Հայ կանայք բիզնեսում. ի՞նչ ուղղություններ են ընտրում և որքանո՞վ են հաջողում
Կանայք Հայաստանի բիզնես միջավայրում
Հայաստանում նկատվում է կանանց ակտիվացում բիզնես ոլորտում։ Նրանք իրենց ուժերը փորձում են հիմնականում փոքր և միջին բիզնեսում՝ առավել հաճախ ծառայությունների ոլորտում: Ըստ վիճակագրական տվյալների՝ կանայք հաջողում են առևտրի, տուրիզմի, կրթության, բժշկության, թեթև արդյունաբերության ճյուղերում:
Վերջին տարիներին, կանայք նաև խրախուսվում են փոքր և ոչ ռիսկային նախաձեռնություններում՝ ինչպես պետական ծրագրերով, այնպես էլ տարբեր միջազգային դրամաշնորհների միջոցով:
Կանանց տնտեսական ակտիվությունը փորձագետները բացատրում են գիտելիքների առկայությամբ՝ նրանց մեծ մասը ստացել է որակյալ բարձրագույն կրթություն։ Մեծ դեր է խաղում նաև նրանց՝ տնտեսական անկախության և իրենց սոցիալական դերի բարձրացման ձգտումը։
- Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել
- Հայաստան․ երեք կնոջ պատմություն, որոնք փրկում են իրենց բիզնեսը կորոնաավիրուսից
- Հոլանդացիները՝ հաջողակ գործարարներ Հայաստանում
«Բիզնես սկսելու համար ավելի կարևոր է միջավայրն ու հոգեկան ամրութունը, քան ֆինանսները»
Անի Եղիազարյանն ապրում է Վայքում: Մի օր որոշել է՝ ժամանակն է օգտագործել իր գիտելիքներն ու հմտությունները սեփական գործ հիմնելու և եկամուտ ստանալու համար։ Միավորել է Արցախից տեղահանված կանանց ու հիմնել ժենգյալով հացի արտադրություն: Այսպիսով փորձում է ինքը կայանալ որպես ձեռներեց և օգնել կանանց, որոնք 2023 թվականից՝ Հայաստան տեղեփոխվելուց հետո, հայտնվել են նոր միջավայրում և աշխատելու, ընտանիքին աջակցելու խնդիր են լուծում:
«Գաղափարը կյանքի կոչելու համար ինձ մեծապես օգնել է ընտանիքս։ Կարծում եմ՝ կանայք բիզնեսում հենց հարազատների աջակցության կարիքն ունեն: Ճիշտ ընտրված բառերը կարող են թևեր տալ կանանց, մղել գաղափարների իրականացման»,- ասում է Անին:
Հատկապես մարզերում, նրա կարծիքով՝ կանայք ավելի ստեղծարար և համարձակ են։ Նկատում է, որ շատերը չեն վախենում սխալվելուց։
Նաև շեշտում է, որ կանանց շրջանում մեծ է ցանկությունը ոչ միայն ընտանիքի հոգսերը հոգալ, այլև ինքնադրսևորվել տնտեսական ոլորտում․
«Բիզնես սկսելու համար ավելի կարևոր է միջավայրն ու հոգեկան ամրութունը, քան ֆինանսական ռեսուրսները: Այսօր տարբեր ծրագրերի, վարկային պրոդուկտների միջոցով կարող ես գաղափարդ կյանքի կոչել, պարզապես քեզ հավատացողներ են անհրաժեշտ»:
Անին ամենամոտիվացնող խոսքերը ստացել է հենց կանանց շրջանում՝ հատկապես նրանց, ովքեր արդեն ինչ-որ նախաձեռնութուններ են իրականացրել և հասել որոշակի հաջողությունների․
«Երբեմն իրար օգնում ենք կոնտակտներով, կարևոր տեղեկություններով: Նման մի տեղեկատվության շնորհիվ կարողացա դիմել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ծրագրի փոքր դրամաշնորհների նախաձեռնությանը և ստանալ աջակցություն սառցախցիկի տեսքով: Այդպես կարողանում են սեզոնային կանաչիներ պահուստավորել և շուրջ տարի օգտագործել»:
Նորաստեղծ բիզնեսի ղեկավարն ասում է՝ կանանց խումբը աշխատանքին մեծ պատասխանատվությամբ է կատարում, պատվերներն իրականացնում է սեղմ ժամկետում:
Բիզնեսում իր առաջին փորձի հաջողելու դեպքում Անին նախատեսում այլ մտահղացումներ էլ իրագործել.
«Կարծես կարիք ունեմ փորձելու իմ կարողությունները, սթրեսակայունությունը, բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու հմտությունը։ Հետագայում պատրաստվում եմ ավելի ռիսկային ու մաշտաբային գործունեություն ծավալել: Կարևոր է սեփական հնարավորությունների սահմանը ճանաչելը»:
Վիճակագրական փաստեր կանանց տնտեսական ակտիվության վերաբերյալ
Ըստ համաշխարհային բանկի 2024թ-ին ներկայացված վիճակագրության՝ Հայաստանում կանանց սեփականությունը տարբեր ընկերություններում կազմում է մոտ 28%: Այսինքն յուրաքանչյուր 3-րդ ընկերությունում կա կին սեփականատեր կամ համասեփականատեր։
«Գլոբալ ձեռներեցության մոնիթոր» (GEM) 2024/2025 թվականների զեկույցի համաձայն, կանանց ձեռնարկատիրական ակտիվությունը գնալով աճում է, բայց դեռևս ցածր է տղամարդկանց համեմատ:
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2026թ․ ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացրած տեղեկատվության համաձայն, վարկեր ստացած ֆիզիկական անձանց թիվը կազմել է 939 551 մարդ, որից
- շուրջ 474 հազարը, կամ 50.5%-ը կանայք են,
- 466 հազարը, կամ 49.5%-ը՝ տղամարդիկ։
Վարկառու կանանց թիվը մի փոքր բարձր է, քան տղամարդկանց, և այստեղ կան նաև սոցիալական պատճառներ: Սակայն բանկային ոլորտի մասնագետները փաստում են, որ կանայք սկսել են առավել հաճախ դիմել նաև հատկապես բիզնես վարկեր ստանալու նպատակով:
Կանայք, որոնք արդեն բիզնես փորձառություն են ձեռք բերել, կրկին դիմում են վարկավորման համար
Հայկանուշ Սարգսյանը վարկային մասնագետ է Հայաստանի առաջատար բանկերից մեկում։ Տրամադրում է բիզնես վարկեր ինչպես նորաստեղծ, այնպես էլ արդեն կայացած բիզնեսներին:
Վերջին երեք տարիներին, նրա խոսքով, իր վարկային պորտֆելում մոտ 3 անգամ ավելացել են կանանց կամ նրանց մասնակցությամբ վարկավորման հայտերը․
«Մեզ նոր վարկավորման կամ վերավարկավորման համար դիմող կանանց մի զգալի մասը մեր նախկին հաճախորդներն են: Նրանք սկսել են ավելի ակտիվ դիմել, որովհետև նախկինում կարողացել են սպասարկել վարկը և իրենց բիզնես նախաձեռնություններում ունենալ հաջողություն»:
Մասնագետի խոսքով՝ այս կանայք ոչ միայն իրենք են դիմում, այլև իրենց շրջապատի կանանց են ուղորդում.
«Որպես կանոն, վերջիններս ավելի պատասխանատու են։ Վերլուծութունների ժամանակ հստակ տեսնում ենք իրենց գրանցած առաջընթացը և պակաս ռիսկային ենք գնահատում նրանց հայտերը»:
Տրամադրված վարկերի վերլուծությամբ պարզվել է, որ կանանց բիզնեսներն ունեն միջին բիզնեսին հատուկ շրջանառություն, հիմնականում ծառայությունների ոլորտում են։ Խոսքը գնում է խմորեղենի արտադրության, կրթական կենտրոնների, հագուստի արտադրության, գովազդային և մարքեթինգային ծառայությունների մասին:
«Վարկավորման դիմող կանայք ավելի հստակ են շարադրում իրենց նպատակները, ակնկալիքները, գիտեն՝ ինչ ժամկետներում կկարողանան մարել վարկ և ինչ բյուջեի կարիք ունեն: Ի տարբերություն կանանց, տղամարդիկ ավելի անորոշ պատասխաններ են տալիս, ավելի շատ ռիսկեր են տեսնում իրենց բիզնեսի զարգացման համար: Կանայք բիզնեսում կարծես կողմնորոշվում են բնազդով»,- ասում է վարկային մասնագետը։
Ըստ հայտերի, նրա խոսքով՝ վարկավորումների չափերը տարբեր են՝ ամենափոքր ֆինանսավորումը սկսվում է հինգ միլիոնից և հասնում հիսուն միլիոնի․
«Չնայած բանկերը տարբեր ուղղություններով ունեն արտոնյալ վարկային պրոդուկտներ, սակայն կանանց գործարարությունը խթանելու համար՝ հատկապես սկսնակներին, անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքով վարկեր որպես հավեյալ մոտիվացիա»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կանայք Հայաստանի բիզնես միջավայրում