Հայաստանի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր խմբակցության առաջնորդին և խոշոր գործարարին
Հունիսի 16–ին Հայաստանի խորհրդարանը «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշում է կայացրել։
Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2017 թ–ի խորհրդարանական ընրությունների նախաշեմին «ստեղծել և ղեկավարել է մի խումբ», որն ընտրակաշառքներ է բաժանել։
Հունիսի 15–ին գլխավոր դատախազը պատգամավոր Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու և ազատազրկելու միջնորդությամբ դիմել է խորհրդարանին։ Ընդ որում, Ազգային ժողովին ներկայացված փաստաթղթում նշվում է, որ քննությունը նրա մեղավորության ապացույցներ է ձեռք բերել դեռևս 2020 թ–ի փետրվարին հարուցված քրեական գործի շրջանակում։
Սակայն պատգամավորն ու երկրի խոշորագույն գործարարներից մեկը հերքում է իր մեղքը։ Ավելին, նա պնդում է, որ մեղադրանքը հապճեպ «սարքված» գործ է և անթաքույց քաղաքական հետապնդում՝ ի պատասխան իր վերջին աղմկահարույց հայտարարության։ Հունիսի 5–ին նա գործող կառավարությանը կոչ էր արել հրաժարական տալ, քանի որ այն չի կատարում իր պարտավորությունները։
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է․ եթե իր նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեր այն բանից առաջ, երբ ինքը կառավարությանը մեղադրեց լիակատար ձախողման համար, նա դեռ կարող էր կասկածներ ունենալ։ Սակայն այն սկսվել է կառավարության հրաժարականի իր պահանջից հետո, հետևաբար՝ դա քաղաքական պատվեր է։
Ընդդիմությունը Հայաստանի Ազգային ժողովում ներկայացնում է երկու կուսակցություն։ Դրանցից մեկը «Բարգավաճ Հայաստանն» է, որի առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է, այն 25 մանդատ ունի։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 մանդատ ունի։
Եվ թեև բոլոր ընդդիմադիրները դեմ են արտահայտվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն, նրանց քվեները բավարար չեն որևէ որոշում կայացնելու համար։ Նրանք հրաժարվել են քվեարկությունից։ Դրան մասնակցել են միայն իշխող մեծամասնության պատգամավորները։ Կողմ են քվեարկել «Իմ քայլը» դաշինքի բոլոր 87 պատգամավորները, որոնք մասնակցում էին գաղտնի քվեարկությանը։
Խորհրդարանի նիստին զուգահեռ դրա շենքի մոտ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների բողոքի ակցիա էր տեղի ունենում։ Հանրահավաքը չարտոնված էր, և ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվել։
- Հայաստան․ բողոքի ակցիա ԱԱԾ շենքի մոտ, որտեղ հարցաքննվում է խոշոր գործարար և ընդդիմադիր կուսակցության առաջնորդը
- Հայաստան․ նախկին նախագահի փեսան վարչապետի տիկնոջը մեղադրել է ծխախոտի մաքսանենգությանը մասնակից լինելու համար
Ծառուկյանի ելույթը խորհրդարանում
Նա հիշեցրել է, որ իշխանափոխության առաջին իսկ օրվանից՝ 2018 թ–ի թավշյա հեղափոխությունից հետո, ինքը սատարել է նոր իշխանություններին, կառավարության հետ համագործակցության հուշագիր ստորագրել, ցանկացել օգնել։ Ծառուկյանը հայտարարել է, որ 20 մլրդ դոլար է «բերել» Հայաստանի տնտեսություն։
Սակայն իշխանություններն, ըստ նրա, ֆեյքերի վիրտուալ աշխարհ են ստեղծել և պարբերաբար իրեն վարկաբեկող ապատեղեկատվություն են տարածում։ Դիմելով կառավարությանը՝ գործարարը հայտարարել է․
«Խոստումները տրված են արդեն երկու տարի։ Բոլորը՝ սուտ, օդ։ Արածը քանդվել է, ձախողվել»։
Ելույթից հետո Ծառուկյանը լքել է նիստերի դահլիճը։ Խորհրդարանի շենքի մոտ նրան դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները՝ տնտեսական անվտանգության և կոռուպցիային հակազդելու դեպարտամենտի ղեկավարի գլխավորությամբ։
Միքայել Համբարձումյանը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչ է անում ԱԱԾ–ն ԱԺ բակում, եթե Գագիկ Ծառուկյանը դեռ չի զրկվել անձեռնմխելիությունից։ Նա միայն ասել է, որ իրենք հարցաքննություն անցկացնելու պայմանավորվածություն ունեն։ Եվ Ծառուկյանն ԱԱԾ աշխատակիցների հետ մեկնել է հարցաքննության։
Խուզարկություն և հարցաքննություն նախօրեին
Կիրակի՝ հունիսի 14–ի առավոտյան, Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն էր իրականացվել։ Այնուհետև նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում։
Հաղորդվում էր, որ պատգամավորը հարցաքննվում է որպես վկա։ Միաժամանակ ԱԱԾ–ն հաղորդագրություններ տարածեց երեք քրեական գործերի մասին, որոնցով մեղադրվում է Ծառուկյանը։ Խոսքը խաղային բիզնեսի ոլորտում նրա ընկերությունների ապօրինի գործունության և 2017 թ–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ընտրակաշառք բաժանելու մասին էր։
ԱԱԾ շենքի դիմաց մոտ 10 ժամ, մինչ ընթանում էր հարցաքննությունը, Ծառուկյանի կողմնակիցներն ու կուսակիցները բողոքի ակցիա էին անցկացնում։ Քանի որ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունն, ու բոլոր զանգվածային միջոցառումներն արգելված են, ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ ձերբակալում էր ակցիայի մասնակիցներին։ Արդյունքում՝ ձերբակալվել էր ավելի քան երկու հարյուր մարդ։
Փաստաբանի հայտարարությունները
Գագիկ Ծառուկյանի փաստաբանը կարծում է, որ իր վստահորդը ոչ մի կապ չունի այն քրեական գործերի հետ, որոնցով մեղադրվում է, և նրան անձեռնմխելիությունից զրկելու ոչ մի հիմք չկա։
«Քրեական հետապնդումը բացարձակ ապօրինի է և անթույլատրելի, քանի որ, ըստ նրանց հայտարարություններում և մեկնաբանություններում արտահայտած մտքերի՝ կարող ենք պնդել․ պարոն Ծառուկյանի դեմ բացահայտ քրեական հետապնդում է սկսվել։ Իրավագիտության մեջ կա նաև «գաղտնի» քրեական հետապնդման հասկացություն, սակայն այստեղ անգամ նման փորձ չկա», — հայտարարել է Էմին Խաչատրյանը։
Դատախազի միջնորդության մասին ավելի վաղ էր հայտնի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վերջին երկու օրերին նույնպես հայտարարություններ են արել այն մասին, որ իրենց առաջնորդն անմեղ է և հետապնդման է ենթարկվում։
Իշխող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեռևս հունիսի 14–ին էր հայտարարել․ իրենք արժանահավատ տեղեկություններ ունեն, որ իշխանությունները պատրաստվում են Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից, և գլխավոր դատախազը համապատասխան միջնորդությամբ խորհրդարանին է դիմելու։ Հունիսի 15–ին նա կրկնել էր այս հայտարարությունը Ֆեյսբուքի իր էջում՝ հավելելով․
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվերը»։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանել էր․
«Չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից»։
Այս հայտարարությունից մի քանի ժամ անց խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ արդեն ստացել է գլխավոր դատախազի միջնորդությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կարծիքը
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերը «թելադրված են քաղաքական նպատակահարմարությամբ»․
«Օրենք խախտած յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաև շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է և դատապարտելի»:
Վարչապետի կարծիքը
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու խորհրդարանի նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (և ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու և այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն։ Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ»։