Խաղաղություն չի՞ լինելու. ուրեմն՝ պատերա՞զմ։ Ղարաբաղյան հակամարտության փուլերը
Առաջին փորձը կանխել պատերազմը
Բորիս Ելցինն է եղել ղարաբաղյան կարգավորման առաջին միջնորդության նախաձեռնողը, երբ Ռուսաստանի նախագահն էր, իսկ Խորհրդային Միությունը ապրում էր հոգևարքի ամիսներ:
Մեկ տարի առաջ՝ 1990-ի օգոստոսին, Հայաստանի խորհրդարանը և նրա ոչ կոմունիստական ղեկավարությունը ընդունել էր Անկախության հռչակագիր՝ այդպիսով հիմք դնելով ԽՍՀՄ-ից խաղաղ ճանապարհով անջատվելու իրավական գործընթացին: Ադրբեջանը և նրա կոմունիստական ղեկավարությունը 1991-ի մարտին կողմ էր քվեարկել ԽՍՀՄ-ի պահպանման օգտին անցկացված հանրաքվեին: Լեռնային Ղարաբաղում, ինչպես և Նախիջևանում, ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անց չէր կացվել:
Օգոստոսյան հեղաշրջումը, սակայն, խառնեց խաղաթղթերը: 1991-ի օգոստոսի վերջին Ադրբեջանը հռչակեց անկախություն, մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, անկախություն հռչակեց նաև Լեռնային Ղարաբաղը, որը, սակայն մինչ օրս չի ճանաչել և ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
1991-ի հունիսին Ելցինն ընտրվել էր Ռուսաստանի նախագահի պաշտոնում: Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ քաղաքական խորը հակասության մեջ գտնվող Ելցինը ցանկություն հայտնեց միջնորդել ղարաբաղյան հարցում: Իր միջնորդությանը հավելյալ կարևորություն և կշիռ տալու նպատակով, նա իր հետ Կովկաս այցելության մեջ ներգրավեց նաև ԽՍՀՄ մեծությամբ երկրորդ հանրապետության՝ Ղազախստանի նախագահին:
1991-ի սեպտեմբերն էր: Ելցինը և Նազարբաևը սեպտեմբերի 21-23-ին այցելեցին Բաքու, ապա Գյանջայի վրայով հասան Ստեփանակերտ, այնտեղից Երևան ու Հյուսիսային Կովկասի Ժելեզնովոդսկ քաղաք, որտեղ սեպտեմբերի 24-ին ստորագրվեց համատեղ հուշագիր, որի տակ դրված էին չորս նախագահների՝ Ելցինի, Նազարբաևի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Այազ Մութալիբովի ստորագրությունները: Ղարաբաղյան կողմը՝ Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը և Վագիֆ Ջաֆարովը, բանակցություններին մասնակցում էին դիտորդի կարգավիճակով:
Ժելեզնովոդսկ, 1991 թ., ձախից աջ՝ Բ. Ելցին, Լ. Տեր-Պետրոսյան, Ն. Նազարբաև, Ա. Մուտալիբով
Այդ ժամանակ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդն էր և Տեր-Պետրոսյանի հենարանը ԼՂ-ում, իսկ Պետրոսյանը՝ ԼՂ-ի թիվ մեկ պաշտոնյան՝ մարզխորհրդի նախագահը: Ջաֆարովը ԼՂ-ում ադրբեջանական ամենամեծ բնակավայրի՝ Շուշիի քաղաքագլուխն էր:
Ժելեզնովոդսկի հուշագիրը նախատեսում էր.
- դադարեցնել կրակը,
- հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր զինված ստորաբաժանումները, բացառությամբ ԽՍՀՄ ներքին զորքերի և պաշտպանության նախարարությունների,
- չեղյալ համարել «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած հակասահմանադրական բոլոր ակտերը», այսինքն՝ 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը, որով ԼՂԻՄ-ը ցանկություն էր հայտնել Խորհրդային Ադրբեջանի կազմից անցնել Խորհրդային Հայաստանի կազմ, ինչպես նաև՝ 1989-ի նոյեմբերի 28-ի Ադրբեջանի որոշումը, որով ԼՂԻՄ-ը որպես վարչական միավոր լուծարվել էր:
Տասը կետերից կազմված հուշագիրը պետք է կյանքի կոչվեր մինչև 1992-ի հունվարի 1-ը:
Հունվարին 1-ին, սակայն, աշխարհի քաղաքական քարտեզին այլև չկար մոլորակի ամենամեծ տերությունը՝ ԽՍՀՄ-ը, դրանից հինգ օր առաջ հրաժարական էր տվել Գորբաչովը, իսկ ԽՍՀՄ ներքին զորքերը, որոնք հայերի և ադրբեջանցիների միջև արյունահեղությունը կանխող վերջին զսպիչ ուժ էին, հեռացել էին հակամարտության գոտուց:
Պատերազմ. հունվար 1992 — մայիս 1994
ԽՍՀՄ փլուզումով հայերն ու ադրբեջանցիները մտան պատերազմի փուլ, որը ձգվեց մինչև 1994-ի մայիսյան զինադադար՝ խլելով ավելի քան 12 հազար ադրբեջանցիների և 6 հազար հայերի կյանք:
Փաստացի, փոխվեց նաև քաղաքական քարտեզը: Հայերը, որ մինչև պատերազմի սկիզբը ձգտում էին 4.4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂԻՄ-ը միացված տեսնել Խորհրդային Հայաստանին, 1994-ի մայիսին վերահսկում էին ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլ հարակից շուրջ 7 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ հինգ շրջան ամբողջովին (Լաչին, Քելբաջար, Կուբաթլի, Ջեբրայիլ, Զանգելան), երկուսը՝ մասամբ (Աղդամ, Ֆիզուլի):
Իր հերթին, ադրբեջանական զինուժը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի, ինչպես նաև՝ Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի վրա ամբողջովին:
1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հակամարտության կողմերին ներկայացվել են հինգ առաջարկություններ կամ նախագծեր, որոնցում առանցքային են եղել չորս հիմնական տարրեր.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ,
- հայկական ուժերի կողմից վերահսկելի տարածքների վերադարձ,
- փախստականների և հարկադրված տեղահանված անձանց վերադարձ իրենց տներ և
- անվտանգության երաշխիքներ:
Երկրորդ փորձ. կարգավորման «փաթեթային» և «փուլային» տարբերակներ
1997-ի ամռանը և ապա աշնանը ԵԱՀԿ համանախագահները Բաքվին, Ստեփանակերտին և Երևանին ներկայացրին նախ փաթեթային, ապա փուլային տարբերակները:
1994-ի մայիսյան հրադադարից հետո բանակցությունները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և ոչ անդամ պետությունների մայրաքաղաքներում՝ Մոսկվա, Հելսինկի, Վիեննա, Փարիզ և այլն: 1997-ի հունվարին ձևավորվեց ԵԱՀԿ եռանախագահությունը, որի մեջ ներգրավվեցին աշխարհաքաղաքական երեք ուժային կենտրոնները. Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա (որը ներկայացնում էր Եվրոպական Միության շահերը):
1994-1997 թվականների ընթաքում Լեռնային Ղարաբաղը որպես առանձին պատվիրակություն, մասնակցում էր բանակցությունների բոլոր փուլերին: Ադրբեջանը չէր ընդունում այդ փաստը, սակայն չէր ձախողում կամ տապալում բանակցությունները:
Փաստացի, Ադրբեջանը բանակցում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ, որոնց տեսակետները, ամենառանցքային հարցերում, կարող էին և չհամընկնել: Բանակցությունների մասնակցում էր նաև Շուշիի վերջին ադրբեջանցի քաղաքագլուխ Նիզամի Բահմանովը: Վերջինս, ի տարբերություն ղարաբաղյան պատվիրակության, որ բանակցությունների սեղանի շուրջ առանձին էր նստում հայաստանյան պատվիրակությունից, մաս էր կազմում ադրբեջանական պատվիրակության:
Փաթեթային առաջարկը Բաքուն ընդունեց, իսկ Ստեփանակերտը կտրականապես մերժեց: Հայաստանի համար ևս առաջարկը մերժելի էր, սակայն Երևանը այն վերապահումներով ընդունելի համարեց՝ վստահ լինելով, որ Ստեփանակերտը մերժելու է:
Փուլային առաջարկը ևս Բաքուն ընդունելի որակեց: Նույնն արեց Երևանը, բայց մի շարք վերապահումներով, մինչդեռ Ստեփանակերտը կրկին մերժեց: Սա արդեն պայմանավորված խաղ չէր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Ավելին, այս տարակարծությունների պատճառով էր նաև, որ ամիսներ անց հրաժարական տվեց Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը և Հեյդար Ալիևը
Եվ՛ փաթեթային, և՛ փուլային առաջարկները նախատեսում էին հետևյալ գործողությունները.
- հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր շրջաններից, բացի Լաչինը (ոչ թե միջանցքը, այլ ողջ Լաչինի շրջանը),
- միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև,
- տեղահանվածների վերադարձ մշտական բնակության վայրեր:
Փաթեթայինի և փուլայինի միջև հիմնական տարբերությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին էր վերաբերում: Փաթեթայինով Լեռնային Ղարաբաղին տրվում էր ամենաբարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչն անընդունելի էր Երևանի և Ստեփանակերտի համար, մինչդեռ փուլային տարբերակը չէր անդրադառնում կարգավիճակի խնդրին ընդհանրապես՝ ամենավիճելի այս հարցը թողնելով ապագային:
Ստեփանակերտի իշխանությունները հայտարարեցին, որ փաթեթային և փուլային տարբերակների միջև էական տարբերություն չկա, քանի որ երկու դեպքում էլ կարգավիճակի հարցը լուծվում էր հօգուտ Ադրբեջանի:
Փաթեթայինի դեպքում վեց շրջաններ վերադարձնելու դիմաց Լեռնային Ղարաբաղը ստանում էր ընդամենը բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, փուլայինի դեպքում՝ վեց շրջաններ վերադարձնելու դիմաց կարգավիճակի հարցը բաց էր թողնվում և ակնհայտ էր, որ, ստանալով վեց շրջաններ, Բաքուն ապագայում չէր համաձայնվի Լեռնային Ղարաբաղին տալ անկախություն, ինչին ձգտում է Ստեփանակերտը:
Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ասուլիսով (սեպտեմբեր, 1997թ.) և ընդարձակ հոդվածով («Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», նոյեմբեր, 1997թ.) փորձեց հայ հանրությանը համոզել, որ փուլային տարբերակը այն առավելագույնն է, որ կարող է ստանալ Լեռնային Ղարաբաղը: Սակայն նա հանդիպեց ոչ միայն հանրության, այլ իր իսկ թիմակիցների կոշտ դիմադրությանը:
Արդյունքում, Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ով երկու տարի անց զոհ գնաց Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչությանը, ինչպես նաև իշխանության ղարաբաղյան թևը՝ գլխավորությամբ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, փաստացի պարտադրեցին Տեր-Պետրոսյանի հրաժարականը:
Երրորդ փորձը. «Ընդհանուր պետություն»
Մեկ տարի անց՝ 1998-ի վերջերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը ներկայացրեց կարգավորման նոր առաջարկ, որը ստացավ «ընդհանուր պետություն» անվանումը: Այս փաստաթղթի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր: Երևանը վերապահումներով, Ստեփանակերտը՝ լուրջ վերապահումներով ընդունեցին առաջարկը, մինչդեռ Բաքուն կտրականապես մերժեց:
«Ընդհանուր պետություն» առաջարկությունը հակամարտության հետևանքների վերացման հարցում չէր տարբերվում նախորդ երկու փաստաթղթերից: Հիմնական տարբերությունը վերաբերում էր ԼՂ կարգավիճակին: Ներկայացված առաջարկության հենց սկզբում ասվում էր, որ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ կազմավորում է ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Այսպիսով, գտնվել էր ստեղծագործական մոտեցում, որով չէր խախտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միաժամանակ այդ ամբողջականության շրջանակում Լեռնային Ղարաբաղը փաստացի դառնում էր անկախ միավոր: Դիվանագիտական շրջանակներում այդ օրերին Լեռնային Ղարաբաղի համար օգտագործվում էր հետևյալ ձևակերպումը՝ «դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո՝ անկախ պետություն»:
«Ընդհանուր պետության» սկզբունքը ենթադրում էր, որ Լեռնային Ղարաբաղը ունենալու է հիմն, զինանշան ու դրոշ, ազգային գվարդիա և ոստիկանություն, պետական լեզուն լինելու է հայերենը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենալու էին Ադրբեջանի անձնագիր՝ հատուկ նշումով: Նրանք կարող էին ընտրել իրենց ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում, մասնակցել նախագահական ընտրություններին: Լեռնային Ղարաբաղը չէր կարող ունենալ իր դեսպանությունները, բայց կարող էր տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանություններում ունենալ իր ներկայացուցիչներին:
Հեյդար Ալիևը հայտարարեց, որ այդ առաջարկը անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ, փաստացի, Ադրբեջանի կազմում ստեղծվում են երկու անկախ պետություններ, և Բաքուն վերահսկողություն չի ունենում Ստեփանակերտի վրա: Բաքվից լսվեցին նաև տարօրինակ մեկնաբանություններ: Այսպես, Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն մտահոգություն հայտնեց, որ եթե Ադրբեջանը ընդունի այդ առաջարկը, ապա ղարաբաղցի հայը կարող է դառնալ Ադրբեջանի նախագահ:
Չորրորդ փորձը. տարածքների փոխանակում
1999-ի գարնանը Վաշինգտոնում սկիզբ դրվեց Քոչարյան-Ալիև երկկողմ բանակցություններին, որոնց արդյունքում 2001-ի գարնանը ծնվեց ոչ պաշտոնական մի փաստաթուղթ, որը կրում էր Քիվեսթյան անունը:
Այդ փաստաթուղթը, որ կրկին մերժեց Ադրբեջանը, ի տարբերություն նախորդ երեքի, չի հրապարակվել: Հայտնի է, որ այն մասամբ հիմնված էր տարածքների փոխանակման փիլիսոփայության վրա: Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը, որպես փոխհատուցում, ստանում էր Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորություն` «սուվերեն անցում Մեղրիի շրջանով Հայաստանի ծայր հարավում»:
Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը
Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ տարածքով՝ 4.4 հազար քառակուսի կիլոմետրով, միացվում էր Հայաստանին, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ավելի քան 7 հազար քառակուսի կմ. տարածքը վերադարձվու էր Ադրբեջանին:
Ֆլորիդայի Քի Վեսթ կղզում էր Էրնեստ Հեմինգուեյը գրել «Հրաժեշտ զենքին» հրաշալի գործը: Բանակցություններն ընթանում էին proximity talks (բանակցություններ մերձակայքում) ձևաչափով. նախագահները միմյանց հետ ուղղակի չէին բանակցում, այլ կողք-կողքի սենյակներում բանակցում էին միջնորդների հետ:
Վերջիններս լսում էին կողմերի պահանջներն ու մտահոգությունները և ըստ այդմ՝ կազմում հակամարտության կարգավորման նախագիծը: Հանուն Ղարաբաղյան կարգավորման, Քի Վեսթ ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, իսկ նախագահների տունդարձի ճանապարհին Վաշինգտոնում նրանց ընդունեց նախագահ Ջորջ Բուշը:
Նախքան Քի Վեսթ մեկնելը, Բաքվի օդանավակայանում Հեյդար Ալիևը հայտարարեց, որ հանուն Ղարաբաղյան կարգավորման պատրաստ է անգամ Անտարկտիդա մեկնել: Սակայն վերադառնալով տուն, Ալիևը հրաժարվեց նախնական այն պայմանավորվածություններից, որ ձեռք էր բերվել Քի Վեսթում: Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում Ռոբերտ Քոչարյանը ենթարկվեց սաստիկ քննադատության, նրան մեղադրեցին Ադրբեջանին հողեր զիջելու և Մեղրիից հրաժարվելու մտադրության մեջ:
Հինգերորդ փորձ. հետաձգված հանրաքվե
2004-ից սկսվեց բանակցությունների նոր փուլ, որն ընդունված է անվանել Պրահյան գործընթաց: Թվում էր, թե կողմերը 2006-ին Փարիզի մերձակա Ռամբույե ամրոցում մոտ են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն, սակայն բանակցությունները փակուղի մտան Քելբաջարը վերադարձնելու և ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու ժամկետների չհամաձայնեցնելու անհնարինության պատճառով:
Պրահյան գործընթացի հիմնական նորամուծությունը հետաձգված հանրաքվեի գաղափարն էր, որը ենթադրում էր հետևյալը.
- ղարաբաղյան ուժերը դուրս են գալիս հինգ շրջաններից,
- Քելբաջարի վերադարձը կապվում էր ԼՂ-ում սպասվելիք հանրաքվեի ժամկետների հետ:
Վիճելի էր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը:
Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը և Ռոբերտ Քոչարյանը
2007-ի նոյեմբերին Մադրիդում Մինսկի խմբի եռանախագահությունը Երևանին ու Բաքվին փոխանցեց 14 կետանոց փաստաթուղթ, որը ևս հիմնված էր հետաձգված հանրաքվեի փիլիսոփայության վրա: Փաստաթուղթը աշխատանքային էր և ենթակա փոփոխությունների: Բանակցությունների տարբեր փուլերում այն մերժում էր մեկ Հայաստանը, մեկ՝ Ադրբեջանը, կախված նրանից, թե ինչ դետալ էր փոխվում:
Մադրիդյան փաստաթղթի հիմնական կետերն էին.
- ԼՂ վերջնական կարգավիճակի որոշվում հանրաքվեի միջոցով,
- միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև վերջնական կարգավիճակի որոշումը, ԼՂ բնակիչները կունենան որոշակի իրավունքներ,
- հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից,
- համաձայնեցված լայնության միջանցքը պետք է կապի Հայաստանն ու ԼՂ-ն,
- ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք,
- միջազգային խաղաղապահ գործողության իրականացում:
2016 թվական
1994-ի մայիսյան հրադադարից ի վեր կողմերի դիքորոշումները չեն մոտեցել: Ավելին, դրանք ավելի են կարծրացել՝ համեմվելով պատերազմական հռետորաբանությամբ ու թշնամական քարոզչությամբ: Վերջին երկու տարիներին հրադադարի ռեժիմը այնքան հաճախ է խախտվում, այնքան հաճախակի են դարձել միմյանց տարածքները գնդակոծելը և դիվերսինոն գործողությունները, որ, փաստացի, հրադադարը, ըստ էության, չի գործում:
Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը
Կարելի է նշել բազմաթիվ պատճառներ և մատնանշել մեղավորներ, թե ինչու չի լուծվում ղարաբաղյան հակամարտությունը: Բայց հիմնական պատճառն այն է, որ հակամարտության կողմերը, ձգտելով խաղաղության, չեն ուզում այդ խաղաղության համար գին վճարել:
Ու քանի դեռ նրանք պատրաստ չեն գին վճարել, խաղաղությունը երբեք չի գալու:
Այսօրվա «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» կամ «և՛ խաղաղություն, և՛ պատերազմ» իրավիճակը շարունակվելու է ևս տասնամյակներ՝ խլելով նորանոր կյանքեր Հայաստան-Ադրբեջան սահմանում և Ղարաբաղ-Ադրբեջան զորքերի շփման գծում: