Խոջալու. ինչպես տեղի ունեցավ
Ինչ է տեղի ունեցել Խոջալուում. բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալն իր «Սև այգի» գրքում վերլուծել է ականատեսների վկայությունները, դատարանի և փորձագետների եզրակացությունները։
Հատված Թոմ դը Վաալի “Սև այգի գրքից
Նոր՝ 1992 թվականից հայերը սկսեցին ընդլայնել իրենց վերահսկողության տարածքը՝ ծավալվելով Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից դուրս: Նրանք գրավեցին քաղաքը շրջապատող ադրբեջանական գյուղերը՝ արտաքսելով դրանցում մնացած հարյուրավոր ադրբեջանցիներին: Գլխավոր նպատակակետը Ստեփանակերտից մոտ 10 կմ հեռավորության վրա՝ հյուսիս արևելքում գտնվող Խոջալուն էր, որտեղ գտնվում էր մարզի օդանավակայանը: Ժամանակին ադրբեջանական վերաբնակեցման ծրագրով այստեղ էին եկել բազմաթիվ ադրբեջանական ընտանիքներ: 1991թ. Խոջալուում ապրում էր 6 հազար 300 մարդ:
1991թ. հոկտեմբերին հայերը փակեցին Խոջալուն Աղդամին կապող ճանապարհը, և քաղաք արդեն կարելի էր հասնել միայն ուղղաթիռով. կարճատև թռիչք, որ ավարտվում էր կտրուկ վայրէջքով: Հունվարին, երբ ամերիկացի լրագրող Թսմաս Գոլցը կատարեց այդ սոսկալի թռիչքը, նրան դիմավորեց ցուրտ ու վատ պաշտպանված Խոջալուն:
«Քաղաքում գործող հեռախոսներ չկային: Գործող ոչինչ չկար՝ էլէկտրամատակարարում չկար, ջեռուցման համար վառելիք չկար, ջրամատակարարում չկար, — գրել է Գոլցը: — Արտաքին աշխարհի հետ միակ կապը ուղղաթիռն էր, որի յուրաքանչյուր չվերթը կապված էր ռիսկի հետ: Մինչև 1992թ. փետրվարի 13-ը, երբ իրականացվեց դեպի Խոջալու վերջին չվերթը, քաղաքից ուղղաթիռներով տարհանվել էր մոտ 300 մարդ, քաղաքում մնացածների թիվը հասնում էր 3 հազարի: Խոջալուն պաշտպանում էր օդանավակայանի ՕՄՕՆ-ի հրամանատար Ալիֆ Հաջիևը՝ մոտ 160 զինված մարդկանցով: Բնակիչները տագնապով սպասում էին հայերի հարձակմանը»:
Հայերի գրոհը սկսվեց փետրվարի լույս 26-ի գիշերը, օրը հավանաբար ընտրվել էր՝ նշելու չորս տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի տարելիցը: Գրոհին աջակցում էր խորհրդային 366-րդ գնդի զրահատեխնիկան: Գնդի մարտական մեքենաները երեք կողմից շրջապատեցին Խոջալուն, ինչից հետո հայ մարտիկները մտան քաղաք ու պարտության մատնեցին դրա պաշտպաններին:
Բաց էր թողնվել Խոջալուից ելքի միայն մեկ ճանապարհ: Ասում են, թե Հաջիևը մարդկանց համոզել էր փախչել Աղդամ՝ խոստանալով, որ իր օմօնականները կուղեկցեն ու կպաշտպանեն նրանց: Գիշերը Խոջալուի բնակիչների բազմամարդ ամբոխը փախավ անտառներով՝ մինչև ծնկները հասնող ձյան միջով իջնելով դեպի Գարգառ գետակի հովիտը: Վաղ առավոտյան Խոջալուի բնակիչների ամբոխն ու նրանց ուղեկցող մի քանի օմօնականներ անտառից դուրս եկան բաց տարածք՝ հայկական Նախիջևանիկ գյուղի մոտ: Այստեղ նրանց դիմավորեց բլրի վրա տեղակայված հայ մարտիկների բացած կրակը: Օմօնականները պատասխան կրակ բացեցին, բայց ուժերը խիստ անհավասար էին, ու նրանք սպանվեցին:
Իսկ Խոջալուի բնակիչների հոսքը դեպի այդ սոսկալի սպանդանոցը շարունակվում էր: Խոջալուի նախկին բնակիչ Հիջրան Ալեքպերովան պատմել է Human Rights Watch-ին. «Նախիջևանիկ հասանք առավոտյան ժամը 9-ին: Գյուղի մոտ մի դաշտ կար, որտեղ կային բազմաթիվ սպանվածներ: Երևի հարյուր հոգի: Չփորձեցի հաշվել: Այդ դաշտում ես վիրավորվեցի: Ուզում էի օգնել վիրավորված Հաջիֆ Ալիևին, երբ գնդակը դիպավ որովայնիս: Ես տեսնում էի, թե որտեղից են կրակում: Դաշտում այլ դիակներ էլ տեսա: Նոր էին սպանվել, մարմինները դեռ տաք էին»:
