Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին անձնական օգնական կտրամադրեն
Անձնական օգնական հաշմանդամություն ունեցողին
Հայաստանի կառավարությունն անձնական օգնական կտրամադրի հաշմանդամություն ունեցող անձանց: Նպատակը նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը նպաստելն է:
Որոշումը տարածվելու է անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներում ապրող 2450 քաղաքացիների վրա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ մինչ 2024 թվականից որոշման ուժի մեջ մտնելը, միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվելու է ծրագրի փորձնական տարբերակը: Հնարավոր է՝ դրա արդյունքում ընդունված որոշման մեջ փոփոխություններ արվեն:
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական օգնականը ֆիզիկական անձ է, որը՝
- օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը
և (կամ)
- աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու)։
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին անձնական օգնական կտրամադրվի 2024 թվականի հունվարի 1-ից: Որոշման լիարժեք իրականացման համար սոցիալական ոլորտում մինչ այդ կարևոր բարեփոխում կարվի՝ կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ:
Ո՞ւմ է տրամադրվելու ծառայությունը
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ապրում է շուրջ 200 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Կառավարությունը անձնական օգնականի ծառայություն է տրամադրելու առավել կարիքավորներին՝ նրանց, ում ընտանիքը հաշվառված է անապահովության գնահատման համակարգում:
Որոշման նախագծի համաձայն՝ ծառայությունը տրամադրվելու է հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող քաղաքացիներին:
Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ նախատեսում են անձնական օգնական տրամադրել 2450 անձի: Այդ նպատակին է ուղղվելու ավելի քան 5 մլրդ դրամ:
2010 թ. –ին Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին: Անկախ ապրելու և համայնքում ընդգրկվելու իրավունքն ամրագրված է կոնվենցիայի 19-րդ հոդվածում:
Հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների բացառումն ու հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովումը որպես դրույթներ ներառված են Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրում:
2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որով ամրագրված է անձնական օգնականի՝ անկախ կյանքին ուղղված ծառայությունների մասը լինելը։
«Անձնական օգնական կարող է լինել նաև ընտանիքի անդամը»
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ անձնական օգնական կարող է դառնալ ցանկացած չափահաս անձ, որը կանցնի համապատասխան որակավորում ու կհավաստագրվի․
«Անձնական օգնական կարող է լինել նաև ընտանիքի անդամը։ Սա շատ կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձն ունի 10 ժամից ավելի ծառայություն ստանալու կարիք»:
Օգնականը վարձատրվելու է՝ ըստ աշխատած ժամերի: Որոշման համաձայն՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։
Ծրագրի իրագործման արդյունքում պետությունն ակնկալում է՝
- ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքին ուղղված ծառայությունների համակարգը,
- ներդնել մեխանիզմներ՝ ապահովելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների, անկախ կյանքը և համայնքում ներառվելու իրավունքը։
Անձնական օգնական հաշմանդամություն ունեցողին