Թուրքիա. ավելի քան 260 ողջ մնացած երեխաների անուններն անհայտ են
Կառուցապատողների ձերբակալություններ Թուրքիայում
Թուրքիայում հետաքննություն է իրականացվում ավելի քան 600 շինարարական կապալառուների և անշարժ գույքի սեփականատերերի նկատմամբ, նրանցից 184-ը ձերբակալված են։ Նրանք մեղադրվում են փետրվարի 6-ին մի քանի ժամ տարբերությամբ միմյանց հաջորդած երկու հզոր երկրաշարժերի ժամանակ փլուզված շենքերի անորակ շինարարության հանցակցության մեջ։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Այս հոդվածի հրապարակման պահին Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մահացածների հաստատված թիվը հասել էր ավելի քան 44․200-ի։ Երկրաշարժից տուժած Սիրիայի հետ միասին զոհերի թիվը գերազանցել էր 50․000-ը։
Թուրքիայում փլուզվել կամ լրջորեն վնասվել է ավելի քան 160 հազար շինություն։ Եվ հասարակության մեջ բուռն քննարկումներ են ընթանում այն մասին, որ մարդկային սխալները զգալիորեն սրել են բնական աղետի հետևանքները։
Տարիներ շարունակ թուրք փորձագետները զգուշացնում էին, որ համատարած կոռուպցիան և կառավարության քաղաքականությունը շատ նորակառույցներ դարձրել են ոչ անվտանգ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում է նաև էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներից մեկի քաղաքապետը։
Ընդդիմադիր կուսակցություններն ու շինարարական ոլորտի որոշ փորձագետներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմին մեղադրում են շինարարական կանոններին չհետևելու թողտվության և այժմ աղետի մեղքն իր վրայից գցելու փորձերի մեջ:
Հիմնական քննադատությունն ուղղված է շինարարական կանոնները խախտած «կապալառուների համաներումներին», որոնք գոյություն ունեն երկար տարիներ։ Նրանց ներում էին խթանելու համար շինարարական բումը, այդ թվում՝ սեյսմավտանգ շրջաններում։
Սկսված լայնածավալ հետաքննությունները խոսում են այն մասին, որ նախագահ Էրդողանն ընդունում է խնդրի գոյությունը: Բայց հրապարակայնորեն դեռևս նախընտրում է խոսել այնպես, ինչպես վերջերս ասաց տուժած շրջան կատարած այցի ժամանակ. «Նման բաներ եղել են մշտապես: Դրանք ճակատագրի ծրագրի մի մասն են»:
Թուրքիայում շուտով նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Ի սկզբանե դրանք ծրագրված էին հունիսին, սակայն հունվարին որպես նոր ժամկետ նշվեց մայիսի 14-ը, այդ կերպ ընտրությունները հայտարարվեցին արտահերթ։
Երկրաշարժից առաջ էլ շատ քաղաքագետներ գործող իշխանությունների դիրքերը խիստ երերուն էին համարում 2018 թ․-ին սկսված և արագորեն վատթարացող տնտեսական ճգնաժամի պատճառով, որն ուղեկցվում էր ազգային արժույթի աննախադեպ անկմամբ։ Այժմ այս ընտրություններն ավելի են վտանգում Էրդողանի ապագան 20 տարվա պաշտոնավարումից հետո։
Երեխաներ, որոնց անունները երկրաշարժը ջնջել է
Թոմ Բեյթման, BBC News, Ադանա, Հարավային Թուրքիա
Ադանայի քաղաքային հիվանդանոցում գտնվող վիրավոր երեխաները շատ փոքր են՝ հասկանալու համար, թե որքան շատ բան են կորցրել: Ես հետևում էի, թե ինչպես են ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկները շշով կերակրում վիրավոր վեց ամսական աղջկան, որի ծնողներին երկրաշարժից երկու շաբաթ անց դեռևս չեն գտել:
Նա ունի բազմաթիվ կոտրվածքներ, աչքի տակ և ամբողջ դեմքին կապտուկներ են։ Բայց նա շրջվում է և ժպտում ինձ:
«Մենք գիտենք, թե որտեղ են նրան գտել և ինչպես է հայտնվել այստեղ: Եվ մենք փորձում ենք գտնել հասցեն: Որոնումները շարունակվում են»,- ասում է մանկաբույժ, Ադանա քաղաքի հիվանդանոցի փոխտնօրեն Նուրսա Քեսկինը։
Թուրքիայի առողջապահական մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ մինչ այժմ չեն կարողացել պարզել աղետի գոտուց հայտնաբերված ավելի քան 260 տուժած երեխաների ինքնությունը: Նրանց ծնողները հավանաբար մահացել են, քանի որ նրանց չի հաջողվել գտնել:
Երկրաշարժը քանդել է այս երեխաների տները, հիմա էլ խլել նրանց անունները։
Ստորև ներկայացված լուսանկարի աղջիկը, ըստ բժիշկների, հինգ-վեց տարեկան է։ Նա քնած է և միացված ներերակային կաթիլային սարքի: Բժիշկներն ասում են, որ նա ունի գլխուղեղի տրավմատիկ վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ։
Հարցնում եմ՝ կարողացե՞լ է ասել իր անունը: «Ոչ, միայն աչքերի կոնտակտ և ժեստեր», — պատասխանում են բժիշկները:
Շատ երեխաներ Ադանա են բերվել այլ շրջաններից, որտեղ հիվանդանոցներ են փլուզվել: Ադանան փրկության կենտրոն է դարձել։ Առաջին օրերին այստեղ նորածիններ էին բերում Իսկենդերուն քաղաքի՝ ծանր վնասներ կրած հիվանդանոցի ծննդատնից։
«Ավելի մեծ տարիքի շատ երեխաներ շոկի պատճառով չեն կարողանում խոսել։ Նրանք գիտեն իրենց անունները։ Երբ նրանց վիճակը կայունանա, մենք կարող ենք [փորձել] խոսել նրանց հետ»,- ասում է բժիշկ Քեսկինը:
Առողջապահական գերատեսչության աշխատակիցները շարունակում են չնույնականացված երեխաների և, հնարավոր է, նրանց հարազատների հասցեների որոնումները: Բայց փլատակների տակ են մնացել ամբողջական փողոցներ, և այդ խնդիրը շատ բարդ է թվում։ Հետևաբար, երեխաներին քիչ-քիչ խնամակալության են հանձնում, տեղի ընտանիքների հետ առնվազն 100 նման պայմանագիր է կնքվել։
Իսկ ծնողները երեխաներին են փնտրում
Միևնույն ժամանակ քիչ չեն այն ծնողները, ովքեր փրկվել են և հիմա հուսահատ կերպով փնտրում են երկրաշարժի ժամանակ անհետացած իրենց երեխաներին։ Թուրքական սոցցանցերը լցված են անհետ կորած երեխաների մասին հաղորդումներով՝ մանրամասն տեղեկություններով, թե փլուզված շենքերի որ հարկում են նրանք բնակվել։
Ողջ մնացած հարազատները շարունակում են առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ միասին գնալ մի հիվանդանոցից մյուսը՝ փորձելով գտնել երեխաներին կամ նրանց ծնողներին: