Հայաստանում երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմն՝ առանց սահմանափակումների կիրառման, բայց վարքի նոր կանոններով
Հայաստանի կառավարությունը մայիսի 14–ին որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև հունիսի 13–ը։
Դա պայմանավորված է կորոնավիրուսով վարակվածների թվի շարունակական աճի հետ՝ մեկ օրում ավելի քան հարյուր դեպքով։
Ի սկզբանե Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է մարտի 16–ին ընդամենը մեկ ամսով։ Այնուհետև ապրիլի 14–ից կառավարությունը որոշեց երկարաձգել այն ևս մեկ ամսով։
Սակայն նախքան դրա ժամկետի ավարտը՝ մայիսի 4–ից թույլատրվեց մարդկանց ազատ տեղաշարժը, սկսեց աշխատել ձեռնակությունների մեծ մասը։
Դրանից հետո էլ սկսվեց վարակման դեպքերի քանակի կտրուկ աճը։
Սակայն արտակարգ դրության ռեժիմն այժմ արդեն սահմանափակումներ չի ենթադրում։ Ավելին՝ չեղարկվում են նախկին արգելքները։ Պարետատունը միայն նոր վարքականոններ է սահմանել, և դրանց խախտման համար մեծ տուգանքներ են նախատեսված։
Բոլոր մանրամասները․ էլ ի՞նչն է սկսելու աշխատել, ինչի՞ համար են տուգանելու, և ե՞րբ են բացվելու սահմանները։
Մայիսի 15–ի դրությամբ առողջապահության նախարարությունը հաղորդում է 184 նոր դեպքերի մասին։ Դա վարակվածների թվի նոր հակառեկորդ է։ Ընդհանուր առմամբ, երկրում 4 044 վարակված կա։ Նրանցից 1 666–ն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ 52 մարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Այս ընթացքում թեստավորվել է 37 476 մարդ։
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
- «Ջերմությունս 37,5 է։ Ի՞նչ անել»։ Մոսկվայում կորոնավիրուսից բուժվելու համար փող և կապեր են պետք։ Անձնական պատմություն
Ի՞նչն է թույլատրվում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը նոր սահմանափակումներ չի ներմուծելու, սակայն փորձելու է «համոզել մարդկանց հետևել անվտանգության կանոններին։
Պարետատունն արդեն ներկայացրել է փոփոխությունների, այսինքն՝ սահմանափակումների չեղարկման նոր ցանկն արտակարգ դրության ժամանակահատվածում։
- Մայիսի 18–ից վերացվելու է հանրային տրանսպորտի և մետրոյի գործունեության արգելքը: Դրա ախտահանման հատուկ կանոններ են սահմանվել։ Հանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
- Վերաբացվելու են առևտրի կենտրոնները:
- Կարող են աշխատել հանրային սննդի բոլոր օբյեկտները։ Մինչ այս թույլատրվել էր միայն սրճարանների և ռեստորանների բացօթյա հատվածների աշխատանքը։
- Թույլատրված է մարզասրահների գործունեությունը։ Մինչ այս դրանք կարող էին ընդունել միայն պրոֆեսիոնալ մարզիկներին։
- Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:
- Գործելու են մանկապարտեզները։
Ընդ որում, դպրոցներն ու համալսարանները չեն բացվելու, իսկ մանկապարտեզներն աշխատելու են, քանի որ, ինչպես նշել է պարետը, աշխատող ծնողների համար բարդ է մանկահասակ երեխաների խնդիրը լուծելը։
Գործունեության բոլոր ոլորտների համար անվտանգության հատուկ կանոններ են սահմանվել։
Վարքի նոր կանոններ
Մայիսի 18–ից Հայաստանի բոլոր բնակիչները ստիպված կլինեն պաշտպանիչ դիմակներ կրել բոլոր փակ տարածքներում։ Իսկ մայիսի 25–ից դրանք պարտադիր կլինեն ամենուր՝ նաև փողոցներում։
Այդ կանոնի խախտման համար տուգանք է նախատեսվում, որի նվազագույնը չափը 100 հազար դրամ է ($200)։
«Կարծում եմ, որ այդ հարցում պետք է հնարավորինս խիստ լինել», — հայտարարել է փոխվարչապետ, պարետ Ավինյանը։
Նրա խոսքով՝ կարելի է կրել նաև սեփական ձեռքերով կարված դիմակներ, անգամ շարֆեր։
Ըստ նոր կանոնների՝ «հանրային միջոցառումներին» կարող են մասնակցել մինչև հինգ հոգանոց խմբեր։ Սակայն, ինչ նկատի ունի պարետատունը՝ «հանրային միջոցառումներին» ասելով, դեռ պարզաբանված չէ։
Վերսկսում է ավիահաղորդակցությունը
Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթները վերսկսվելու են մայիսի 15–ից։
«Ռուսաստանից Հայաստան օրական երկու անգամ կանոնավոր չվերթներ կսկսվեն, որոնք թույլ կտան մեր քաղաքացիներին հայրենիք վերադառնալ։ Բոլոր վերադարձածները պետք է ինքնամեկուսացման խիստ ռեժիմ պահպանեն», — հաղորդել է պարետը։
Վերսկսվելու են նաև չվերթները Հայաստանից դեպի եվրոպական երկրներ։ Մասնավորապես, WizzAir բյուջետային ավիաընկերությունը պլանավորում է վերսկսել դրանք արդեն հունիսի կեսերից։
Սակայն դեռ չի որոշվել, թե երբ են բացվելու ցամաքային սահմանները։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայաստանցի օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել արտակարգ դրության նոր վարքականոնները։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Պետք է ուժեղացնել վերահսկողությունը։ Ամենուր գրված է, որ առանց դիմակների և ձեռնոցների մուտքն արգելված է, սակայն անգամ աշխատակիցները չեն պահպանում այդ կանոնները, էլ ուր մնաց հաճախորդները։ Ոչ մի տեղ ոչ ոք ոչ մի բանի չի հետևում»։
«Առաջարկում եմ, որ հանրային տրանսպորտում, ինչպես պոլիկլինիկաներում, մեկը լինի, ով կչափի ուղևորների ջերմությունը։ Նրանց, ում ջերմությունը նորմայից բարձր է, պետք է արգելել հանրային տրանսպորտ նստել»։
«Ի՞նչ դիմակներ։ Ի՞նչ սոցիալական հեռավորություն։ Հանրային տրանսպորտում սովորաբար կանգնելու տեղ չկա, անգամ շնչելու օդ չկա։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մարդիկ դիմակներով լինեն»։
«Դիմակների երկարատև կրումն արյան մեջ թթվածնի պակաս է առաջացնում՝ կյանքի համար մեծ ռիսկ առաջացնելով»։