Հայ-իրանական սահմանին «Մարիոթ» հյուրանոց կկառուցվի
Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է երկրի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ անելու և նոր միջազգային նախագծեր գործարկելու հարցերով։ Իրանի հետ սահմանին «Մարիոթ» հյուրանոցի կառուցումն այն պայմանավորվածություններից մեկն է, որը Հայաստանի պատվիրակությունը ձեռք է բերել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժովի ընթացքում։
Նոր «Մարիոթ» Հայաստանում
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Marriott International ընկերության տնօրեն Արնե Սորենսոնը քննարկել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները։
Փաշինյանը Սորենսոնի հետ խոսել է այն մասին, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում, և կառավարությունը հետաքրքրված է երկրում հյուրանոցային հայտնի բրենդի զարգացմամբ և ընդլայնմամբ։
Դավոսից վերադառնալուց հետո Փաշինյանը մանրամասներ է պատմել նախագծի իրականացման մասին։
«Քանի որ Marriott International ընկերության քաղաքականությունն այնպիսին է, որ իրենք ոչինչ չեն կառուցում և չեն գնում անշարժ գույք, այլ վարձակալում են այն, ապա այս գաղափարի իրականացման համար պետք է ներդրող գտնել, որը կհամաձայնի կառուցել շենքը, նախագիծը կհամաձայնեցնի «Մարիոթի» հետ, որին էլ այն հետագայում վարձակալության կտրվի»։
Սորենսոնի խոսքով՝ արդեն սկսվել են Marriott International-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման հստակ հարցերի քննարկումները։
• Հայաստանում միկրոբիզնեսն ազատվում է բոլոր տեսակի հարկերից
Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի վարչապետը Դավոսում
Ըստ Փաշինյանի՝ նրա այցը Դավոս հագեցած էր տարբեր երկրների ներդրողների և գործարարների հետ հանդիպումներով և քննարկումներով։
Համագործակցության հնարավորությունները դիտարկվել են, մասնավորապես, Ճապոնիայի զարգացման միջազգային գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի և Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի հետ։
Վարչապետ Փաշինյանն ապագա նախագծեր է քննարկել նաև «Գլոբալ էներջի սիմենս» ընկերության ղեկավարի, ռուսական ՎՏԲ բանկի կառավարման նախագահ Անդրեյ Կոստինի, Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ։
Ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններ քննարկելու նպատակով Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել eBay ընկերության փոխնախագահը։
Ի՞նչ է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը
Շվեյցարական Դավոսում հունվարի 22-25-ն անցկացվում էր Համաշխարհային տնտեսական համաժողովը (WEF). Դրան մասնակցել է 114 երկրի 3000 ներկայացուցիչ։ WEF կարգախոսն այս տարի հետևյալն էր՝ «Գլոբալացում և փոխազդեցություն՝չորրորդ ինդուստրիալ հեղափոխության շրջափուլում»։
Համաժողովի հիմնական թեմաները գլոբալ համագործակցության մարտահրավերներն էին ու թվային հեղափոխության հետ կապված փոփոխությունները։
Այս տարի Հայաստանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովին երրորդ անգամ։ Առաջին անգամ երկիրը դա արել է 2009թ-ին։ Այն ժամանակ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Սերժ Սարգսյանը։ 2018թ-ին Հայաստանը ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ինչպե՞ս են մասնագետները գնահատում Փաշինյանի բանակցությունները Դավոսում
Նիկոլ Փաշինյանը երկրի երրորդ ղեկավարը կամ նախարարների կաբինետի ղեկավարն է, որը մասնակցել է համաժողովին։ Մասնագետները կարծում են, որ երկրի նոր առաջնորդի համար դա լավ հնարավորություն է՝ նոր ներդրումային ծրագրեր ներգրավելու։
«Հայաստանը տարվա երկիր է ճանաչվել։ Եվ կարելի է ասել, որ շատ ներդրողներ ուշադիր հետևում են մեր երկրին։ Ամեն ինչ կախված է այն օրակարգից, որը մշակել է Փաշինյանի կառավարությունը», — կարծում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նույնպես ընդգծում է, որ Դավոսի համաժողովը երկիրը ճանաչելի դարձնելու հնարավորություն է․
«Երկրի ճանաչվածությունն անուղակիորեն հանգեցնում է նոր ներդրումներ և զբոսաշրջիկների հոսքեր ներգրավելուն։ Սակայն մենք պետք է կարողանանք այդ հետաքրքրվածությունը վերածել հստակ նախագծերի»։