Բաքվի հետ ուղիղ բանակցություններ Ալմաթիում․ ի՞նչ կտա Երևանին
Հայ-ադրբեջանական բանակցություններ Ալմաթիում
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 10-ին կհանդիպեն Ալմաթիում։ ՀՀ ԱԳՆ այս հաղորդագրությունը հրապարակվեց Ղազախստանի նախագահի՝ Երևան կատարած այցից մի քանի օր անց։ Տոկաևը հայտարարել էր՝ պատրաստ են հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման համար։ Եվ Բաքվից, և Աստանայից հայտարարեցին՝ խոսքը միջնորդության մասին չէ։ Ըստ էության, գործ ենք ունենալու ուղիղ բանակցությունների հետ։
Հայ քաղաքագետների մի մասը կարծում է՝ սկզբունքային նշանակություն ունի, որ հայկական կողմը կարողանա առաջ մղել Գրանադայի քառակողմ հանդիպման օրակարգը։
Գրանադայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ իբրև պատճառ մատնանշելով Ֆրանսիայի կողմնապահությունը։
Փաստաթուղթն ընդունած կողմերը հայտարարել են իրենց աջակցության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա, ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։
Մյուսների խոսքով՝ բովանդակային հարցերը այլ՝ գաղտնի ձևաչափերով են լուծվում։ Ասում են՝ բուն արտգործնախարարների հանդիպումից ակնկալիք ունենալ պետք չէ։
Ի՞նչ սպասելիքներ ունի հայկական կողմը, փորձագիտական կարծիքներ
Աստանայի առաջարկը «խորհրդանշական է»
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ողջունել էր խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար։
Ադրբեջանի նախագահն ավելի ուշ նշել էր, որ Ղազախստանից ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման առաջարկ են ստացել, տվել են իրենց համաձայնությունը։ Իլհամ Ալիևը շեշտել էր՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ հարթակ տրամադրելու մասին է։
Նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը՝ ասելով, որ խոսքը «բարի կամքի ծառայություններ» տրամադրելու մասին է։
«Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև»,- հայտարարել էր նա։
Հանդիպման շուրջ համաձայնությունը ողջունել է նաև Տոկաևը և հույս հայտնել, որ այն կծառայի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը։
Ղազախստանի նախագահը խորհրդանշական էր համարել, որ այն տեղի է ունենալու հենց Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական սահմանների հստակեցման սկզբունքները։
Երևանը «զգուշավոր լավատեսություն» ունի
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունգարիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է՝ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին։
«Մենք անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումն իսկապես բխում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի և երկու ժողովուրդների շահերից։ Ուզում եմ նաև զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով»,- հայտարարել էր նա։
Ադրբեջանցի լրագրողը տեսակետ էր հայտնել, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի փաթեթների փոխանակումը նմանվում է «պինգ-պոնգի» դիվանագիտության։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասել էր, որ «այդ նույն պինգ-պոնգ դիվանագիտության շրջանակներում արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների շուրջ»։
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը) ստացել է ապրիլի 26-ին։
Ամենակարևորը, ըստ նրա, այն է, որ երկու երկրները փոխադարձաբար վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սահմանազատումը նույնպես պետք է տեղի ունենա այդ հռչակագրին համապատասխան։
ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Ղազախստանում կհաջողվի համաձայնության հասնել և այս նույն դրույթները հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում։ Բաքուն դեռևս չի համաձայնում այդ կետը ներառել փաստաթղթում։
«Կարող եմ ասել, որ դրանից հետո [Ադրբեջանի համաձայնությունը ստանալուց հետո] մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,- հայտարարել էր նա։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ Ղազախստանում հանդիպում անցկացնելու գաղափարը համընկնում է վերջին շրջանում պոպուլյար դարձած տարածաշրջայնացման միտումներին, որոնք առաջ են տանում հենց տարածաշրջանի խոշոր խաղացողները։
