Հայաստան, Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման երկրորդ օրվա իրադարձությունները
Նոյեմբերի 12-ին երկրում իրավիճակն առաջին անգամ քննարկել են Հայաստանի նախագահն ու վարչապետը։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի առաջնորդը Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, իշխանություններին մեղադրել է հայ ժողովրդի դեմ աններելի հանցանք գործելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու կամքի բացակայության մեջ։
Վարչապետ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին և բացատրել հրադադարի մասին հայտարարության ստորագրման պատճառները։ Օրվա երկրորդ կեսին Երևանում միանգամից բողոքի երկու ակցիա սկսվեց՝ Արցախի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դեմ։
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին, որոնք սկսվել էին 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից։ Այս փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում Արցախի հարակից տարածքերն, այնտեղ են վերադառնում ադրբեջանցի փախստականները։ Հակամարտության գոտի են մտցվում ռուս խաղաղապահ ուժեր։
Համաձայնագրի ստորագրումը բողոքի մեծ ալիք է առաջացրել Երևանում, ընդդիմությունը հայտարարել է Արցախը փաստացի Ադրբեջանին հանձնելու մասին, ամբոխն ավերածություններ է արել խորհրդարանի և կառավարության շենքերում փաստաթղթի ստորագրման մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո։
Հակիրճ նոյեմբերի 12-ի մինչև այս ժամը տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին, և թե ինչ է դրանց նախորդել։
- Հազարավոր մարդիկ Երևանի փողոցներում պահանջում են վարչապետի հրաժարականն ու Արցախի մասին համաձայնագրի չեղարկումը
- «Ես անձամբ եմ պատասխանատվություն կրում այս ամենի համար», — Հայաստանի վարչապետն՝ արցախյան իրավիճակի մասին
Վարչապետի և նախագահի հանդիպումը
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են իրավիճակը երկրում, հաղորդել են նախագահի աշխատակազմից։ Սակայն հանդիպման մասին որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում։
Իսկ նոյեմբերի 10-ի առավոտյան նախագահը հաղորդել է, որ Արցախի մասին փաստաթղթի ստորագրման մասին իմացել է մամուլից։ Պարզվել է, որ Արմեն Սարգսյանը չի մասնակցել այս հարցի շուրջ քննարկումներին։ Սակայն նա կարծում է, որ արցախյան հակամարտության լուծումը համազգային նշանակություն ունի, հետևաբար, ցանկացած գործողություն, որոշում, հատկապես՝ փաստաթղթի ստորագրում, պետք է համապարփակ և լիարժեք քննարկումների արդյունք լինի։
Այս առնչությամբ նախագահը հայտարարել է, որ անհապաղ քաղաքական խորհրդակցություններ է սկսում «համաժողովրդական շահերի պաշտպանության օրակարգից բխող որոշումների» համաձայնեցման համար․
«Հույս ունեմ, որ տասնօրյա ժամկետում մենք կկարողանանք այդպիսի միասնության հասնել»։
Վարչապետի ուղերձը
Նիկոլ Փաշինյանն Առաջին ալիքի եթերում ելույթ է ունեցել և բացատրել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի պատճառները։ Նա հայտարարել է, որ գիտակցում է, թե ինչ դառնություն և հիասթափություն է առաջացրել այս փաստաթուղթը հայ հասարակությունում։ Սակայն նա նախընտրել է ստորագրել այն՝ ի փրկություն ավելի քան 20 հազար զինվորականների, որոնք հակամարտության գոտում կարող էին շրջափակման մեջ հայտնվել, զոհվել կամ գերեվարվել։
Դա հեշտ որոշում չի եղել, քանի որ, այդ փաստաթուղթը ստորագրելով, Փաշինյանը գիտակցել է, որ այդպիսով խաչ է քաշում սեփական քաղաքական կարիերայի վրա։
Միաժամանակ վարչապետը պնդում է, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ, և այդ առումով դեռ աշխատանք պետք տարվի․
«Սկզբունքային կարեւորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, եւ ըստ էության Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ»։
Քննադատություն Հայաստանի նախկին նախագահի կուսակցությունից
«Գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին», — հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը։
«Իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իբրև-թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում», — ասված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարությունում։
Այսպիսի մեղադրանքով Տեր-Պետրոսյանի կուսակցությունը հանդես է եկել, քանի որ նախօրեին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել երկրի խորհրդարանում իրավիճակի քննարկմանը։ Դա էր պնդում ընդդիմությունը։
Բողոքի ակցիա Երևանում
Ազատության հրապարակում հավաքվել են ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» արմատական կազմակերպության կողմնակիցները։ Նրանք հայտարարել են, որ պլանավորում են երթ կազմակերպել քաղաքի կենտրոնում, սակայն ոստիկաններն արգելել են երթ անցկացնել, այնուհետև ցրել են ցուցարարներին։ Մի քանի մարդ ձերբակալվել է։
Երկրորդ ցույցն անցկացվում էր Մատենադարանի շենքի դիմաց։ Դա 17 կուսակցությունների համատեղ ակցիան էր, որոնք միավորվել էին դեռևս Արցախի մասին հայտարարության ստորագրումից առաջ և պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Փաստաթղթի ստորագրումից հետո նրանք պայքարն ավելի կոշտ ձևաչափով են շարունակում։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է, որ տարբեր կուսակցությունների տասն առաջնորդներ են ձերբակալվել, նրանք բոլորը քաղբանտարկյալ են։ Նրա խոսքով՝ լուրեր կան այն մասին, որ իշխանությունները մտադիր են անձեռնմխելիությունից զրկել իրենց գործընկեր ընդդիմադիրներին։
«Սպասում եմ, հույս ունեմ, որ հայտարարություններ կլինեն մեր միջազգային գործընկերների և Ռուսաստանի կողմից», — ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Ի՞նչ է կատարվել նախօրեին
Նոյեմբերի 11-ին միացյալ ընդդիմությունը սկզբից հանրահավաք անցկացրեց վարչապետի հրաժարականի պահանջով։ Այնուհետև ընդդիմադիրները պահանջեցին խորհրդարանի արտահերթ նիստ գումարել։
Առաջարկվում էր քննարկել իրավիճակը երկրում և հնարավոր ելքերը։ Հայկական ընդդիմությունը մտադիր էր նաև անվստահության հայտնել վարչապետին և Լեռնային Ղարաբաղի շուրջ կնքված համաձայանգրի չեղարկման գործընթաց սկսել։
Խորհրդարանի նիստը չի կայացել, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, որոնք խորհրդարանական մեծամասնություն են կազմում, չեն ներկայացել։
Նրանք հայտարարություն են տարածել, որում ասվում էր, որ խմբակցությունը մտադիր չէ մասնակցելու նիստին, որի նպատակը Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելն է և առաջնագծում իրավիճակը սպառնալիքի տակ դնելը։
Խորհրդարանական մեծամասնությունը կրկին հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվել է, և դրա պայմաններն ընդունվել են, քանի որ դա Արցախի լիակատար կորստից և մարդկային զոհերից խուսափելու միակ ճանապարհն էր։
Իշխող դաշինքի պատգամավորներն ընդդիմադիրներին առաջարկել են ղարաբաղյան պատերազմի ավարտի մասին փաստաթղթի իրավաչափությունը քննարկելուց առաջ «ողջ հայությանն ու աշխարհին հստակ հայտարարել, որ իրենք․
1) կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2) կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3) կողմնակից են պատերազմի շարունակմանը»:
Իշխող մեծամասնությունն ընդդիմադիր քաղաքական գործիչներին առաջարկել է նաև «ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»։