«Հակառակ ճանապարհը տանում է կործանման». Փաշինյանը՝ խաղաղության օրակարգի մասին
Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում
«Մեր ժառանգած բանակցային տրամաբանությամբ՝ առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ: Հենց այդ ժառանգությունն է պատերազմի հիմք ու պատճառ հանդիսացել»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը խորհրդարանում:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթը բնորոշել է որպես խոսակցություն ապագայի մասին: Վարչապետն ասել է, որ պետության և անվտանգության միակ երաշխիքը համապարփակ խաղաղությունն է, ուստի նաև խաղաղության օրակարգը:
«Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլև ՀՀ-ի կործանման: Եվ մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող»,- շեշտել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարվա ողջ ընթացքում ընդդիմությունը շրջանառել է երկու թեզ.
- Հայաստանի կառավարությունը միայնակ է թողել Արցախին,
- իշխանությունը պետք է որդեգրի «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը: Եթե չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։
Առաջին թեզն, ըստ Փաշինյանի, հերքվում է բյուջետային ցուցանիշներով. 2021 թ.-ին Հայաստանի աջակցությունն Արցախին 2019 թ.-ի համեմատ աճել է 122%-ով:
Ինչ վերաբերում է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինել-չլինելու հարցին՝ վարչապետի խոսքով՝ ներկայիս ընդդիմությունն իր իշխանության տարիներին ամենևին էլ չի առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։ Ընդհակառակը՝ Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, հայտարարել է Փաշինյանը։
Իր ելույթում նա մանրամասն անդրադարձել է ընդդիմության մեղադրանքներին՝ հիմնավորելով իր հակառակ պնդումները:
Փաշինյանի ելույթում հնչած մանրամասները։
«Եղել ենք, կանք ու կլինենք Արցախի կողքին»
Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ 2021-22 թթ.-ին Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության․
«Հայաստանի աջակցությունն Արցախին 2021 թ.-ին աճել է 122%-ով կամ 70 մլրդ դրամով: Իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48%-ով կամ 45 մլրդ դրամով»:
Ըստ վարչապետի՝ նախորդ տարի Արցախի բյուջեն երբևէ ամենաբարձրն է եղել: Բյուջեի 73%-ը վճարել է Հայաստանի կառավարությունը.
«2021 թ.-ին Հայաստանի կառավարության աջակցությունն Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թ.-ի Արցախի ամբողջ բյուջեն»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նաև պետական ծառայողների աշխատավարձերի, արցախցիների կենսաթոշակների և նպաստների վճարման, կոմունալ ծախսերի փոխհատուցումների, Արցախում իրականացված և ընթացիկ, այդ թվում՝ բնակարանաշինական ծրագրերի մասին:
Վարչապետը շեշտել է, որ այս ամենը «թմբկահարելու» կարիք կառավարությունը չի տեսնում՝ իրենց աշխատանքն են անում.
«ՀՀ կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»:
«Կատարյալ սուտ են». ընդդիմության պնդումների մասին
Փաշինյանի խոսքով՝ 1998-2018 թթ․-ին իշխանության ղեկին եղած և այժմ ընդդիմադիր գործիչներն են փորձում Արցախ-Հայաստան հակասություններ սերմանել։ Ասում է՝ «նախկինները» ներկայացնում են, թե՝ ի տարբերություն գործող իշխանության առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևով.
«Այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը և թե նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»։
Փաշինյանը նման պատասխանատու հայտարարություն անելու համար հիմնավորումներ է ներկայացրել: Նրա փոխանցմամբ՝ 1998 թ․-ի նոյեմբերի 25-ին Հայաստանի իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնել է որպես բանակցային հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված «ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է․
- «ԼՂ-ն հանրապետական ձևի պետական տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
- «ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ հատուկ նշումով»։
«Ընդհանուր պետություն» առաջարկին հաջորդել է տարածքների փոխանակման փաթեթը, որը ենթադրում էր՝ «ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում է ԼՂ-ը»։
Վարչապետի խոսքով՝ հիշատակված առաջարկն ու փաթեթը որպես բանակցային հիմք ընդունելով, Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները «Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս» կամ առնվազն «չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»:
Փաշինյանը ևս մեկ անգամ հիշատակել է Մադրիդյան սկզբունքների մասին իր հայտարարությունը՝ կրկնելով այն միտքը, թե դրանք ընդունելով, օրվա իշխանությունները «բացառել են Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն»։
«Մեր ժառանգած բանակցային տրամաբանությամբ առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ- ը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ, ներառյալ՝ միջանկյալ»,- հայտարարել է վարչապետը։
Նա հավելել է, որ հենց այդ ժառանգությունն է պատերազմի հիմք ու պատճառ հանդիսացել:
«Խոսակցություն ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին»
Նախորդ իշխանությունների օրոք բանակցային գործընթացի մասին տեղեկությունների հրապարակումը Փաշինյանը բնորոշել է որպես խոսակցություն ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: Վստահեցրել է՝ իր կառավարությունը կեղծիքներով իշխանություն պահելու խնդիր չունի։ Ուստի պարտավոր է ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով.
«Այդ լեզուն պահելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը խուսափի բանակցային բովանդակության և հանրության հետ խոսակցության բովանդակության միջև անհաղթահարելի ճեղքեր առաջացնելու քաղաքականությունից»:
Վարչապետի համոզմամբ՝ անցյալի փաստերը պետք է բերեն հետևությունների, իսկ գործող իշխանությունը հետևություններ արել է:
Այժմ ԼՂ-ի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը:
Ղարաբաղի կարգավիճակը դիտարկում են ոչ թե որպես նպատակ, այլ որպես ԼՂ-ի հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատություններն ապահովելու միջոց:
«Սա մի խոսույթ է, որը հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակներն ու ԼՂ-ի խնդրի էությունը: Կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ-ի հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,- շեշտել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում ոչ մեծ, ոչ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, իսկ պետության ու անվտանգության գոյության միակ երաշխիքը համապարփակ խաղաղությունն է:
Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, սահմանները՝ սահմանազատված և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված:
«Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանա՞նք, կստացվի՞: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք:
Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»,- ընդգծել է նա:
Հայաստանի վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունն ունի կամք և վճռականություն այդ ճանապարհով գնալու համար։ Նա պնդում է, որ «հակառակ ճանապարհն անթույլատրելի է», քանի որ տանում է թե՛ ԼՂ-ի, թե՛ Հայաստանի կործանման։
Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում