Պայքար կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ, կյանքի բարելավում․ փոփոխություններ Հայաստանում հեղափոխությունից երկու տարի անց
Կորոնավիրուսի տարածման ֆոնին աննկատ է մնացել անկախ Հայաստանի պատմության կարևոր էջերից մեկը՝ մայիս 8-ին լրացավ թավշյա հեղափոխության հաղթանակի երկրորդ տարին։
Այդ օրը 2018 թ–ին խորհրդարանի պատգամավորները տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման տակ նոր վարչապետ ընտրեցին։ Մարդիկ փողոց էին դուրս եկել գործող իշխանության դեմ։ Եվ պատգամավորները, որոնց մեծ մասն իշխող կուսակցությունն էր ներկայացնում, կառավարության ղեկավար ընտրեցին հեղափոխության առաջնորդին։ Նիկոլ Փաշինյանը գլխավորեց պետությունն ու քաղաքացիներին խոստացավ որակապես նոր կյանք։
- Հեղափոխությունը Հայաստանում հաղթեց երկու տարի առաջ․ արդյոք իրականացան մարդկանց ակնկալիքները և ինչ անելիքներ դեռ կան
- Ամենապոպուլյար անձինք Հայաստանում վարչապետը, նախագահն ու պաշտպանության նախարարն են․ GALLUP International-ի հարցումը
Խոստումներ և իրականություն
Հայկական հեղափոխության կարգախոսները հիմնականում համահունչ էին համաշխարհային պրակտիկայում հայտնի օրինակներին։ Փաշինյանն ու իր թիմը փողոցային ակցիաների մասնակիցներին խոստանում էին հաղթել կոռուպցիան, իշխանական կառույցներից վտարել «երկար տարիներ թալանով զբաղվողներին», բիզնեսը տարանջատել իշխանությունից, բոլոր գործարարներին պարտավորեցնել վճարել հարկերը, ապահովել դատարանների անկախությունն ու արդար ընտրությունների անցկացնել։
Քաղաքագետ Թևան Պողոսյանը նշում է, որ, ինչպես և պատայում է նման դեպքերում, ի սկզբանե հասարակության մոտ մեծ ակնկալիքներ էին ձևավորվել՝ խոստումներին համապատասխան։ Սակայն տնտեսությունը դժվար է այդչափ կարճ ժամկետներում բարելավել, ինչպես նաև ամբողջությամբ ոչնչացնել կոռուպցիան։
«Խոսքերը մեծ էներգետիկա ունեն։ Եթե ասում ես «հեղափոխություն», նշանակում է, որ խնդիրներն էլ պետք է հեղափոխական լինեն»։
Ըստ Պողոսյանի՝ այդ խնդիրները դրվել էին, դրանց հիման վրա էլ հասունացել էին «հեղափոխական սպասումներն», ու այժմ դրանք արդեն կարող են չար կատակ խաղալ իշխանությունների հետ։
Հասարակության զգալի մասը տնտեսական բեկման և կյանքի բարելավման է սպասում։ 2018 թ–ի փողոցային ակցիաներին մարդկանց մասնակցության գլխավոր պատճառներից մեկը սոցիալական ծանր դրությունն էր, ռեսուրսների անարդար բաշխումը։
Տնտեսական աճը հեղափոխությունից երկու տարի անց շոշափելի է՝ ավելի քան 5%, սակայն սովորական մարդիկ չեն կարողացել իրենց վրա դա զգալ։ Փորձագետները կարծում են, որ սա օրինաչափ է։
«Որպեսզի քաղաքացիներն իրոք տարբերություն զգան, մեր պայմաններում պետք է եկամուտները շատ ավելի մեծ տոկոսով, զգալիորեն աճեն։ Սակայն, այնուամենայնիվ, բարելավում կա, և դա են վկայում արտագաղթի տվյալները․ Հայաստանից սկսել են ավելի քիչ մեկնել», — ասում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Ստվերային տնտեսություն
Հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը հայտարարեց, որ ընտրյալներ չկան, և բոլորը պետք է հարկեր վճարեն․ և այդ գործընթացն իրոք մեկնարկեց։ Արդյունքում՝ հարկային մուտքերը 2018 և 2019 թթ–ին աճեցին 44%–ով՝ 2017 թ–ի համեմատ։
Կառավարությունը չխանգարեց այն օլիգարխների գործունեությանը, որոնք ընդունեցին խաղի նոր կանոնները։ Հայաստանը խուսափեց սեփականության վերաբաշխումից։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է, որ իշխանությունը կարողացել է մեկ տարում կրճատել ստվերի մասնաբաժինը 26 տոկոսից մինչև 23 տոկոս։ Սակայն ավելիին հասնելը բարդ խնդիր է, համոզված է փորձագետը․