Մի քանի օր անց այստեղ եկած լրագրողների ու քննիչների առջև բացվեց սոսկալի տեսարան: Ձյունոտ դաշտը ծածկված էր այլանդակված դիակներով: The Times-ի թղթակից Անատոլ Լիվենը գրել էր, թե նրանցից մի քանիսի, այդ թվում՝ մի աջնակի վերքերը սոսկալի էին, աղջկա միայն դեմքն էր մնացել: Ադրբեջանի դատախազ Յուսիֆ Աղաևը հրազենային վերքերի շուրջը վառոդի հետքեր էր նկատել և եզրակացրել, որ այդ մարդիկ սպանվել են դիմահար կրակոցներով. «Նրանց սպանել էին շատ մոտ տարածությունից: Մենք եղել ենք այնտեղ, ուր դա կատարվել է: Որպես մասնագետ ես կասկած չունեմ»:
Հրազենից սպանվածներից բացի անտառներում տասնյակ մարդիկ մահացել էին ցրտահարությունից: Խոջալուի ավելի քան հազար բնակիչներ գերի վերցվեցին, այդ թվում՝ մի քանի տասնյակ մեսխեթցի թուրքեր՝ փախստականներ Միջին Ասիայից:
Տարբեր գնահատումներ կան, թե քանի ադրբեջանցի է սպանվել Խոջալուում և դրա շրջակայքում: Ամենավստահելին թերևս Ադրբեջանի խորհրդարանական հատուկ հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թիվն է՝ 495: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ ներառված են նաև ադրբեջանական կողմից կռվողներն ու ցրտից մահացածները, այդ թիվն անհամեմատելի է Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատմության մեջ արձանագրված որևէ այլ գործողության կորուստների հետ:
Պատասխան կրակ բացած ադրբեջանցիները քիչ էին, ուստի դա չի կարող արդարացնել բաց տարածքում հարյուրավոր անձանց, այդ թվում երեխաներին թիրախ ընտրելն ու անպաշտպան մարդկանց գնդակահարելը:
Խոջալուի մասին լուրերը սկսեցին աստիճանաբար տարածվել: Սկզբում շատերն արտաքին աշխարհում չէին հավատում դրան, քանի որ հակամարտության լուսաբանումը միջազգային լրատվամիջոցներում մինչ այդ հայերին ներկայացրել էր հիմնականում որպես զոհեր: 1992թ. ապրիլին հրապարակված Այազ Մութալիբովի ինքնաարդարացնող լրագրային հարցազրույցը ոչնչով չօգնեց:
Ջանալով նսեմացնել իր դերը քաղաքի պաշտպանությունը ձախողելու գործում՝ նա ամեն բանում մեղադրում էր Ժողովրդական ճակատի ղեկավարությանը: Հայաստանում հաճախ են մեջբերումներ անում նրա հարցազրույցից:
Հիմա հայերն այնուամենայնիվ ընդունում են, որ Խոջալուից փախչելիս զոհվել են բազմաթիվ ադրբեջանցի քաղաքացիական անձինք: Կան մարդիկ, ովքեր մեղադրում են սեփական նախաձեռնությամբ գործած հայ աշխարհազորայիններին: Ոստիկանության սպա, մայոր Վալերի Բաբայանը կարծում է, որ կատարվածի դրդապատճառը վրեժն է: Ամերիկացի լրագրող Փոլ Քուին-Ջադջին նա ասել է, որ Խոջալուի վրա հարձակման գործողությանը մասնակցած մարտիկներից շատերը «եկել էին Սումգայիթից և նման վայրերից»:
Պատասխանելով Խոջալուի գրավմանը վերաբերող հարցին՝ հայ զորահրամանատար Սերժ Սարգսյանը զգուշավորությամբ ասաց. «Այդ մասին մենք բարձրաձայն չենք խոսում»: Նրա պնդմամբ՝ զոհերի առումով «մեծ չափազանցումներ կան», փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն էին ցուցաբերել: Սարգսյանի՝ կատարվածի ամփոփումը, այդուհանդերձ ավելի ազնիվ ու կոշտ է.
«Կարևոր է, իմ կարծիքով, մեկ այլ հարց: Մինչև Խոջալուն ադրբեջանցիները կարծում էին, թե կատակ են անում մեզ հետ, նրանք կարծում էին, թե հայերը երբեք ձեռք չեն բարձրացնի քաղաքացիական անձանց վրա: Մենք կարողացանք կոտրել այդ կարծրատիպը: Ահա թե ինչ կատարվեց: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ այդ տղաների մեջ կային Բաքվից ու Սումգայիթից փախածներ»:
Սարգսյանի գնահատականը այլ լույսի ներքո է ներկայացնում Ղարաբաղյան պատերազմի ամենասոսկալի սպանդը՝ չբացառելով, որ դա անգամ մասնակիորեն, ահաբեկելու նպատակ հետապնդող մտածված գործողություն էր: