Կարծիք Երևանից․ ի՞նչ սպասել Ղարաբաղում ռազմական դիմակայությունից, արդյո՞ք ելք կա և ո՞րն է այն
«Ամեն ինչ կախված է մեր զինվորից»․ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը JAMnews-ին տված հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի հնարավոր ելքի և Ռուսաստանի դիրքորոշման մասին։
«Պատերազմ է ընթանում։ Աշխարհը բավականին թույլ է արձագանքում։
Ամերիկայում այդ երկրի համար շատ լուրջ նախընտրական արշավ է ընթանում, Թրամփն էլ կորոնավիրուս է վարակվել։
Եվրոպայում հետբրեքսիթային իրավիճակ է, Եվրամիության կառավարման ընդհանուր կորուստ, ճգնաժամ և դրա հետ կապված խնդիրներ։
Ռուսաստանում՝ բելառուսական ճգնաժամ, պատժամիջոցներ, ուկրաինական խնդիրների շարունակություն, «Հյուսիսային հոսքի» հետ կապված հարցեր։
Ճգնաժամ ՆԱՏՕ-ում՝ մեր տարածաշրջանում հակամարտությանը Թուրքիայի փաստացի մասնակցության առնչությամբ։
Բացի այդ՝ նաև քաղաքական բաղադրիչ, որը կապված է բոլոր երկրներում կորոնվիրուսի հետ։
Հետևաբար, աշխարհաքաղաքական առումով ագրեսիայի համար պահը կատարյալ է ընտրված։ Ոչ ոք Ղարաբաղի ժամանակը չունի։
• Կարծիք․ ռուսական «միջանցք» Վրաստանի տարածքով․ ինչո՞վ է սպառնում հակամարտության սրացումը Ղարաբաղում
• Հայաստանի վարչապետի ուղերձը։ Ի՞նչ է նա ասել և ի՞նչ էին նրանից սպասում
Այդ պատճառով էլ քաղաքական հայտարարությունները, կոչերը կամ հեռախոսազանգերը բացարձակ բավական չեն խնդիրը լուծելու համար։
Ադրբեջանը նախապես գիտեր, որ զանգահարելու է Ֆրանսիայի նախագահը, Մինսկի խմբի համանախագահները և այլն։ Սակայն դա միանգամայն անարդյունավետ է, նրանք չունեն գործիքակազմ, որը կարող է ազդել իրավիճակի վրա։
Կան ազդեցության տարբեր միջոցներ՝ բաց, փակ։ Այլ փուլում կարելի էր այնպես անել, որ պատերազմ ընդհանրապես չլիներ։ Սակայն հիմա դա այդպես չէ։
Ելքն այս իրավիճակից կարող է տարբեր լինել․
• Հնարավոր է պատերազմի ձգձգում և երկու կողմերի հյուծում, ինչը կբերի հետագա մարտական գործողությունների անհնարինության։
• Հնարավոր է ռազմական ակտիվության նվազեցում, որից հետո այն ավելի ցածր մակարդակի վրա կմնա։
• Հնարավոր է մի կողմի հաղթանակ և մյուսի պարտություն։
Տարբեր ելքեր են հնարավոր, և դրանք բոլորը կախված են ճակատում ուժերի հարաբերակցությունից, ռազմական հաջողություններից։ Մնացածը՝ այլ ուժերի, համանախագահների և այլոց ներգրավում, այնքան էլ չի աշխատում։
Ռուսաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ ընտրություն չանի Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Սա միշտ այդպես է եղել։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նրան տարբեր առումներով են պետք, բոլորովին այլ դաշտերում։ Երկու երկրներն էլ նրա համար արժեքավոր են։
Այս կամ այն կողմի միանշանակ ընտրությունը կբերի երկուսի կորստին Ռուսաստանի համար։
Այդ պատճառով էլ Ռուսաստանը սպասում է։
Եվ միայն եթե իրավիճակն աղետալի լինի, ընդ որում, ոչ մեզ՝ հայերիս, ոչ էլ ադրբեջանցիների, այլ ռուսական շահերի համար, այդ ժամանակ Ռուսաստանը կմիջամտի։
Եթե լուրջ պատերազմ սկսի տարածվել Հայաստանի տարածքում, Ռուսաստանը ստիպված է լինելու միջամտել պարզապես այն բանի համար, որ երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են։ Այդ ժամանակ նա պետք է ընտրություն անի և էլ չի կարողանա չարձագանքել։
Սակայն Ռուսաստանն այնքան էլ չի ուզում դա, դեռևս սպասում և հետևում է իրավիճակին։
Հենց դրա համար էլ Ադրբեջանը մինչև հիմա դա չի անում [Հայաստանի տարածքին չի դիպչում]։ Սակայն սա էլ է կախված նրանից, թե ինչպես կընթանան մարտական գործողությունները, և սա վա-բանկ է։
Ընդհանրացնելով ասվածը՝ կարելի է նշել, որ ամեն ինչ կախված է մեր զինվորից»։