«Հանրային պահանջ չկա»․ ՀՀ իշխանությունները հրաժարվեցին արտահերթ ընտրություններից
Հայաստանի իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից, թեև հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նախորդ տարվա վերջին երկրի քաղաքական ուժերին առաջարկել 2021 թ-ին ընտրություններ անցկացնելու շուրջ խորհրդակցություններ սկսել։
Խմբակցության որոշումը հիմնավորվում է նրանով, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։
Իսկ ընտրություններ անցկացնելու մասին իշխանությունների առաջարկը Արցախում հրադադար հաստատելուց անմիջապես հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը լուծելու փորձ էր։
2020 թ-ի նոյեմբերին հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ համաձայնագիրը Հայաստանի ընդդիմությունը գնահատեց որպես դավաճանական դավադրություն և տարածքների ինքնակամ հանձնում։ Այս առնչությամբ բողոքի ակցիաներ սկսվեցին՝ կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության հայտարարությունում ասվում է նաև, որ այն «շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը՝ նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։ Խոսքը պատերազմից հետո կառավարության կազմը փոխելու և դրա գործունեությունը բարելավելու Փաշինյանի պլանի մասին է, որը նա ներկայացրել էր ի պատասխան իր հրաժարականի պահանջի։
- Հայաստանը՝ տնտեսական լճացման եզրին․ ի՞նչ սպասել 2021 թ-ին
- Ի հեճուկս պատերազմի և կորոնավիրուսի․ Հայաստանում փորձում են փրկել զբոսաշրջության ոլորտը
Ընդդիմության պլանները
Ընդդիմության պլանը երեք կետից է բաղկացած․ կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և հետո միայն՝ արտահերթ ընտրությունների անցկացում։
Դեռևս նախորդ տարվա վերջին տասնյակից ավելի ընդդիմադիր կուսակցություններ ժամանակավոր կառավարության ղեկավարի միասնական թեկնածու են առաջադրել, որը հետագայում ապահովելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Որպես ժամանակավոր կառավարության ղեկավար՝ «Հայրենիքի փրկության շարժումն» առաջադրել է Հայաստանի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։
Ընդդիմադիրները դեմ են առանց կառավարության հրաժարականի արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, քանի որ, ըստ նրանց, իշխանությունները կարող են կեղծել արդյունքներն ու իրենց հաղթանակն ապահովել։
Ընդդիմության արձագանքը
ՀՅ «Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ իշխող դաշինքը հրաժարվել է արտահերթ ընտրություններից երեք պատճառով․
«Առաջինն այն է, որ վարչապետի աթոռից կառչածը հասկացել է, որ ինքն ընտրությունների միջոցով ընտրվելու շանս չունի։ Դա պարզապես անհնար է»։
Երկրորդ պատճառը, ըստ Սաղաթելյանի, այն է, որ ընտրությունները լուրջ խնդիրների կբերեն վարչապետի թիմում, քանի որ նրանց «մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը»։
Երրորդ պատճառը, որը նշում է ընդդիմադիր գործիչը, իրավիճակի սխալ գնահատումն է իշխանությունների կողմից։ Կարծելով, որ բողոքի շարժումն արդեն մարել է, իշխանությունները հույս ունեն հասարակության ուշադրությունը շեղել «կեղծ օրակարգով»։
Ըստ Սաղաթելյանի՝ այժմ ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու, այդ թվում՝ նրանք, ովքեր ուզում էին ընտրությունների միջոցով ազատվել գործող իշխանությունից։
Իշխող Խմբակցության հայտարարությունը մեկնաբանել է նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․
«Ես այդպես էլ մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա կգնար այդ քայլին, եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ձեռք բերեր հստակ պայմանավորվածություն, որը կարտահայտվեր համատեղ հուշագրով, որ իր հրաժարականից հետո ո՛չ «Բարգավաճ Հայաստանը», ո՛չ «Լուսավոր Հայաստանը» [խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր կուսակցությունները] վարչապետի որևէ թեկնածու չեն առաջադրի՝ վարչապետի պաշտոնում նրա հրաժարականից հետո»։
Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանի առաջարկը մերժվել է, «Բարգավաճ Հայաստանը» «ոչ մի դեպքում ոչ մի համաձայնության չի գնա Նիկոլի կառավարության հետ»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ շուտով իշխանությունները կվերադառնան ընտրությունների անցկացման գաղափարին։ Նա կարծում է, որ պետք չէ լուրջ վերաբերվել իշխող խմբակցության հայտարարությանը։ Քաղաքական գործիչը համոզված է, որ արտահերթ ընտրություններն անպայման կայանալու են։
Վարչապետի հրաժարականի պահանջն, ըստ նրա, մնում է ընդդիմության օրակարգում, իսկ իշխանությունների հայտարարությունը երկրի բնակիչների ուշադրությունը հետպատերազմյան փուլում առաջացած խնդիրներից շեղելու փորձ է։