«Ռուսական օրենքը Վրաստանի անտուն կենդանիներին առանց օգնության կթողնի». ՀԿ-ներ
Կենդանիների պաշտպաններն ընդդեմ ռուսական օրենքի
Վրաստանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ աղմկահարույց «օտարերկրյա գործակալների մասին» օրենք վերաբերյալ, որը հանրությունն անվանում է «ռուսական օրենք»: Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում նման կազմակերպություններին, ուստի դրանք խիստ կախված են միջազգային փոքր դրամաշնորհներից։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո կազմակերպությունները ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ այդ կազմակերպությունների ֆինանսները լիովին թափանցիկ են։
Ի՞նչ է ասվում հայտարարության մեջ
«Վերջին քսան տարիների ընթացքում ոչ մի կառավարություն չի կարողացել մարդասիրական և արդյունավետ ծրագրեր ստեղծել երկրում անտուն կենդանիների հսկայական պոպուլյացիայի դեմ պայքարելու համար:
Կառավարության շարունակական ձախողումների պայմաններում մենք՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ, անխոնջ աշխատում ենք փողոցային կենդանիների տառապանքը մեղմելու ուղղությամբ:
Մենք կառավարությունից աջակցություն չենք ստանում։ Վրաստանում շատ դժվար է ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնել մեր աշխատանքի համար։ Ուստի մենք կախված ենք օտարերկրյա քաղաքացիներից, որոնք ունեն բարձր քաղաքացիական պատասխանատվություն և փոքր միջազգային դրամաշնորհներ։
Մեզ համար անընդունելի է դրա պատճառով հայտնվել «օտարերկրյա գործակալների» օրենքի ազդեցության տակ։
Չնայած այն ամենին, ինչ մեզ ասում է կառավարական քարոզչությունը, շահույթ չհետապնդող հատվածը թափանցիկ է: Ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, այս կազմակերպությունները նույնպես պարտավոր են ներկայացնել ամենամսյա հարկային հայտարարագրեր և գրանցել իրենց ծախսերն ու եկամուտները համապատասխան ծառայության կայքերում:
Մենք նաև շատ հարկեր ենք վճարում, ինչպես ցանկացած այլ հատված։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չի բարելավի թափանցիկությունը: Փոխարենը այն այնպիսի վարչական բեռ կդնի կազմակերպությունների վրա, որ մենք ստիպված կլինենք դադարեցնել գործունեությունը։
Ընդհակառակը, մեր դաշտում ոչ թափանցիկության խնդիրը կապված է պետական հատվածի հետ։ Մենք տեղեկություն չունենք, թե քաղաքապետարանի ծրագրերով որքան գումար է հատկացվում անտուն կենդանիների մարդասիրական խնդրի լուծման համար։ Այդ ծրագրերն անարդյունավետ են և վատնում են հարկատուների մեծ գումարները։
Անհասկանալի է, թե ով, ինչպես և ինչ կանոններով է ղեկավարում մի քանի կացարաններ, որտեղ կենդանիները զրկված են տարրական պայմաններից, ինչպիսիք են սնունդն ու անասնաբուժությունը:
Այս երկակի ստանդարտը միայն մեր ոլորտին չէ, որ բնորոշ է: Նույն վիճակն է նաև քաղցկեղ ունեցող բուժառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանեկան բռնության ենթարկվածներին կամ անօթևաններին օգնություն ցուցաբերող կազմակերպություններում։ Այսօր այդ կազմակերպությունները մատուցում են ծառայություններ, որոնք պետությունը չի կարող մատուցել։
Մենք աշխատում ենք այն խնդիրների վրա, որոնք առաջանում են իշխանությունների՝ դրանք լուծելու շարունակական անկարողության արդյունքում։ Մենք ծառայում ենք Վրաստանի ժողովրդին, իսկ այս օրենքով կառավարությունը մեզ հայտարարում է «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։
Տագնապալի է, որ կառավարությունն իր գործն անելու և սոցիալական այս կարևոր խնդիրները լուծելու փոխարեն հարձակվում է կազմակերպությունների վրա, որոնք հոգ են տանում ժողովրդի մասին։
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում շահույթ չհետապնդող այլ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք մշտապես ենթարկվում են կառավարության հարձակումներին: Կոչ ենք անում յուրաքանչյուր կենդանասերի դեմ արտահայտվել օրենքին, որը ոչ միայն բարոյական չէ, այլև անհնարին կդարձնի մեր աշխատանքը և անօգնական կթողնի բազմաթիվ անտուն կենդանիների։ Մենք տիկին նախագահին կոչ ենք անում վետո դնել «ռուսական օրենքի» վրա։ Կոչ ենք անում կառավարությանը չվերացնել վետոն»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կենդանիների պաշտպաններն ընդդեմ ռուսական օրենքի