«ՀՀ տնտեսական աճը կայուն չէ, լուրջ խնդիր կարող է առաջանալ»․ կարծիք
Կարծիք՝ ՀՀ տնտեսական ակտիվության մասին
Հայաստանի կառավարությունը 2024 թվականի համար որպես թիրախ է սահմանել 7 տոկոս տնտեսական աճը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ մարտահրավերները կառավարելու, հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն ու ցուցանիշը մակրոտնտեսական կայությունն է։
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանի դիտարկմամբ՝ հենց մակրոտնտեսական ցուցանիշներն են արձանագրել տնտեսությունում տեղի ունեցող շարժը։ Դրական հոսքերն ապահովող գործոններն, ըստ նրա, արտաքին են։ Շեշտում է՝ այդ գործոնների վերացման դեպքում Հայաստանի տնտեսությունը կկանգնի լրջագույն խնդիրների առաջ։
Կառավարության՝ ՀՀ տնտեսական աճի ակնկալիքները, մեկնաբանություն
«Մակրոտնտեսական կայունությունը մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ արձանագրել է, որ մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից է․
«Մենք կարողացանք այն պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում»։
Փաշինյանի խոսքով՝ մակրոտնտեսական կայունությունն ապահովվել է, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ սկզբունքային և համակարգված պայքարի շնորհիվ։
Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսական աճի պոտենցիալը
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական աճի «շարժիչ ուժը կմնա ծառայությունների ճյուղը, իսկ շարժող բաղադրիչը՝ սպառումը»։ Կարծում է՝ դրան կնպաստեն նաև ներդրումների աճը, արտահանումների աճը։
Պատգամավորները նախարարից հետաքրքրվել են՝ առանց արտաքին գործոնների մոտավորապես որքա՞ն կկազմեր Հայաստանի տնտեսական աճը։ Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս:
«Այդ պոտենցիալի մեծությունը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք իրականացնում ենք»,- նկատել է նա և շեշտել, որ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի հենց այդ պոտենցիալի բարձրացմանը։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանի խոսքով՝ շարունակում են պահպանվել այն բոլոր գործոնները, որոնք վերջին 1.5 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության համար եղել են «աճի լոկոմոտիվներ»:
Նա նշել է, որ դրանք հիմնականում արտաքին են՝ մեծապես պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական էֆեկտով, այն է՝ ռելոկանտների առկայություն, դրամական հոսքերի դրական ֆոն ՀՀ-ում։
Ընդգծել է՝ տնտեսության համար հիմնաքարային երկու ուղղությունները՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, զգալիորեն զիջում են առկա աճի տեմպերին։ Գյուղատնտեսության ոլորտը շարունակում է գտնվել զրոյական վիճակում, իսկ արդյունաբերությունում անկումներ են գրանցվում, ինչը փորձագետը մտահոգիչ է համարում:
«Սռևտրի, սպասարկման, ծառայությունների և շինարարության վրա խարսխված տնտեսական աճը և դրանով արված գնահատականները պահպանվում են»,— հայտարարել է նա։
Ամիրխանյանի խոսքով՝ այդ ոլորտներն են գերիշխում ինչպես ՀՆԱ, այնպես էլ տնտեսական ակտիվության ցուցանիշի կառուցվածքում։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ արձանագրված տնտեսական աճը շարունակում է մնալ ոչ կայուն, արտաքին գործոնների չեղարկման պարագայում Հայաստանը կանգնելու է լրջագույն խնդրի առաջ։
«Կանգնելու ենք անկումային արդյունաբերություն ունեցող տնտեսության, գյուղատնտեսության ոլորտի, արտահանելի ոլորտի զարգացման խնդիրների առաջ»,— նշել է նա և հավելել, որ այդ խնդիրներն արդեն իսկ կան, պարզապես «բացը ծածկելու հնարավորություն» են տալիս մյուս ճյուղերի ցուցանիշները։
Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված հայերի գործոնին՝ նկատել է՝ կարող են դառնալ «տնտեսական ակտիվության խթան»։
Շեշտել է՝ եթե պետբյուջեի ծախսերի ավելացման արդյունքում պետք է ստեղծվի հավելյալ արժեք և նորից վերադառնա պետբյուջե, ապա դա «օրինաչափ երևույթ» է, ոչ թե բացասական։
«Այլ է հենց ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայության, ոչ արդյունավետության խնդիրը՝ ոչ միայն Արցախից բռնի տեղահանված մեր քաղաքացիների պարագայում, այլև ռելոկանտների»,— ամփոփել է Ամիրխանյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարծիք՝ ՀՀ տնտեսական ակտիվության մասին