«Ծխելն արգելված է»․ նոր օրենք Հայաստանի հանրային սննդի վայրերի համար
Մարտի 15-ից Հայաստանի հանրային սննդի վայրերում գործում է ծխախոտի օգտագործման արգելք։ Այն տարածվում է ինչպես ծխախոտային արտադրատեսակների, այնպես էլ դրանց փոխարինիչների վրա։
Հանրային սննդի բացօթյա վայրերը ևս պարտավոր են հետևել օրենքին։ Կառավարությունը օրենքի կիրարկման վերահսկողությունը վերապահել է ոստիկանությանը։
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումն այսօրվանից արգելված է հանրային սննդի փակ և բացօթյա վայրերում։ Օրենքի դրույթը տարածվում է ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների, ինչպես նաև խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման մյուս վայրերի վրա։
Հայաստանի առողջապահական գերատեսչության տեղեկացմամբ՝ արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.
«Պաշտոնատար անձը կտուգանվի 150-200 հազար դրամով, ֆիզիկական անձը՝ 50 հազար դրամով»։
Վերահսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը։
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ ընդգծել է՝ օրենքի նպատակը քաղաքացիների, հատկապես՝ երիտասարդների առողջությունը պաշտպանելն է․
«Օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 18-69 տարեկանների ավելի քան 28%-ն օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ։ Ծխելու պատճառով ի հայտ եկած հիվանդությունների հետևանքով տարեկան մոտ 5500 մարդ է մահանում ՀՀ-ում։
Ծխախոտի կամ դրա փոխարինիչների օգտագործման արգելքը նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով։
Արգելքի ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ՝ մարտ 9-ին, ՀՀ առողջապահության փոխնախարարը արտահերթ կարգով խորհրդարանին առաջարկեց ևս մեկ լրացում կատարել օրենքում՝ հստակեցնել ծխախոտային փոխարինիչների մեջ կիրառվող նյութի տեսակները։
«Ընդամենը այս մեկ բառով («նյութ») փորձում ենք լուծել այն ծխախոտային արտադրատեսակների բացը, որոնք էլեկտրոնային են, սակայն աշխատում են ոչ թե լուծույթի, այլ պինդ նյութի միջոցով, որը պարունակում է նիկոտին», — առաջարկը ներկայացնելիս նշել էր փոխնախարար Լենա Նանուշյանը։
Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի առաջարկով «նյութ» բառի փոխարեն ընդունվել էր «խառնուրդ» տարբերակը՝ հաշվի առնելով այն, որ խառնուրդը ներառում է «ագրեգատային տարբեր վիճակներում գտնվող նյութերի համալիրը»։
2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ էր մտել հակածխախոտային օրենքի մեկ այլ դրույթ, որով արգելվել էր ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի վայրերում։
Առողջապահության փոխնախարարը խոսել էր ծխախոտի հրապարակային ցուցադրման արգելքի մասին՝ շեշտելով, որ ուժի մեջ մտած փոփոխությունն արդյունավետ է գործում։ Նանուշյանը վստահեցրել էր, որ հանրային սննդի վայրերում ծխելու արգելքի պարագայում նույնպես կկարողանան ապահովել օրենքի կիրարկումը։
«Օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողության լիարժեք իրականացումից, այլ նաև մեր բնակիչների գիտակցությունից ու իրազեկվածության աստիճանից: Դրա ուղղությամբ, իհարկե, մենք նույնպես աշխատանքներ ենք տանում»։
Փորձագիտական կարծիք
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը տարեսկզբից ուժի մեջ մտնող սահմանափակումները գնահատում է դրական, բայց ոչ բավարար։ Կարծում է՝ անհրաժեշտ է նաև «շեշտակի բարձրացնել ծխախոտի գները»։
Հանրային առողջության մասնագետի դիտարկմամբ՝ ծխախոտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը թանկացումն է։
«Հայաստանում ծխախոտի արտադրանքի գները մնում են տարածաշրջանում ամենացածրը, ուստի այս օրենքի ամբողջությամբ ուժի մեջ մտնելուն զուգահեռ նաև կառավարությունը պետք է լրջորեն մտածի ծխախոտի գների բարձրացման ուղղությամբ»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Մելիք-Նուբարյանը։
Արձագանքելով հնչող կարծիքներին, թե բացօթյա վայրերում ծխելու արգելքն անտրամաբանական է, մասնագետը նշել է, որ որոշումն այս փուլում անհրաժեշտ է, քանի որ Հայաստանում դեռևս չկա հակածխախոտային մշակույթ․
«Միգուցե մի քանի տարի հետո, երբ մենք էլ փոխենք հասարակության մեջ վերաբերմունքը ծխելու և այլ վտանգավոր ռիսկի գործոնների հանդեպ, կարելի է մտածել դա, բայց այս փուլում կարևոր է»։