Հայաստան, ինքնադատաստան, անկարգություններ Գավառում՝ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ
Հայաստանի Գավառ քաղաքում, որը մայրաքաղաքից 90 կմ հեռավորության վրա է գտնվում, կրկնակի սպանություն է տեղի ունեցել, որը զանգվածային անկարգությունների է բերել շուրջ 500 մարդու մասնակցությամբ, ապա նաև ինքնադատաստանի փորձի։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28–ին, սակայն մինչև հիմա հայտնի չէ, թե որն է այդ արյունալի իրադարձությունների պատճառը։
- Վրացի քահանան կալանավորվել է սպանության փորձի համար
- Նամակներ հայաստանյան բանտից․ «Կորոնավիրուսը չէ, որ սպանում է»
Ի՞նչ է տեղի ունեցել․ մանրամասներ
Հայկական լրատվամիջոցներում գրում են, որ վերջին արյունալի իրադարձություններն անչափահաս գավառցիների միջև վիճաբանության շարունակությունն են։ Երիտասարդների վեճը սկսվել է երկու ամիս առաջ։ Նրանց վիճաբանությանը միջամտել են մեծահասակները, և Գավառի փողոցներից մեկում հրաձգություն է սկսվել՝ քրեական հանցագործությունների մասին ֆիլմ հիշեցնող։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են ճանապարհին մեքենաներ կանգ առնում, դրանցից մի քանի տղամարդ է դուրս գալիս և սկսում կրակել։
Արդյունքում՝ երկու մարդ է սպանվել, որոնցից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է։ Եվս չորս հոգի վիրավորվել է, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։
Հարձակվածներից երկուսը փախել են իրենց մեքենաներով, սակայն վթարի են ենթարկվել և այժմ նույնպես հիվանդանոցում են։
Երևանից Գավառ են ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ուժեր։ Դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության պետը։
Մինչ ուժային կառույցների ներկայացուցիչներն աշխատում էին հանցանքի վայրում, Գավառի հիվանդանոց, ուր տեղափոխվել էին վիրավորները, 500 հոգանոց ամբոխ է ներխուժել։
Ոստիկանական շարասյունը ճեղքելով՝ հարյուրավոր մարդիկ բուժկենտրոնում ամեն ինչ տակնուվրա են արել, հասել երկու հիվանդների՝ փոխհրաձգության մասնակիցների պալատին։ Լրատվամիջոցները գրում էին, որ դա սպանվածների ընկերներն ու ազգականներն են, որոնք ինքնադատաստան են իրականացրել՝ կտրելով երկու վիրավորների կոկորդը։
Սակայն Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հերքել է այս հաղորդագրությունը՝ պաշտոնապես հայտարարելով, որ գավառցի «վրիժառուները» ոստիկանության միջամտությունից հետո «հանցագործությունն ավարտին չեն հասցրել և փախուստի են դիմել»։
Արդեն ձերբակալվել է հարձակման 50 մասնակից։ Գավառի հիվանդանոցը, չնայած հարձակմանը, շարունակում է աշխատել։ Հնարավոր անկարգություններից պաշտպանելու համար բուժհիմնարկը գտնվում է ոստիկանության հատուկ վերահսկողության տակ։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սոցցանցերում մարդիկ հետևում են իրադարձությունների զարացմանն ու ակտիվորեն մեկնաբանություններ գրում։ Ահա ֆեյսբուքի օգտատերերի գրառումներից մի քանիսը․
«Խայտառակ վիճակ է։ Մեզ մոտ ով անգործ է մնում, քրեական հեղինակություն է դառնում։ Այդ 500 անձանցից 300–ը հաստատ նույնիսկ հացի փող չունի»։
«Ասենք, երիտասարդություն է, չի հասկանում, արյունը եռում է, իսկ մեծե՞րն ինչ արեցին։ Փոխադարձ հարգանք, միմյանց ներելու ունակություն չկա։ Բոլորն իրենց ամենակարող են զգում։ Ոստիկանությունն ու պետությունն ի՞նչ մեղք ունեն»։
«Մի կողմ թողնենք երիտասարդների միջև թշնամանքը։ Դա էլի մի կերպ կարելի է հասկանալ, երիտասարդ են։ Սակայն ինչպե՞ս կարող էր ոստիկանությունը թույլ տալ, որ 500 մարդ հիվանդանոց ներխուժի և ամեն ինչ ավերի։ Եվ եթե նրանք մեկ գյուղի բնակիչներ են, պետք է պատժել ողջ գյուղը»։
«Ոստիկանությունը պետք է իր տեղում լինի և ավելի խիստ»։
«Բա ասում եք․ արտակարգ դրության ռեժի՞մ է։ Իսկ որտե՞ղ էին ոստիկանները, որոնք միշտ հետևում են մեզ և ստուգում տեղաշարժի մեր ձևաթղթերը»։