Հայաստանը նոր նախագահ ունի․ Վահագն Խաչատուրյանն ընտրվեց
Հայաստանը նոր նախագահ ունի, ընտրվեց Վահագն Խաչատուրյանը, որը մինչ այս զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել։
Նախագահն ընտրվել է երկրորդ փուլով և միայն իշխանականների ձայներով։ Խորհրդարանական ընդդիմությունը որոշել էր չաջակցել իշխանության թեկնածուին և չէր մասնակցում քվեարկությանը։
Նախագահի ընտրությունը, Խաչատուրյանի հնչեցրած մտքերը խաղաղության դարաշրջանի և գերիների վերադարձի մասին։
Նախագահի ընտրության երկրորդ փուլին մասնակցել են միայն իշխող խմբակցության 71 պատգամավորները, բոլորը կողմ են քվեարկել Խաչատուրյանի թեկնածությանը։
Ընտրության առաջին փուլը ժամեր առաջ էր կազմակերպվել։ Այդ փուլի համար անհրաժեշտ էր 81 ձայն, խորհրդարանում 71 պատգամավորով ներկայացված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուներ նաև ընդդիմության ձայների կարիքը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, սակայն, բոյկոտել էին նիստն ու լքել դահլիճը։ Խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել էր, որ «որևէ կերպ չեն մասնակցելու» ՀՀ նախագահի ընտրությանը։
Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին իրեն վստահության քվե տալու համար ու նշել՝ իր համար սա «փորձություն է լինելու»․
«Միշտ փորձությունների ենք ենթարկվում, բայց դրանցից պետք է հաղթանակած դուրս գանք։ Բոլորիս խնդիրը դա է լինելու, համոզված եմ՝ մենք այդ գործում հաջողելու ենք։
Կուզեմ, որ մեր հասարակությունը համոզված լինի, որ հանձինս պետության և պետական ինստիտուտների՝ կստանա այն անվտանգությունը, որ բոլորս ենք ուզում, կապրի այն կյանքով ու կունենա այն ապագան, որի մասին բոլորս ենք երազում»։
ՀՀ Սահմանադրության 127-րդ և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը։
Իր լիազորությունների մասին
Հայաստանի Ազգային ժողովում նախագահի ընտրության հարցը քննարկվում էր մարտի 2-ից։ Ընդդիմադիրները չէին մասնակցում նաև երեկվա քննարկմանը։
Իշխող ուժի թեկնածու Խաչատուրյանը վստահեցրել էր՝ ընտրվելու դեպքում լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը։
«Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում՝ ես լինեմ միայն ձեր նախագահը, ես էլ չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը։ Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը», — իշխող ուժի պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան ասել էր Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ հասարակությունն այսօր մասնատված է, գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, ուստի կարևոր է, որ «նախագահի համախմբող ինստիտուտն աշխատի»։ Խնդիրները, սակայն, պատրաստվում է լուծել ոչ թե միայնակ, այլ ԱԺ-ի, քաղաքացիական ինստիտուտների հետ համագործակցությամբ։ Ասում է՝ այստեղ «իմ ու քո լինել չի կարող»։
Իր ելույթում Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նախագահի աշխատանքը կախված է լինելու նաև իշխանության 3 թևերի աշխատանքից։
Անդրադառնալով նախագահի լիազորությունների սահմանափակ լինել-չլինելու հարցին՝ նա ընդգծել էր, որ լիազորությունները որևէ նշանակություն չունեն, եթե աշխատել են ուզում․
«Նախագահի դերը և լիազորությունները բավական են, որպեսզի հանդես գա որպես իշխանության գլուխ»։
Խաղաղության դարաշրջանի և գերիների վերադարձի մասին
Վահագն Խաչատուրյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահն անելիքներ ունի նաև գերիների վերադարձի հարցով։ Ըստ նրա՝ գերիների և անհետ կորածների հայրենիք վերադարձի հարցը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, բայց հարցի լուծմանը կարող է նպաստել նաև նախագահի ինստիտուտը․
«ՀՀ նախագահն այդտեղ իր անելիքն ունի և շատ անելիք ունի։ Եվ այդ անելիքը պետք է միացվի այն քայլերին, ինչ արվում է այսօր»։
Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ նախագահը պարտավոր է հնարավորությունն օգտագործել, բարձրաձայնել խնդրի մասին և «մեկ օր առաջ գերիների վերադարձի խնդիրը լուծել»՝ հաշվի առնելով նաև տարբեր միջազգային հարթակներում նախագահի ինստիտուտի «ներկայանալի լինելը»։
Հայաստանի առաջնահերթ խնդիրն, ըստ նախագահի, անվտանգությունն է, պաշտպանունակության բարձրացումը։ Մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում նախագահի թեկնածուն շեշտել էր, որ երբ աշխատեն անվտանգային համակարգերը, կզարգանա նաև տնտեսությունը։
«Մենք տնտեսական հաջողություններ կունենանք միայն այն ժամանակ, եթե մեր անվտանգային համակարգերն աշխատեն, երբ զգանք, որ մեր սահմանները պաշտպանված են, երբ տարածաշրջանում այնպիսի մթնոլորտ կլինի, որ պատերազմի վտանգ չի լինի, սահմանները բաց լինեն»։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ձգտի տարածաշրջանում կայունության հաստատման։
Խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ Խաչատուրյանը նշել էր, որ Հայաստանի զարգացումն «այլ կերպ չի տեսնում»։
«Մեր միջից վախերը պետք է հանենք և հասկանանք, որ մեր տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Ունենք հարևաններ, և պետք է կարողանանք նրանց հետ խաղաղ ապրել։ Եթե հասարակության մեջ այլ մտածողություն կա, նշանակում է՝ երկիրը կործանման ենք տանում», — նշել էր Վահագն Խաչատուրյանը։