Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը Բրյուսելում․ մեծ առաջընթաց չի ակնկալվում
Հայ-ադրբեջանական բանակցությունների ակտիվացում
Բրյուսելը պաշտոնապես ազդարարել է՝ մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Այս հանդիպումը դեռ չի կայացել, իսկ արևմտյան միջնորդները խոսում են Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների ներգրավվածությամբ հունիսի 1-ին Քիշնևում, այնուհետև՝ հոկտեմբերին Գրանադայում հանդիպելու հնարավորության մասին։
Ռուսաստանն էլ է ակտիվացնում իր միջնորդական ջանքերը։ Արդեն հայտարարվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների մասին Մոսկվայում մայիսի 19-ին։
Բանակցությունների ինտենսիվացման ֆոնին, հայկական կողմը պարբերաբար հայտարարում է՝ «ամենակարևոր հարցերում առաջընթաց չկա»։ Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ շեշտել էր, որ «առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին»։
Հայ քաղաքագետները կարծում են՝ կողմերի միջև առկա խոչընդոտների հաղթահարման տեսանկյունից մոտ ժամանակներս բանակցություններից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Այս պահի դրությամբ բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտն, ըստ նրանց, Ադրբեջանի մաքսիմալիզմն է:
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին փետրվարին Մյունխենում։ Հանդիպումն անց էր կացվել ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի վերջին բանակցությունները կայացել էին մայիսի 1-4-ը Վաշինգտոնում՝ արտգործնախարարների մակարդակով։ Քառօրյա բանակցություններից հետո Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համատեղ հայտարարություն չէին ստորագրել։ Ամերիկյան կողմը բանակցությունները կառուցողական էր որակել՝ նշելով, որ պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Մինչդեռ Երևանն ու Բաքուն ընդգծել էին, որ առանցքային հարցերում «դիրքորոշումները մնում են տարամետ»։
Հայկական կողմը՝ բանակցություններում առկա տարաձայնությունների մասին, մեկնաբանություններ
«Բրյուսելում կշարունակվեն վաշինգտոնյան բանակցությունները»
Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Բոլոր հանդիպումներն էլ, կարծում եմ, ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին, միմյանց շարունակություն են, որովհետև հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկելու»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը կրկնել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ բանակցություններում չի հաջողվում Բաքվի հետ համաձայնության հասնել ամենակարևոր հարցերի շուրջ։
«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային երաշխիքի ստեղծումն է։ Նայեք այսօրվա իրավիճակը․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում, որովհետև, օրինակ, Լաչինի միջանցքը, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանն այնտեղ ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է»,- պարզաբանել էր նա։
Խոսելով հայ-ադրբեջանական սպասվող բանակցությունների մասին՝ Արմեն Գրիգորյանը նշել է՝ «կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք»։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա առանցքային տարաձայնությունների մասին ասել է, որ տարընթերցումները վերաբերում են և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրմանը, և խաղաղության պայմանագրի կատարման միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
«Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա»,- ընդգծել է վարչապետը։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ Բրյուսելում փորձ է արվելու շարունակել քննարկումները առանցքային հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ նպատակը կողմերի մոտեցումները մերձեցնելն է։ Գրիգորյանը, սակայն, միջնորդների լավատեսությունը չի կիսում։
«Փորձ է կատարվելու մոտ ապագայում ունենալ արդեն ինչ-որ պատրաստի տեքստ, որը հնարավոր կլինի ստորագրել։ Բայց այն խոչընդոտները, որոնք կան, բավականին լուրջ են։ Չեմ կարծում, թե կողմերը, մասնավորապես՝ ԼՂ-ի հարցում ուղիղ բանակցային միջազգային մեխանիզմի ստեղծման հարցում, կարողանալու են ինչ-որ փոխզիջման կամ ինչ-որ ընդունելի համաձայնության հասնել»,- ասել է նա։
Քաղաքագետը քիչ հավանական է համարում նաև այն, որ Բաքուն համաձայնի հետ քաշել իր զորքերը 2021 թվականից օկուպացված Հայաստանի տարածքներից։
Նկատում է՝ ի տարբերություն բանակցային մեխանիզմի՝ այդ հարցում փոխզիջման «ավելի մեծ տարածություն» կա, նաև հավելում՝ դժվար է պատկերացնում, թե ինչպես կարելի է հասնել պայմանավորվածության։
Գրիգորյանը հիշեցնում է՝ կողմերի դիրքորոշումները տարբեր են նաև քարտեզների հարցում։ Մինչ Հայաստանը խոսում է ադմինիստրատիվ սահմանները՝ որպես պետական սահման ճանաչելու մասին և հղում անում սովետական վերջին շրջանի քարտեզներին, Ադրբեջանը խոսում է, այսպես կոչված, «պատմական քարտեզների» և «ադրբեջանական պայմաններով դելիմիտացիա իրականացնելու» մասին։
«Միգուցե միջնորդների ներգործության արդյունքում Ադրբեջանի դիրքորոշումները հնարավոր լինի մի քիչ մեղմել, բայց դա քիչ հավանական եմ համարում»,- հայտարարել է նա։
Ըստ քաղաքագետի՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունքներ գրանցելը չի բացառում։ Մեջբերում է տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքերը, որն ասել էր, թե այս հարցում, մեծ հաշվով, լուրջ խոչընդոտներ չկան։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ այս պահի դրությամբ բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի մաքսիմալիզմն է:
Ասում է՝ «Բաքուն արբեցած է պատերազմում տարած հաղթանակով և փորձում է ստանալ միաժամանակ և ամեն ինչ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի «դեստրուկտիվ պահվածքը և մաքսիմալիստական ակնկալիքները» մեծ վնաս են հասցնում բաց մնացած հարցերի լուծմանը։ Դրանց շարքում առանձնացնում է, մասնավորապես՝ «Արցախի կարգավիճակի» և «արցախահայության անվտանգության և իրավունքների երաշխիքների» հարցերը։ Նկատում է՝ ի տարբերություն կարգավիճակի՝ երաշխիքների հարցում միջազգային հանրության մեջ կա որոշակի ըմբռնում, որ «դա պետք է լինի և կարևոր է, որ լինի»։
Քոչինյանի խոսքով՝ խնդիրները թաքնված են դետալների մեջ, թե «իրենից ի՞նչ պետք է ներկայացնի այդ մեխանիզմը։
«Այդ մեխանիզմն իրենից ներկայացնելու է որոշակի պաշտպանության իրավունքով կոնտինգե՞նտ, որոշակի դիտորդական առաքելությո՞ւն, թե՞ որոշակի իրավա-տեխնիկական ինչ-որ համալիր։ Ավելի կոնկրետ՝ ինչ է իրենից ներկայացնելու այդ միջազգային մեխանիզմը, որը պետք է ապահովի արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, դա դեռևս գոյություն չունի»,- նշել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-ադրբեջանական բանակցությունների ակտիվացում