Ասում է՝ դրա հիմնական նպատակը Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելն է։
Գրիգորյանի խոսքով՝ Ալմաթիի հանդիպումը Բաքվի նախաձեռնությունն է։ Ադրբեջանն, ըստ նրա, շարունակում է առաջ շարժվել նույն մոտեցմամբ՝ երկկողմ, առանց միջնորդների բանակցություններ։
«Այս փուլում արտգործնախարարների հանդիպումը մեծ նշանակություն չի ունենա։ Բոլոր բովանդակային բանակցությունները տեղի են ունենում այլ՝ փակ ձևաչափերով, որոնց մասին հանրությունը շատ բան չգիտի»։
Civilnet-ի եթերում քաղաքագետը նկատել է՝ խոսքը Ղազախստանի աճող դերի մասին չէ, բայց այդ երկիրը «հետաքրքիր ընտրություն է»։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ղազախստանը Ղարաբաղյան հակամարտության առաջին միջնորդ երկրներից մեկն է։ Հիշեցնում է՝ 1991 թ․-ին Ելցինի և Նազարբաևի այցը Երևան, Ստեփանակերտ և Բաքու, ինչին հաջորդեց ՌԴ-ում Ժելեզնովոդսկի հռչակագրի ստորագրումը, որն առաջին ստորագրված փաստաթուղթն էր կողմերի միջև։
«Դրանից հետո Ղազախստանը փորձում էր դառնալ Մինսկի խմբի անդամ, միջնորդական դերակատարություն ունենալ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային վեճերի պարագայում։ Բայց այդ փորձերն այնքան էլ հաջողված չէին»,- ամփոփել է նա։
Վերլուծաբան Արմեն Պետրոսյանը դրական է համարում հայ-ադրբեջանական բանակցությունների նոր՝ ղազախական հարթակի գոյությունը, այն դիտարկում է հարթակների բազմազանություն տեսանկյունից․
«Ղազախստանը հայտարարել է, որ միջնորդ դառնալու մտադրություն չունի։ Այս պարագայում Ղազախստանը դիտարկվում է որպես երկկողմ, ուղիղ բանակցությունների հերթական հարթակ։ Հայտնի է, որ նման փորձ է եղել նաև Թբիլիսիում, որտեղ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները»։
«Արմենպրեսի» հետ զրույցում Պետրոսյանը նկատել է՝ հարթակների բազմազանությունը Երևանի համար ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի։
Դրականների շարքում թվարկել է այն, որ կարգավորման գործընթացը չի ընդհատվում, զգալիորեն թուլանում է գործընթացը վերահսկելու աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Մատնանշել է, մասնավորապես՝ Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը։
Իսկ բացասական կողմն այն է, ըստ վերլուծաբանի, որ Բաքուն բազմիցս ապակառուցողական վարքագիծ է դրսևորել՝ հրաժարվելով նախկինում ստանձնած պարտավորություններից։ Օրինակ է բերել 2023 թ․-ի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումից ու նախապատրաստված փաստաթղթի ստորագրումից Ալիևի հրաժարումը։
«Եթե չկա առարկայական դերակատարում ունեցող միջնորդ, ապա Ադրբեջանի վարքագիծը կառավարելու և կառուցողական դաշտ բերելու հնարավորությունները հայկական կողմի համար խիստ սահմանափակ են»։
Ըստ նրա՝ բանակցային գործընթացի վրա բացասաբար է ազդում նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական բալանսի խիստ անհավասարությունը։ Ուստի երկկողմ ձևաչափի դեպքում Երևանի և Բաքվի «դիրքերը հավասար չեն»։ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ սա է պատճառը, որ հիմնականում ականատես ենք լինելու հայկական կողմից միակողմանի քայլերի, Ադրբեջանը փոխզիջման չի գնում։
Նրա գնահատմամբ՝ անկախ հանդիպման վայրից՝ ՀՀ համար առանցքային պետք է լինի բանակցությունների անցկացումը Գրանադայի հանդիպման օրակարգի շուրջ։
«Խոսքը հիմնականում վերաբերում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացի շարունակությանը, որը պետք է բխի հայեցակարգային շահերից, ինչպես նաև նոյեմբերի 9-ի փաստացի չգործող փաստաթղթից կախվածության վերացումից»,- պարզաբանել է նա։
Եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Ադրբեջանը պահանջում է Նախիջևանի հետ իր կապն ապահովելու համար «միջանցք» տրամադրել, այսինքն՝ ճանապարհ, որը Հայաստանը չի վերահսկի։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են ապաշրջափակել հաղորդակցությունները, սակայն մտադիր չեն կորցնել ինքնիշխանությունը այդ տարածքներում։ Փաշինյանը նախօրեին կրկին ասել է, որ Հայաստանից փորձում են կորզել փաստաթղթի «բովանդակության հետ կապ չունեցող զիջում»։ Բացի այդ, հայ վերլուծաբանները խոսում են ԼՂՀ-ի լուծարումից հետո իր իմաստը կորցրած հայտարարությունը չեղարկելու անհրաժեշտության մասին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-ադրբեջանական բանակցություններ Ալմաթիում