«Աղոթենք գյուղերի գոյատևման համար, բայց առանց ներդրումների դա չի օգնի»․ երեք պատմություն
Քչերը գիտեն Կովկասի գյուղերի կյանքի մասին։ Մինչդեռ գյուղերը փորձում են գոյատևել մի իրավիճակում, երբ պետական աջակցությունը նվազագույն է, իսկ մասնավոր ներդրումներ գրեթե չկան։ Քրտնաջան աշխատանքը շատ քիչ է մեքենայացված։ Իսկ երիտասարդները, որոնք կարող էին բերել հողի ու անասունների հետ աշխատելու նոր գիտելիքներ և արդյունավետ մեթոդներ, զանգվածաբար հեռանում են հեռանկար չտեսնելու արդյունքում՝ նպատակ ունենալով կրթություն և աշխատանք փնտրել քաղաքում կամ առհասարակ տարածաշրջանից դուրս։
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գյուղացիներն ու ֆերմերները իրենց պատմություններով կիսվել են JAMnews-ի լրագրողների հետ:
Հայաստան. «Կանայք կարող են լողանալ հենց փողոցում, գյուղում ոչ մի տղամարդ չի մնացել»
«Տղամարդիկ գարնանը հեռանում են գյուղերից՝ աշխատելու շինհրապարակներում, սովորաբար Ռուսաստանում: Եվ նրանք վերադառնում են աշնանը: Որովհետև Հայաստանի գյուղերում տղամարդկանց աշխատավարձերը շատ ցածր են։ Իսկ երեխաներն ու տնային տնտեսությունը մինչև նրանց վերադարձը մնում են կանանց ուսերին: Բացի այդ, նրանք փորձում են որևէ բիզնես հիմնել։ Նրանց համար ցանկացած եկամուտ լավ է, օգուտ է ընտանիքին:
Եթե մենք՝ տղամարդիկ և կանայք, այսքան աշխատեինք Եվրոպայում, երեք անգամ ավելի կվաստակեինք»,— ասում է Տափերական գյուղի բնակիչ Լուսինե Մելիքյանը։
«Մեզ մոտ կատակում են, որ հարևան Նոր Կյանք գյուղում կանայք կարող են հենց փողոցում լողանալ, ամաչելու կարիք չկա, տղամարդ ընդհանրապես չի մնացել։ Մեկ կիլոգրամ խաղողի համար ծախսում ենք 30 ցենտ (համարժեք դրամ): Իսկ գնորդներին տալիս ենք 27 ցենտով։ Ո՞վ կմնա այստեղ՝ աշխատելու նման պայմաններում»,- պատմում է Հակոբ Մանուկյանը։
Պատմություններ Տափերական գյուղից. Հեղինակներ՝ Սոնա Մարտիրոսյան, Արման Ղարաջյան
↓
- Որդան կարմիրը ոչնչացման եզրին է
- Խոր Վիրապ. ինչու և ինչպես բանտը սրբատեղի դարձավ: Տեսաբլոգ Հայաստանից
- Ֆոտոսեսիա․ Հին Գորիս՝ քարայրային քաղաք
- Հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը մարդկանց և պետության կյանքում
Վրաստան. «Գյուղում մարդ չի մնա, և մեր նախնիները մեզ չեն ների»
«20 տարեկանում ես հեռացա Կասպիից՝ գյուղում ապրելու, քանի որ սիրահարվեցի։ Եվ ես բախտավոր եմ իմ ընտանիքի հետ: Բայց շատ կանայք, ընդհակառակը, ստիպված են թողնել իրենց երեխաներին, հեռանալ գյուղից ու մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի կերակրեն իրենց ընտանիքներին»,— նշում է Անա Մելուան։
«Որ երիտասարդն ամուսնանա, կնոջը բերի այստեղ, այստեղ բիզնես հիմնի՞։ Այսօր նման բան անհնար է պատկերացնել։ Գոնե կենաց բարձրացնենք վրացական գյուղը ոչնչացումից փրկելու հույսի համար»,- ասում է Մալխազ Ջանանաշվիլին։
Պատմություններ Խովլե գյուղից. Հեղինակներ՝ Նինո Նարիմանիշվիլի և Նինո Մեմանիշվիլի
↓
- Վրացական գինի․ ի՞նչ է կանգնած հաջողության հետևում
- Թե ինչպես էր փոխվում Սվանեթին
- Նրանք Վրաստանում են ապրում հարյուրից ավել տարի, և ոչ ոք նրանց մասին չգիտի
- «Հավատացյալը կարո՞ղ է լողալ ծովում» կամ ինչպես եկեղեցին դարձավ Վրաստանի ամենաազդեցիկ և հարուստ ինստիտուտը
Ադրբեջան. «Սա «Հոլիվուդ» է, որտեղ երեխաները մրսում են դպրոցում
Պատմություններ Մելհեմ գյուղից. Հեղինակներ՝ Սևգի Իսմայիլբեյլի, Գյուլանդամ Խադիսովա
↓
Այս գյուղում 1980-ականների վերջին նկարահանվել է հայտնի ադրբեջանական կատակերգական «Գողացել են փեսացուին» ֆիլմը։ Իսկ գյուղը ստացել է «ադրբեջանական Հոլիվուդ» անվանումը։
«Սա «Հոլիվուդն» է, որտեղ երեխաները մրսում են դպրոցում: Դիմել ենք ամեն տեղ։ Դուք պետք է տեսնեք, թե ինչ է կատարվում այստեղ, եթե անձրև կամ ձյուն է գալիս: Պետությունը, քաղաքապետարանը, ճանապարհային գերատեսչությունը, ոչ ոք մեզ չի լսում»,- հուսահատված պատմում է Մելհեմ գյուղի միակ բուժքույր Աֆիլա Բագիրովան։
Բաքվից Շամախի 120 կիլոմետրը հարմարավետ գնացինք։ Մինչև Մելհեմ գյուղ մնացել էր ընդամենը ութ կիլոմետր։ Բայց նորմալ ճանապարհն այստեղ ավարտվեց։ Մեր բախտից այդ օրն անձրև չեկավ։ Տեղացիներն ասում են, որ գյուղ տանող փոշոտ ճանապարհը, որը ծածկված է հսկայական չորացած հողե գնդերով, բացարձակապես անանցանելի է դառնում, երբ անձրև է գալիս։
- 13 լուսանկար ադրբեջանական գյուղից, ուր հնարավոր չէ ձմռանը հասնել
- Կովեր, պատերազմ և հավատք․ կրիշնայական ֆերմերի պատմությունն ադրբեջանական գյուղից
- Գյուղացի աղջիկ, որի մոտ ամեն ինչ ստացվել է
Մելհեմ գյուղը գտնվում է Շամախիի շրջանում՝ նախալեռներում, այնտեղ հիանալի բնություն է, և սա Ադրբեջանի ամենահին բնակավայրերից է։
Գյուղի հիմքը դրվել է 9-12-րդ դարերում մի փոքր ավելի ներքև՝ հոսանքն ի վար, Գյուլուստան բերդի շուրջ։ Իսկ այժմ բերդի շուրջ կարելի է գտնել հնագույն կացարանների հետքեր։ Հնագետներն այստեղ հայտնաբերում են հազվագյուտ իրեր, որոնք վերագրվում են մ.թ.ա. առաջին հազարամյակին:
Շամախիի շրջանը հայտնի է իր սեյսմիկությամբ և հաճախակի երկրաշարժերով։ Հետևաբար, ավելի նոր ժամանակներում գյուղը մոտեցրել են լեռան գագաթին։ Բոլորը ստիպված են եղել կառուցել նոր տներ։ Ներկայումս գյուղի ամենահին տունը ավելի քան 150 տարեկան է։
Այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Տեղացիներն ասում են, որ գյուղի նոր տները կառուցում են լեռան գագաթին էլ ավելի մոտ։ Պատկերավոր ասած՝ գյուղը կամաց-կամաց շարժվում է դեպի գագաթ։
Հաճախակի երկրաշարժերը դարեր շարունակ ավերել են այս գյուղի գրեթե բոլոր պատմական վայրերը։ Այստեղ է եղել նաև Ադրբեջանի հնագույն մզկիթներից մեկը, սակայն դրանից միայն մի քանի քար է մնացել։
Երկար ժամանակ գյուղը մնացել է առանց մզկիթի, և միայն 1999 թվականին բնակիչների նախաձեռնությամբ կառուցվել է նորը, իսկ կողքին՝ փոքրիկ մեդրեսե։
- Կարտոֆիլ՝ ծառից, մանդարին և այլ մրգեր. 25 լուսանկար՝ Ադրբեջանի հարավից
- «Ադրբեջանի հասարակության վրա իսլամն էական ազդեցություն չունի». ի՞նչ է դա նշանակում
Ճանապարհներն ու դպրոցը հիմնական խնդիրներն են
43-ամյա Մալախաթ Մուրսալովան այստեղ է տեղափոխվել ամուսնությունից հետո և արդեն 24 տարի է, ինչ ապրում է Մելհեմում։ Աշխատում է դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցչուհի։
«Ճանապարհները սարսափելի վիճակում են, և փոշու ու ցեխի միջով դպրոց գալն ու տուն վերադառնալը մեծ խնդիր է երեխաների համար։ Հատկապես անտանելի է, երբ անձրև կամ ձյուն է գալիս,»,— նշում է Մալախաթը։
10-ամյա աշակերտ Խայալն ասում է, որ ձմռանը դասարաններում շատ ցուրտ է. «Բաճկոններով ենք նստում։ Որոշ դասարաններ ունեն էլեկտրական տաքացուցիչներ, իսկ մենք՝ ոչ: Սառչում ենք»:
Դպրոցում ջեռուցման համակարգ չկա։ «Ես այդ դպրոցն ավարտել եմ 2008 թվականին։ Այն ժամանակ դասագրքերի հետ նաև վառելափայտ էինք տանում դպրոց, այնտեղ վառարան վառում, որ մի կերպ տաքանանք։
Այժմ գյուղաբնակ երեխաների մեծ մասը սովորում է շրջկենտրոնում՝ Շամախիում։ Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ կարող են դա իրենց թույլ տալ, իրենց երեխաներին տանում են այնտեղ, կրթական մակարդակը նույնպես ավելի բարձր է։ Նրանք, ովքեր այստեղ են դպրոց գնում, հետագայում ուսումը շարունակելու հնարավորություններ չունեն»,- ասում է տեղացի Խանալի Օրուջովը:
Գյուղում մանկապարտեզ չկա։ Խանալին ասում է, որ օգնում է եղբոր ընտանիքին՝ եղբոր որդիներին Շամախիի մանկապարտեզ է տանում։
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ տարեց բարձրահասակ տղամարդ, համաձայնեց զրուցել մեզ հետ, սակայն խնդրեց չհրապարակել իր անունը։
«Այս դպրոց եմ գնացել 1956 թվականին։ Այդ ժամանակ մոտ 800 երեխա էինք։ Հիմա սովորում է ընդամենը 130 աշակերտ։ Այն ժամանակ կրթությունը ութնամյա էր, իսկ հիմա՝ տասներկուամյա, բայց կրթական մակարդակը շատ ցածր է։ Դպրոցում կա գրադարան, բայց այն չի գործում։ Գրքեր կարդալու համար երեխաները կամ մեծահասակները պետք է գնեն դրանք, իսկ դրա համար պետք է շրջկենտրոն գնան: Մեր երիտասարդներից բուհ են ընդունվում միայն նրանք, ում ծնողները հնարավորություն են ունեցել վճարել կրկնուսույցներին»,- ասում է նա։
Մնացել են միայն տարեցները
ԽՍՀՄ փլուզումից ավելի քան 30 տարի անց շատ տեղացիներ տեղափոխվել են այլ վայրեր, առավելապես՝ Ռուսաստան։ Այժմ գյուղում ապրում է ընդամենը 1347 մարդ։ Նրանց մեծ մասը տարեցներ են։ Երիտասարդները մեկնում են քաղաքներ․ գյուղում սովորելու, աշխատելու հնարավորություններ չկան։
Գյուղացիներն ապրում են հողագործության և անասնապահության հաշվին և հավելյալ գումար են վաստակում՝ աշխատելով տարածքի ավելի հարուստ տնտեսություններում: Գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքները քիչ են, տեղանքը քարքարոտ է։ Այգիներում աճեցված բերքն ու անասնաբուծական արտադրանքն օգտագործում են իրենց համար, իսկ եթե ավելանում է, վաճառում են։
Գյուղը գտնվում է զբոսաշրջային Փիրկուլի տանող ճանապարհին։ Այդ պատճառով Մելհեմը նույնպես աստիճանաբար մտնում է զբոսաշրջության գոտի։ Վերջին տարիներին Բաքվի և այլ շրջանների բնակիչներն այստեղ հողատարածք են գնում և իրենց համար քոթեջներ կառուցում։ Քանի դեռ շինարարությունը շարունակվում է, տեղի բնակիչների համար աշխատանք կա։ Բայց այդ գործընթացները դեռևս չեն ազդում նրանց կյանքի և տնտեսությունների զարգացման վրա։
Բուժկետ՝ առանց բժշկի
«Եթե ինչ-որ մեկը հիվանդանում է, հաճախ ֆինանսական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել շրջկենտրոն կամ Բաքու՝ բուժման»,— ասում է տեղացի բուժքույր Ալիֆա Բագիրովան։
Նրա խոսքով՝ գյուղացիների միջին կենսամակարդակը շատ ցածր է.
«Ինքս ամսական 346 մանաթ [մոտ 204 դոլար] եմ ստանում։ Ամուսինս թոշակառու է։ Տանը երկուսով ենք, գումարը հերիքում է։ Բայց կան ընտանիքներ, որտեղ հինգ մարդ է ապրում, երեք երեխա դպրոց է գնում։ Պետությունից ոչ մի կոպեկ չեն ստանում, ոչ երեխայի նպաստ կա, ոչ աշխատանք։ Ով ընտանիքում թոշակառուներ ունի, նրան այդ թոշակը փրկում է։ Ոմանք կարողանում են մի քանի գլուխ ընտանի կենդանիներ գնել, դրանով էլ ապրում են։
Բայց ինչքա՞ն կարող ես այդպես դիմանալ։ Այնքան մարդ կարող էր ապրել իր գյուղում և աշխատել, եթե մոտակայքում լինեին ձեռնարկություններ կամ խոշոր տնտեսություններ։ Գոնե խաղողագործություն, ինչպես ժամանակին էր։ Բայց նրանք ստիպված են պարապ նստել»,— ասում է Ալիֆան։
Գյուղի բուժկետը բաղկացած է մեկ սենյակից, և այստեղ աշխատում է միայն Ալիֆա Բագիրովան։ Մելհեմում ուրիշ բուժաշխատող չկա։
«Եթե ինչ-որ մեկը դժվարության մեջ է, դիմում է ինձ: Պահանջվում է մանկաբարձ-գինեկոլոգ, պաշտոնը թափուր է։ Ամբողջ գյուղն ինձ ճանաչում է, բոլորն իմ հեռախոսահամարն ունեն։ Օրվա ցանկացած ժամի զանգում են, իմ ուժերի չափով օգնում եմ։ Բայց եթե վիճակն արդեն կրիտիկական է, շրջկենտրոնից շտապ օգնություն եմ կանչում»,— ասում է Ալիֆան։
Բնիկների լեզուն մոռացվում է
Մելհեմի բնակչությունը հիմնականում Ադրբեջանում ազգային փոքրամասնություն հանդիսացող թաթերն են, որոնք խոսում են իրանական խմբի լեզվով։ Բայց ամեն տարի գյուղում մայրենի լեզվով խոսողներն ավելի ու ավելի են պակասում։
Մելհեմի երիտասարդ բնակիչներից մեկը մեզ պատմեց.
«Տարեցները բոլորը թաթերեն են խոսում: Իսկ երիտասարդները հաճախ ամուսնանում են ոչ այս գյուղի աղջիկների հետ։ Նրանք տեղափոխվում են այստեղ ապրելու, իրենց երեխաների հետ խոսում են ադրբեջաներեն։ Դպրոցում նույնպես թաթերեն չեն սովորում։ Ստացվում է, որ յուրաքանչյուր սերնդի հետ մայրենի լեզուն ավելի ու ավելի է մոռացվում։ Երևի 30-40 տարի հետո այստեղ իր մայրենի լեզվով խոսող չի լինի»։