Կարծիք․ «Ֆրանսիան վերսկսում է հայ-ադրբեջանական բանակցությունները»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Փաշինյան-Ալիև առցանց բանակցություններ։ Դրանք անցկացվել են փետրվարի 4-ի-ն, Մակրոնի ու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Դա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումն էր 2022 թ-ին։ Դրանից առաջ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին 2021 թ-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին՝ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։
Մանրամասներ այն մասին, թե ինչ են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, չեն հաղորդվել ոչ դեկտեմբերին, ոչ էլ այժմ։
Ֆրասիայի նախագահը փետրվարի 4-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է «առանցքային կետերի շուրջ քննարկումները շարունակելու անհրաժեշտության» մասին։
Ի՞նչ են նշանակում եվրոպացիների միջնորդությամբ հաճախակի դարձած հանդիպումները։ Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ, և մյուս արևմտյան գործընկերներն ավելի ակտիվ դիրք կգրավեն։ Արդյո՞ք Ռուսաստանն Արևմուտքին կզիջի ոչ միայն հումանիտար, այլ նաև քաղաքական հարցերի լուծումը։ JAMnews-ի այս հարցերին պատասխանել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
- Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Մակրոնի նախաձեռնությամբ․ «Իրավիճակն ավելի բարդ է, քան թվում է»
- Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա
- «Չափազանց կարևոր հանդիպում»․ Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների բոլոր մասնակիցների գնահատականը
Պայմանավորվածությունների իրականացման գործընթացը սառեցված է
«Ակնհայտ է, որ տեսակոնֆերանսը նախորդ տարվա դեկտեմբերին կայացած երկու հանդիպումների շարունակությունն էր։ Եվ, դատելով ֆրանսիական կողմի հայտարարությունից, Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը թելադրված է այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման դանդաղկոտությամբ կամ սառեցմամբ։
Իր հայտարարությունում Ֆրանսիան հիշատակում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծում դրանց կատարման անհրաժեշտությունը։
Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, չի հիշատակվում, սակայն հայտարարությունից պարզ է դառնում, որ դրանք դեռ կյանքի չեն կոչվել։
Ոչ միայն բրյուսելյան երկու հանդիպումներից, այլև 2021 թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից կարելի է արձանագրել, որ պայմանավորվածությունների իրականացման մասով առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունեցել՝ բացառությամբ ռազմագերիների վերադարձի մեկ-երկու դեպքից»։
Բրյուսելյան հանդիպման ժամանակ բանակցողների ձեռք բերած պայմանավորվածությունների թվում է եղել նաև հայ ռազմագերիների հարցը։ Երկու շաբաթ անց՝ հունվարի 29-ին, հայկական կողմին է վերադարձվել հինգ ռազմագերի։ Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ևս ութ գերի, ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ առցանց բանակցությունների արդյունքում։
Ուկրաինական գործոնը
«Իհարկե, Մակրոնի ակտիվացման այլ պատճառներ ևս կան, դրանք կապված են զուգահեռ գործընթացների հետ։ Առանցքային երկրների ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա։ Ես դա անվանում եմ «համընդհանուր ճգնաժամի ուկրաինական առիթ», քանի որ իրականում ճգնաժամն ավելի մեծ է, իսկ Ուկրաինան առիթ է։
Չի բացառվում, որ այս ճգնաժամի առնչությամբ մեր տարածաշրջանում առաջանան վակուումային ռիսկեր։
Այդ ռիսկերը կարող են բերել ոչ միայն որոշակի ռազմական գործողությունների, այլև գործընթացի ապակառուցողական զարգացումների և սառեցման։
Իսկ սա հետագայում կպահանջի էլ ավելի մեծ ջանքեր՝ այս փուլում առկա իրողությունները վերականգնելու համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ [Ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցությունների ձևաչափ մինչև 2020 թ-ի պատերազմը] Ֆրանսիայի ղեկավարը, լինելով կարևոր քաղաքական ֆիգուր բանակցային գործընթացում, փորձում է ստանձնել միջնորդի դեր, որը կվերահսկի գործընթացը»։
Ընտրություններ Ֆրանսիայում
«Բացի այն, որ Էմանուել Մակրոնը փորձում է Ղարաբաղյան հարցն օգտագործել ավելի լայն «ուկրաինական համատեքստում», նրա այս ակտիվացումը կարող է կապված լինել նաև Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։ Եվ որքան ընտրություններն ավելի մոտ են, Մակրոնն այդքան ավելի շատ է ակտիվանում։
Ֆրանսիայի հայ համայնքը բավականին ինտեգրված է երկրի կյանքում։ Հաճախ այն չափում են թվերով՝ ավելի քան կես միլիոն հայ։ Սակայն այն այնքան ներգրավված է երկրի տարբեր գործընթացներում, որ զգալի ազեցություն ունի ֆրանսիական հասարակության վրա։
Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ Էրիկ Զեմուրն ու Վալերի Պեկրեսն արդեն հասցրել են Հայաստան այցելել։ Պեկրեսն ավելի հեռուն է գնացել․ նա այցելել է նաև Արցախ։ Անկասկած, Մակրոնը նույնպես փորձում է հայերի ուշադրության կենտրոնում լինել, հատկապես, որ մոտ ժամանակներս Ֆրանսիայում պլանավորվում է ամենամյա միջոցառում, որը կազմակերպում է հայ համայնքը, դրան մասնակցելու են նաև Մակրոնն ու Պեկրեսը։
Բանակցային գործընթացում ինչ-որ արդյունքների Մակրոնն, այնուամենայնիվ, կփորձի հասնել, և այդ արդյունքը նա կփորձի կապիտալացնել Ֆրանսիայի ներսում»։
Եռյակն անքակտելի է, միակողմանի կերպով ոչնչի հնարավոր չէ հասնել
«ԵԱՀԿ Մինսկի խմբի [Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա] համանախագահներից ոչ մեկը չի կարող զգալի արդյունքի հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առանց մյուս երկու համանախագահների հետ բոլոր հարցերի համաձայնեցման։
Եվ այս առումով հատկանշական է, որ Փաշինյանի և Ալիևի տեսակոնֆերանսը կայացել է ոչ միայն Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպումից առաջ, այլև փետրվարի 2-ին Մակրոնի և Ջո Բայդենի, իսկ փետրվարի 3-ին՝ Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցից հետո։
Իհարկե, պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ Մակրոնը Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը, սակայն ես վստահ եմ, որ այսպես կոչված «ուկրաինական հարցերն» ավելի մեծ շրջանակ են ներառում, այդ թվում և՝ Արցախյան խնդիրը։
Խոսքը գնում է ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների մասին և, անկասկած, նրանք խոսում են Կովկասի մասին նույնպես։ Չեմ բացառում, որ փետրվարի 4-ի տեսակոնֆերանսի անցկացումը նույնպես քննարկվել է Բայդենի և Պուտինի հետ։
Համանախագահներից որևէ մեկը չի կարող միանձնյա հարց լուծել։ Նրանց միջև չի կարող նաև պարտավորությունների բաժանում լինել՝ ըստ ոլորտների։
Այն պարզ պատճառով, որ չկան առանձին վերցված հումանիտար հարցեր, և չկան առանձին վերցված քաղաքական հարցեր։ Բոլոր հումանիտար հարցերը քաղաքական բաղկացուցիչ ունեն, այս ոլորտներն ավելի քան սերտ են կապված»։