«Ողջ խոշոր բիզնեսը, որը կապված էր իշխանության հետ, արդեն դուրս է եկել ստվերից։ Այժմ ստվերում է մնացել այն հատվածը, որը շատ դժվար է հարկել։ Դրանք մանր խանութներն են ու ծառայությունների մատուցմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը»։
Տնտեսության հետագա զարգացման համար ներդրումներ են անհրաժեշտ, որոնք դեռ չկան, կարծում է Հրանտ Միքայելյանը։ Միայն ստվերի դեմ պայքարով զարգացում չես ապահովի։ Իսկ ներդրողներն, ըստ նրա, դեռևս չեն շտապում Հայաստան մոտք գործել՝ անկայուն իրավիճակից ելնելով։
Նոր քաղաքական էլիտա
Իշխանության գալուց հետո Փաշինյանը անհրժեշտ համարեց նաև խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել։ Դրանց արդյունքում՝ խորհրդարանի գրեթե ողջ կազմը նորացվեց։ Երկրում երկար տարիներ պաշտոնավարած «Հանրապետական կուսակցությունը» չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի թիմին, ապա այն ձևավորված է այդ թվում երիտասարդ, գիտակ, փայլուն կրթություն ստացած անձանցից, որոնք սակայն մինչ այդ քաղաքականության հետ որևէ կապ չեն ունեցել։
Օրենսդիրից նախորդ իշխանության հետ հեռացան շատ օլիգարխներ, սակայն որակապես զգալի փոփոխություններ տեղի չունեցան, վստահ է Թևան Պողոսյանը․
«Արդյո՞ք կարող է և արդյո՞ք խորհրդարանն արձագանքում է քաղաքացիների խնդիրներին և նամակներին։ Բառացիորեն այսօր քննարկվում էր 2019թ–ի բյուջեի կատարողականը։ Գլխավոր հարցերից մեկը կապիտալ ծախսերն էին, որոնք մասնակի են կատարվել։ Տնտեսության համար դրանց կատարումը կարևոր էր։ Մենք տեսա՞նք խնդրի լուծում։ Պատասխանատուները որևէ ճնշում զգացի՞ն։ Հենց որ իշխող կուսակցությունը հասկանա, որ խնդիրների լուծման համար է մանդատ ստացել, ամեն ինչ կփոխվի։ Այս ընկալումը չկա, սակայն, ըստ ամենայնի, դրա համար նույնպես ժամանակ է պետք»։
Փորձագետները նշում են, որ խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետի ձեռքերում չափազանց մեծ իշխանություն է կենտրոնացել։ Ազգային ժողովն այդ պայմաններում չի կարող, իսկ ներկայիս կազմով չի էլ ցանկանա վերահսկող դեր կատարել։
Մեկ մարդու կա՞մք, թե՞ նոր մշակույթ
Փաշինյանի թիմը փորձագետներից շատերը թույլ են համարում։ Ոմանք հակված են կարծել, որ դա հայկական հեղափոխության առաջնորդի ռազմավարությունն է՝ իր կողքը խարիզմատիկ և վառ անհատականություններ չպահելը։
Ներկայիս պայմաններում բոլոր առանցքային որոշումները հիմնված են մեկ մարդու կամքի վրա, և հարց է առաջանում, որքա՞ն երկարաժամկետ են այդ փոփոխությունները։
Քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծում է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին դեռ վաղ է խոսել։ Երկրում կոռուպցիայի դեմ համակարգային պայքար չկա, կա արդար և ազատ ընտրությունների միայն մեկ շրջան, սակայն վստահություն չկա, որ հետագայում նույնպես այդպես է լինելու։
«Հայտնի բանաձև կա։ Եթե երկիրն ուզում է իրեն ժողովրդավարական համարել, պետք է երեք անընդմեջ սահմանադրական ցիկլով արդար ընտրություններ անցկացնի։ Մեզ մոտ դեռևս միայն մեկն է։ Հենց լինի երեք, կարող ենք համարել, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»։
Այն մասին, որ երկրում չեն կատարվում ապագային միտված հիմնարար բարեփոխումներ, խոսում է նաև տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Ներկայիս ցուցանիշները նա իներցիոն է համարում։ Որպեսզի հասարակությունը չհիասթափվի հեղափոխական գործընթացներից, անհրաժեշտ է մշակել բոլոր ոլորտների զարգացման հստակ ռազմավարություն, վստահ է Թևան Պողոսյանը։