Հայաստանը՝ ԵՄ պոտենցիալ դաշնակից․ ո՞ր դեպքում է հնարավոր
Հայաստան-ԵՄ կապերի խորացում
«Մենք հանձնառու ենք այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Ավելի վաղ Եվրախորհրդարանում նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միրզոյանը ողջունել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու, Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշումներն ու շեշտել՝ ՀՀ ժողովուրդը նույնպես ունի եվրոպական ձգտումներ։ Վստահեցրել է՝ Հայաստանը վճռական է ԵՄ զգալի աջակցությամբ շարունակել «ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին»։
Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ, Արևմուտքը կասկածանքով է մոտենալու ՀՀ-ն եվրոպական պետությունների ընտանիքի մեջ մտցնելուն։ Կարծում է՝ «պոտենցիալ դաշնակից» դիտարկվելու համար Երևանը պետք է «պոկվի եվրասիական ճամբարից», առաջին հերթին՝ լուծի ՌԴ հետ խնդիրները ռազմական և ազգային անվտանգության ոլորտներում։
Հայաստանի հետ կապված ԵՄ վերջին որոշումները, մեկնաբանություն՝ ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարի մասին
Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների թիվը կավելանա
Նախօերին այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա փոխանցմամբ՝ դիտորդների թիվը 138-ից կդառնա 209։
«Սա առաքելության թվաքանակի կարևոր ավելացում է, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունն ավելացնելու ճանապարհ»,- շեշտել է Բորելը։
Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական առաքելության ավելացումը կարելի է դիտարկել որպես Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման «առաջին քայլ»։
Այս որոշմանը բացասաբար է արձագանքել ռուսական կողմը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այն որակել է որպես «լիովին անօգուտ քայլ» և նշել, որ առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը, այլ միայն կակտիվացնի լարվածությունն Անդրկովկասում։
«Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորման տեսանկյունից, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թ․-ի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրված են եռակողմ համատեղ հայտարարություններով»,- նշել է Գալուզինը։
«Ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն․ ի՞նչ է ենթադրում
Վերջին շրջանում ԵՄ տարբեր պաշտոնյաներ հաճախ են խոսում այն մասին, որ Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցելու հնարավորությունը։ Կոնկրետ որոշում, սակայն, դեռևս չկա։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը մեխանիզմ է, որի միջոցով Բրյուսելը միջոցներ է տրամադրում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին՝ բարելավելու նրանց պաշտպանունակությունը, կանխելու հակամարտությունները և նպաստելու խաղաղությանը: Այս մեխանիզմի միջոցով ԵՄ-ն աջակցել է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է՝ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի «ամենահրատապ կարիքները»։
«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է»,- պարզաբանել է նա։
Ակնկալվում է, որ առաջիկայում «ոչ մահաբեր ձևաչափի» աջակցության կոնկրետ առաջարկների մշակման համար Հայաստան կժամանի տեխնիկական առաքելություն։
Փորձագիտական կարծիք
Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն ասում է՝ Հայաստանը չի կարող իրեն փոքր քայլերի ճոխություն թույլ տալ, պետք է գնա մեծ, համակարգային փոփոխությունների։ Հակառակ դեպքում, ըստ նրա, չի կարողանա արձագանքել այն ռազմական սպառնալիքներին, որոնց առջև կանգնած է։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ առաջին քայլը պետք է լինի ՌԴ հետ ունեցած ռազմական կապերը ավարտին հասցնելը։
Կարծում է՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար Հայաստանը շատ ժամանակ չունի։ Factor TV-ի եթերում Արզումանյանը նշել է՝ եթե ռուս-ուկրաինական զինադադար հայտարարվի, թիրախում կլինի Հարավային Կովկասը․
«Այն ներուժը, որ զբաղված է ուկրաինական ճակատում, այդ հզորությունը կզգանք մեզ վրա դիվանագիտական, ռազմական և մնացած ոլորտներում։ Ավելի շուտ պետք է քայլեր անենք, փորձենք համոզել Եվրոպային, որ կարող ենք Վրաստանին միանալ, և այն պրոցեսը, որ սկսվել է Վրաստանում, շարունակվի ՀՀ-ում»։
Շեշտում է՝ ճանապարհը դժվար է լինելու, ռազմական ոլորտը բարեփոխելու համար Հայաստանից կպահանջվի առնվազն 5-10 տարի։ Մյուս կողմից նկատում է՝ այդ ուղով չգնալու պարագայում չի լինի երկրի ինքնիշխանությունը պահպանելու հնարավորություն։
Քաղաքագետի համոզմամբ՝ քանի դեռ Հայաստանի և Արևմուտքի շահերը համընկնում են, պետք է օգտվել ստեղծված «հնարավորությունների պատուհանից» և ամրացնել կապերը արևմտյան ժողովրդավարական ճամբարի հետ։
Օրինակ է բերում Ֆինլանդիան և նշում, որ երկիրը կարողացավ օգտվել Ուկրաինայում ընթացող պատերազմից և դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
«Պետք է հասկանանք՝ ունենք շատ քիչ ժամանակ, որ «բավականին հեշտ, փափուկ» ձևով ավարտենք մեր ռազմական կապերը ՌԴ հետ»,- ասել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան-ԵՄ կապերի խորացում