Եվս մեկ միջազգային օդանավակայան ՀՀ-ում․ իրատեսակա՞ն է կառավարության մտադրությունը
Կապանի օդանավակայանը՝ միջազգային
Հայաստանի կառավարությունը ցանկանում է ևս մեկ միջազգային օդանավակայան ունենալ։ Մտադիր է Կապանի «Սյունիք» օդանավակայանը ծառայեցնել ոչ միայն ներքին, այլև միջազգային չվերթների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրում կա կետ, ըստ որի՝ «Զվարթնոցից» 250 կմ հեռավորության վրա միջազգային օդանավակայան կառուցելու իրավունք չկա:
«Հիմա բանակցում ենք, որ այս կետում փոփոխություն անենք, և հանելով այդ սահմանափակումը՝ կարողանանք միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել ու Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան»,- հայտնել է Սանոսյանը։
«Զվարթնոց» օդանավակայանը 2002 թվականի հունիսի 9-ից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել արգենտինական «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը։
«Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը, իր հերթին, նշել է, որ կառույցի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթներ իրականացնելուն։ Կարծում է՝ որոշ իրավական և տեխնիկական հարցեր կարգավորելու դեպքում հնարավոր կլինի այն միջազգային հանգույց դարձնել սեղմ ժամկետներում։
Փորձագետներն այս օդանավակայանի հետ մեծ հույսեր չեն կապում։ Այն շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին։ Նախորդ տարվա օգոստոսին՝ վարչապետ Փաշինյանի Կապան այցից ժամեր առաջ օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ էին հնչել։
Հայաստանի հարավում գտնվող «Սյունիք» օդանավակայանն ի սկզբանե նախագծվել և կառուցվել է միջազգային չվերթներ սպասարկելու հնարավորությամբ և հեռանկարով:
Առայժմ, սակայն, այստեղ վայրէջք են կատարում միայն Երևանից ժամանած ինքնաթիռներ։ Առաջին՝ Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2023 թ․-ի ապրիլի 26-ին: Արդեն օգոստոսի 21-ից մեկնարկել են ուղևորափոխադրումները, որոնք իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
7 ամսում կատարվել է 35 թռիչք:
«Արմենպրես»-ի հետ զրույցում օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ թռիչքներ են չեղարկվել այն դեպքերում, երբ եղանակային պայմանները չեն նպաստել դրանց անվտանգ իրականացմանը:
«Սակայն նման իրավիճակներ պատահում են նաև աշխարհի խոշորագույն օդային հանգույցներում: Ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի անվտանգությունն առաջնային է»,- պարզաբանել է նա։
Հայաստանի տարածքում 1961 թվականից գործում է նաև «Շիրակ» միջազգային օդանավակայանը։ Իր ցուցանիշներով զիջում է գլխավոր՝ «Զվարթնոց» օդանավակայանին։ Գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա:
Վարդանյանի խոսքով՝ օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով կառավարությունը ձեռք է բերում և տեղադրում համապատասխան սարքեր: Ասում է՝ արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք․
«Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկատվություն և էականորեն կրճատում է չվերթների չեղարկման հավանականությունը»։
Հայտնի է, որ «Սյունիք» օդանավակայանի գործունեությունն ապահովում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։
Միայն օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար հիմնադրամը տրամադրել է ավելի քան 10 միլիարդ դրամ: Բացի այդ, այն հոգում է նաև օդանավի պահպանման ծախսերը, փոխհատուցում չվերթն իրականացնող «Նովէյր» ընկերության ծախսերը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կապանի օդանավակայանը՝ միջազգային