Հայոց ցեղասպանության 108-րդ տարելից։ Կհաջողվի՞ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում
Հայաստանում ոգեկոչում են Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Եվ արդեն երկրորդ տարին է՝ ընթանում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երևանը հայտարարում է, որ պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ակնկալում է արդյունավետ բանակցություններ՝ առանց նախապայմանների և սահմանների շուտափույթ բացում։ Անցած տարվա ընթացքում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, սակայն զգալի առաջընթաց չի նկատվում, սահմանները շարունակում են փակ մնալ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտը Բաքվի դիրքորոշումն է։ Թուրք պաշտոնյաները փաստացի հաստատում են դա՝ պարբերաբար շեշտելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր քայլ համաձայնեցվում է Ադրբեջանի հետ։
Հայ փորձագետները, սակայն, կարծում են, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հանգեցրել է ավելի մեծ կախվածության Արևմուտքից, ինչի արդյունքում Անկարայի տեսակետները փոփոխությունների են ենթարկվում։ Իրավիճակը, նրանց կարծիքով, որոշ չափով նվազեցրել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հավակնությունները։ Հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ որոշ վերլուծաբաններ հակված են մտածելու, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի իրատեսական է դառնում։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հերթական փորձի հեռանկարնների մասին։
- Հայոց ցեղասպանություն. փակ թեմայից՝ մինչև հուշակոթողի կառուցում
- Հայաստան-Թուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները
- ԱՄՆ նախագահն արտասանեց «ցեղասպանություն» բառը
-
Տեղեկանք․ հայ-թուրքական հարաբերությունները և կարգավորման փորձերը
1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ 1993 թվականից Թուրքիան միակողմանիորեն փակել է իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ։ Միջազգային հանրության ջանքերով 1995 թվականին օդային սահմանը բացվեց, սակայն ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։
Հարաբերությունների կարգավորման փորձ՝ արցախյան պատերազմից հետո
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացան 2020 թվականի պատերազմից հետո. 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին այս գործընթացն առաջ տանելու համար։ Վերջիններս արդեն չորս անգամ հանդիպել են, սակայն բանակցությունների արդյունքներով դեռևս էական առաջընթաց չի գրանցվել։
Անցյալ տարվա հուլիսին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները պայմանավորվածություններ ձեռք բերեցին`
«երրորդ երկրների քաղաքացիների համար ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը,
սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև»։
2023 թվականի հունվարի 6-ին Թուրքիան Հայաստանին հայտնեց ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքի վերացման մասին։ Առաջին կետը դեռ չի իրականացվել։
Երկրների ղեկավարների և արտգործնախարարների միջև հանդիպումներ, բանակցություններ
2022 թվականի մարտի 10-12-ը Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի հրավերով մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
2023 թվականի փետրվարին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, Հայաստանի կառավարությունը 27 հոգուց բաղկացած որոնողափրկարարական ջոկատ ուղարկեց Թուրքիայի Ադըյաման քաղաք։
Նաև մարդասիրական օգնություն ուղարկվեց Թուրքիա։ Փետրվարի 11-ին, 1993 թվականից ի վեր առաջին անգամ, հինգ հայկական բեռնատար հատեց հայ-թուրքական ցամաքային սահմանը Մարգարա-Ալիջան (Իգդիր) հատվածում և շարժվեց դեպի Թուրքիա։ Փետրվարի 15-ին սահմանը ևս մեկ անգամ բացվեց մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ընդունելու համար։
Փետրվարի 15-ին Անկարայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
Հարաբերությունների կարգավորման նախորդ ձախողված փորձը
Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձը ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Այն սկսվել էր 2008 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այդ ժամանակ Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտեց երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։ Այնուհետեւ սկսվեցին բանակցությունները, որոնց արդյունքում 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին արձանագրություններ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ փոխադարձ հարաբերությունների սկզբունքների վերաբերյալ։ Սակայն այս փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին երկրների կողմից։
2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։ Թուրքիայի խորհրդարանում փաստաթղթի վավերացման գործընթացը սառեցվեց։ Ի պատասխան հայկական կողմը հայտարարեց, որ արձանագրությունները պետք է ստորագրվեին առանց նախապայմանների, և 2010 թվականի ապրիլի 22-ին որոշում կայացվեց կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը։ Հինգ տարի անց Հայաստանի նախագահը հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովից։ Իսկ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը դադարեցրեց դրանց կնքման ընթացակարգը։
Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ
Պատմական հարցերից խուսափել չի ստացվի
«Կարգավորման գործընթացը երկար է լինելու։ Կողմերը պետք է փոխադարձաբար ստանան պատմական խնդիրներին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ։ Այդ հարցերի անկեղծ պատասխանների բացակայության դեպքում տարածաշրջանում նորմալ համակեցություն չի կարելի սպասել։
Կարծում եմ, եթե Թուրքիան ձգտում է բարեկեցիկ ժողովրդավարական ապագայի, վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել պատմական փաստերը և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես սրան այլընտրանք չեմ տեսնում։
Դա նախապայման անվանել չի կարելի։ Սա էկզիստենցիալ սոցիալ-հումանիտար և հոգեբանական անհրաժեշտություն է: Առանց նախապայմանների կարելի է պետական հարաբերություններ կառուցել, դիվանագիտական ներկայացուցչություններ բացել, տնտեսական կապեր հաստատել։ Բայց հումանիտար հարցերը ցավագին են ընկալվում երկու երկրների հասարակությունների կողմից և դրանք վաղ թե ուշ պետք է շոշափվեն հարաբերությունների հաստատման գործընթացում»։
Ճնշումներ Թուրքիայի վրա
«Թուրքիայի զգուշավորությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով և նրա վրա Ռուսաստանի ու Ադրբեջանի ճնշումներով։
Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, իսկ Ադրբեջանը առաջ է տանում իր քաղաքական նպատակներն ու շահերը, ինչը ստիպում է Թուրքիային ձեռնպահ մնալ հարաբերությունների բարելավմանն ուղղված վճռական քայլերից։
Իրավիճակը կարող է փոխվել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո, երբ հստակ կերևա ուժերի դասավորվածությունը։ Այդ ժամանակ Ադրբեջանը չի կարողանա էականորեն ազդել Թուրքիայի քաղաքականության վրա՝ հայ-թուրքական հարաբերությունները կապելով Հայաստանի հետ սեփական հարաբերությունների կարգավորման հետ»։
Հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը
«Հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Բազմավեկտոր քաղաքականությունը և բազմաշերտ դիվանագիտությունը կարող են ճանապարհ հարթել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար և այս գործընթացը տարանջատել Ադրբեջանի հետ հարաբերություններից։
Անհրաժեշտ է տարանջատել այս երկու վեկտորները, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում հաջողության հույս չկա։ Փաստն այն է, որ Ադրբեջանը, ելնելով սեփական «գլխավոր ռազմավարությունից» (grand strategy), նպատակադրված է ոչնչացնել հայկական պետությունը։
Բայց Թուրքիան՝ ելնելով նոր իրողություններից, կարծում եմ, կհամագործակցի Հայաստանի հետ։ Սարդարապատի ճակատամարտից հետո Թուրքիան ճանաչեց Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն։ Կան պատմական փաստեր, որոնք կստիպեն Թուրքիային ընդունել իրականությունը։
Սարդարապատի ճակատամարտ (21-28 մայիսի, 1918 թ.)․ ճակատամարտ Սարդարապատի երկաթուղային կայարանի մոտ հայկական զորքերի և Արևելյան Հայաստան ներխուժած օսմանյան զորքերի միջև։ Ենթադրվում է, որ այս ճակատամարտը ոչ միայն դադարեցրեց գրոհը Հայաստանի դեմ, այլև կանխեց հայ ժողովրդի ոչնչացումը, նշանավորեց հայոց պետականության վերականգնումը։ Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերը գրել է. «Եթե հայերը պարտվեին ճակատամարտում, ապա, հնարավոր է, «Հայաստան» բառը պահպանվեր միայն որպես պատմական աշխարհագրության տերմին»։
Թուրքերի հետ շփման երկար տարիների ընթացքում եղել են ոչ միայն բացասական, այլև դրական պահեր։ Պետք չէ մոռանալ, որ Օսմանյան կայսրությունում հայերը ներգրավված էին արդյունաբերական, ռազմական, գիտության, մշակույթի, ճարտարապետության ոլորտներում և ակտիվորեն մասնակցում էին ողջ պետության կյանքին։
Սահմանների բացումը, շփման հնարավորությունների ստեղծումը կարող են պայմաններ ստեղծել հարաբերությունների իրական կարգավորման համար։ Սա փոքր քայլերի քաղաքականություն է։ Նախ կբացեն սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, հետո երկկողմանի այցերի համար, այնուհետև դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն»։
Ցեղասպանությունն ու Էրդողանի քաղաքականությունը
«Ամեն դեպքում, հայերը չպետք է մոռանան անցյալը։ Հայաստանը պետք է պահանջի ցեղասպանության ճանաչումը ապրիորի, քանի որ դա մշակութային և պատմական փաստ է։
Թուրքիայում ցեղասպանության ճանաչումը կարող է լինել պետության ղեկավարի փոփոխությունից հետո, եթե իշխանության գա ավելի դեմոկրատ քաղաքական գործիչ։ Շատ բան է կախված պետության ղեկավարից, նա է կառուցում երկրի քաղաքականությունը։
Էրդողանը քարոզում է պանթուրքիզմի քաղաքականություն, սակայն նրանից առաջ հանրապետական գաղափարախոսության կողմնակից Աբդուլլահ Գյուլն այլ քաղաքականություն էր վարում։ Գյուլը չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց ժամանեց Երևան՝ ազգային հավաքականի խաղին, որոշակի քայլեր ձեռնարկեց «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, ինչպես ընդունված է անվանել հարաբերությունների կարգավորման այդ փորձը»։
Ընտրություններ աղետից հետո
«Մարտի 14-ին Թուրքիայում նշանակված են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Էրդողանը, ով 9 տարի Թուրքիայի նախագահն է, իսկ մինչ այդ 11 տարի ղեկավարել է կառավարությունը, փորձում է մնալ իշխանության ղեկին։
Ցավոք սրտի, նրա մրցակիցների մեջ չեմ տեսնում որևէ առաջնորդի, որը, գալով իշխանության, կարող է երկիրը դնել զարգացման ժողովրդավարական ուղու վրա։ Եթե Էրդողանն ինչ-որ կերպ վերընտրվի, չեմ կարծում, թե նա կշարունակի նույն քաղաքականությունը վարել։ Թուրքիան մեծ կորուստներ ունի՝ ֆինանսական, հումանիտար, տնտեսական և աշխարհաքաղաքական։
Երկրաշարժից հետո ավելի քան 25 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին, ավերվել է ավելի քան 700 հազար շենք։ Այս աղետը համեմատելի է 50 ատոմային ռումբի պայթյունի հետ։
Թուրքիան այժմ մեծապես կախված է արևմտյան կապիտալից։ Տարբեր գնահատականներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վնասը գնահատվում է 100-ից 200 միլիարդ դոլար։ Եվ այս գումարները գտնվում են Արևմուտքում։
Ուստի Էրդողանի քաղաքականությունը երկրաշարժից առաջ, երբ նա փորձում էր աշխարհաքաղաքական առաջնորդ դառնալ, այլևս հնարավոր չէ կյանքի կոչել։ Կարծում եմ՝ տարերային աղետը մեղմացրեց Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները, մղեց ավելի արևմտամետ քաղաքականության։ Եվ դա կբերի նաև Անկարայի ավելի իրատեսական մոտեցմանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում