Խորհրդարանի խոսնակի սկանդալային հայտարարությունները, հայ գերիների ծնողների բողոքը
Արցախյան երկրորդ պատերազմից հետո դեռևս Ադրբեջանում պահվող գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիաներ են անցկացնում։ Եթե մինչ այս պահը նրանք հավաքվում էին Հայաստանի կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել իրենց որդիներին, ապա այժմ նրանք նաև պատասխան են պահանջում խորհրդարանի խոսնակի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ։ Ալեն Սիմոնյանը գաղտնի նկարահանված տեսանյութում ասում է, որ իր համար «այդ գերիներն արդեն չկան», դրանք այն մարդիկ են, որոնք զենքը վայր են դրել, փախել և մոլորվել։
Գերիների ծնողները վրդովված են, որ առանց հանգամանքների քննության՝ խոսնակն իրենց որդիներին դասալիք և հանցագործ է անվանել։
Հայաստանի բնակիչները հետևում են իրավիճակի զարգացմանն ու ակտիվորեն այն քննարկում սոցցանցերում, քանի որ գերիների վերադարձի հարցի չլուծված լինելը ցավոտ է ընկալվում ողջ հասարակության կողմից։
Իրավիճակի բոլոր մանրամասները, նաև փորձագետի կարծիք։
- ԱՄՆ Կոնգրեսն Ադրբեջանից պահանջում է բոլոր գերիներին հայրենիք վերադարձնել
- Հայց ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը դիմել է ՄԱԿ Միջազգային դատարան
- Ադրբեջանի ու անհայտության գերիները․ նրանց գտնելու և վերադարձնելու հայկական կողմի փորձերը
Ռազմագերիների հարազատների ցույցը վերսկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարություններով տեսագրությունը։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք փորձել են փակել փողոցները, որոնք հատվում են Երևանի գլխավոր հրապարակի հետ, որտեղ կառավարության շենքն է։ Ապա նրանք գիշերել են խորհրդարանի շենքի մոտ, առավոտից այստեղ շարունակվում է բողոքի ակցիան։
Այս պահի դրությամբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքի հիմնական մուտքը, և Դեմիրճյան փողոցը, որտեղ նույնպես մուտք կա։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է ակցիայի տասը մասնակցի։
Ցուցարարների պահանջն է․ կա՜մ խոսնակն ընդունում է իրենցից 20 հոգու, կա՜մ ինքն է դուրս գալիս՝ խոսելու ակցիայի բոլոր մասնակիցների հետ։ Գերիների ծնողները համարում են, որ խոսնակը պետք է ներողություն խնդրի և պարզաբանի իր դիրքորոշման էությունը։
Նրանք ուզում են հասկանալ՝ դա Ալեն Սիմոնյանի անձնական կարծի՞քն է, թե՞ նա արտահայտել է իշխանության կարծիքը։
Բանն այն է, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել էր այն մասին, որ չի կարելի բոլոր գերիներին հերոս անվանել, և պետք է հետաքննել նրանց գերեվարման հանգամանքները։
Ակցիայի ժամանակ ծնողները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են գերիների վերադարձից հետո հետաքննության իրականացմանը, և եթե հաստատվի դասալքության փաստը, մեղավորները պատժվեն։
Միաժամանակ, նրանք պատմում են այն, ինչ հայտնի է իրենց հարազատների և այն հանգամանքների մասին, որոնցում նրանք հայտնվել են։ Ակցիայի մասնակիցները վստահ են, որ խոսնակի հատարարություններն անարդար են նրանց նկատմամբ։ Եվ, իհարկե, նրանք նախկինի պես պահանջում են իրենց երեխաներին Ադրբեջանից անհապաղ վերադարձնել։
Խոսնակը դեռ չի հանդիպել ակցիայի մասնակիցներին։
Սակայն դեկտեմբերի 7-ին նա արդեն վրդովմունք էր հայտնել այն առթիվ, որ համախոհ ներկայացած անձինք իրեն խնդրել են հարցերի պատասխանել և նկարահանել են այդ զրույցը, թեև նա խնդրել է չանել դա։ Բացի այդ, նա հայտարարել է, որ տեսագրությունը մոնտաժված է, և իր ասածը կոնտեքստից կտրված է։
Մեկնաբանություն
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը մեկնաբանել է իրավիճակը՝ տեսանյութի տարածումը գնահատելով որպես «հարված Ազգային ժողովի նախագահին և կառավարությանը», որպես «հարված Հայաստանի Հանրապետությանը»։ Փորձագետը հռետորական հարց է բարձրացնում՝ «արդյո՞ք պատահական է այդ տեսանյութի տարածումը»՝ Ադրբեջանի կողմից այժմ Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձին զուգահեռ։
«Միևնույն ժամանակ, դա որևէ կերպ չի արդարացնում ԱԺ նախագահի «բացբերանությունը»: Այդ բնորոշումը թող չհնչի կոպիտ: Դա նույնիսկ մեղմ բնորոշում է [․․․]: ԱԺ նախագահը չափազանց ուշադիր պետք է լինի, թե որտեղ ինչ է խոսում, ինչ թեմայից և ինչ բառամթերքով», — կարծում է Հակոբ Բադալյանը։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ փորձագետը կարծում է, որ «չի կարող պետական քաղաքականությունը և պետական շահը լինել գերիների հարցի պատանդ»: Նրա կարծիքով՝ դրանից գերիների հարցը չի շահելու, փոխարենը նոր խնդիրներ կունենա պետական քաղաքականությունը:
Նա խոստովանում է, որ «մեր գերիների վերադարձը մեզ համար անբեկանելի առաջնահերթություն է, բայց այն չի կարող տեղի ունենալ պետական շահի և անվտանգության հաշվին, որքան էլ մարդկային առումով սա կարող է հնչել ցավալի»։