, նաև փորձագիտական կարծիք
- Աշխատատեղերի նոր ռեկորդ Հայաստանում. ինչի՞ արդյունքում
- Ո՞վ է խոսում Լուկաշենկոյի շուրթերով. կարծիք Երևանից
«Հայաստանն ավելի շատ վճարում է ընդհանուր կաթսային, քան ստանում»
Նախօրեին խորհրդարանում նման հայտարարությամբ է հանդես եկել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ 2021 թվականի օգոստոսից հետո է ձևավորվել պատկերը, որը փոխելու համար պետք է քայլեր ձեռնարկել:
«Հայաստանն անցած տարվա կեսերից, ըստ էության, ԵԱՏՄ բյուջե ստացած և վճարած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում»,- շեշտել է Քերոբյանը:
Նախարարի գնահատմամբ՝ «ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնալու» համար ԵԱՏՄ բյուջեի բաշխումը պետք է վերանայվի:
«Աշխատանքներ ենք տանում, որպեսզի նոր խոսակցություն բացվի, նոր քննարկման ցիկլ բացվի»,- հայտնել է նա:
«Ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղմա՞ն»
Օրեր առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ Հայաստան-ԵԱՏՄ երկրներ ապրանքաշրջանառությունը կազմել է 2.8 միլիարդ դոլար:
Նախորդ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 74%-ով:
Փաշինյանի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում «լուրջ հաջողություններ» են գրանցվել:
«Ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները», — ընդգծել էր նա:
Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանից արտահանումն ավելացել է 2 անգամ, իսկ ներկրումը՝ 58%-ով։
Ելույթի ավարտին Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու միության անդամ երկրների հետ՝ «ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման»:
Նույն հանդիպման ընթացքում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ «ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն գործընթացների դրական ազդեցությունը»։
«Անցած տարվա ընթացքում միության անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է առավելագույնին ԵԱՏՄ գոյության ողջ ընթացքում։ Այն գերազանցել է 73 միլիարդ դոլարը»,— նշել էր նա:
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ի սկզբանե հակառակ պատկերն է եղել. Հայաստանին տրվող գումարն ավելին է եղել նրանից, ինչ երկիրը վճարել է: Դժվարանում է ասել՝ ինչն է փոխվել նախորդ տարվա օգոստոսին, ինչպես նշում է նախարար Քերոբյանը:
Պարսյանի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները վերլուծելու համար անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ, որոնց, ամենայն հավանականությամբ, տիրապետում է Պետական եկամուտների կոմիտեն:
JAMnews-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՏՄ բյուջեի բաշխման վերանայմանը, տնտեսագետն ընդգծել է՝ նման բան կարող է լինել միայն անդամ երկրների համաձայնության պարագայում:
«Տոկոսներն արդեն իսկ բաշխված են: Ո՞ւմ հաշվին ենք ավելացնելու, ո՞վ կհամաձայնի իր տոկոսը տալ մեզ»,- հարցնում է նա:
Եվրասիական տնտեսական միությունը լքելու ռիսկեր այս պահին չի տեսնում: Պարսյանի դիտարկմամբ՝ տնտեսական օգուտները շատ են: Օրինակ է բերում դեպի Ռուսաստան և միության անդամ մյուս երկրներ արտահանման աճը, ռուսների ներհոսքը Հայաստան:
«ԵԱՏՄ-ն կապիտալի, աշխատուժի, ծառայության ազատ տեղաշարժ է ենթադրում: Այս տարվա 14.1% տնտեսական աճի մեջ մեծ դեր ունի ռուսների այստեղ գալը, ինչը հենց աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունք է»,- շեշտում է փորձագետը:
Անդրադառնալով միության ներսում արտադրված ապրանքների բարձր մաքսատուրքերին՝ տնտեսագետն ասում է՝ ներքին շուկայի պաշտպանության տեսանկյունից դրական է, «ներկրվող ապրանքը թանկանում է, տեղական արտադրանքը դառնում է ավելի մրցունակ»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանը՝ ԵԱՏՄ դոնո՞ր