Ի՞նչ եղավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը․ կարծիք Երևանից
Խաղաղության պայմանագրի ստորագրում
Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրում է «խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու» փորձի մեջ, ինչը դրսևորվում է սահմանին սադրանքներ իրականացնելով և բանակցությունները շարունակելու արևմտյան միջնորդների առաջարկները մերժելով։ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր վեցերորդ առաջարկը։ Ադրբեջանը դեռ չի արձագանքել։ Փոխարենը առաջարկել է վարել երկկողմ բանակցություններ՝ առանց միջնորդների մասնակցության։ Երկու կողմերն էլ հայտարարում են խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն գործընթացն առաջ չի գնում։
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, գործընթացը ձգձգում է Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունների պատճառով։
- «ՌԴ-ին մարտահրավեր նետելու ուժ դեռ չունենք»․ կարծիք Երևանից
- «Փոխե՛ք ռազմավարությունը և պայքարե՛ք»․ քաղաքագետը՝ Հայաստանի իշխանություններին
- «Հի՞ն, թե՞ նոր օրակարգ»․ ԵՄ պատվիրակության այցը Երևան
Հովսեփ Խուրշուդյան, քաղաքական վերլուծաբան
«Առավոտյան՝ Ղարաբաղ, երեկոյան՝ Ադրբեջանի անդամակցություն» նախագիծը ձախողվեց
«Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ։ Ոչ ռուսական հարթակում խաղաղության պայմանագրի ստորագրումը հակասում է այն պարտավորություններին, որոնք Ալիևը ստանձնել է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո։ Թուրքիան օգնեց Ադրբեջանին հաջողությամբ վարել պատերազմը, իսկ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ Հայաստանն արդյունավետ չդիմադրի՝ իր գործակալների և իր ազդեցության միջոցով սաբոտաժի ենթարկելով բանակում բազմաթիվ գործընթացներ:
Հենց այդ ժամանակ էլ Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են, որ Ադրբեջանը կստանա Արցախը, իսկ Ռուսաստանը կստանա Ադրբեջանը՝ որպես ՀԱՊԿ ռազմական դաշինքի և ԵԱՏՄ տնտեսական միության անդամ։
Զուգահեռաբար, Մոսկվան ծրագրում էր 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանում փոխել իշխանությունը, նշանակել իր դրածոյին և Հայաստանը միացնել Ռուսաստանին՝ որպես գավառ։
Բայց այս նախագիծը ձախողվեց։ Ժամանակին Ալեքսանդր Դուգինը և Վլադիմիր Ժիրինովսկին բազմիցս հիշեցրել են Իլհամ Ալիևին Մոսկվայի հանդեպ իր պարտավորությունների մասին։ Նրանք իրենց գործն արեցին՝ դավաճանեցին իրենց դաշնակցին և վաճառեցին այն Ադրբեջանին, հիմա հերթը Բաքվինն է, և Բաքուն պետք է վճարի պարտքը։
Ալեքսանդր Դուգինը ռուս հասարակական գործիչ է, ով քարոզում է եվրասիական գերտերություն ստեղծելու գաղափարը, որ պետք է տեղի ունենա Ռուսաստանի Դաշնության և նախկին խորհրդային հանրապետությունների՝ նոր միության մեջ ինտեգրվելու միջոցով:
Վլադիմիր Ժիրինովսկին մինչև իր մահը՝ 2022 թվականը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահն էր։
Բայց Ալիևը հրաժարվում էր՝ պատճառաբանելով, որ դեռ չի ստացել այն ամենն, ինչ իրեն խոստացել են, նկատի ունենալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» [Հայաստանի հարավով դեպի Նախիջևան տանող ճանապարհ, որը չի վերահսկվի Հայաստանի կողմից]»։
Հրաժարում արևմտյան հարթակից
«Դրա պատճառով Ռուսաստանը սկսեց ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ այդ միջանցքը ստանալու համար։ Քանի որ չկարողացավ հասնել իր ուզածին, ՌԴ-ն այլևս հույս չունի, թե Ադրբեջանը կմիանա ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին։ Այժմ Մոսկվան պահանջում է, որ ինքը մնա Լեռնային Ղարաբաղում, որտեղ մեկ տարի հետո կլրանա խաղաղապահ ուժերի մանդատը։
Արևմուտքի տրամադրած երաշխիքներով և միջնորդությամբ արևմտյան հարթակներում ստորագրված խաղաղության պայմանագիրը նշանակում է հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հակասությունների լուծում։ Այդ դեպքում Ռուսաստանը տարածաշրջանում պետք չի լինի ոչ մեկին, այդ թվում՝ Հայաստանին։
Համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Արցախի դեմ ագրեսիայի և հայերի էթնիկ զտումների հետ մեկտեղ հավելյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել, այդ թվում այն մասին, որ խաղաղության պայմանագիրը չկնքվի արևմտյան հարթակներում»։
Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը արևմտյան օրակարգում
«Նայեք, թե սեպտեմբերին ինչ քննարկումներ են կազմակերպվել ԱՄՆ Սենատում, տեսեք, թե ինչ է ասել ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Արցախի հարցով։
Ջեյմս Օ’Բրայենը խոսել էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին փոխարինելու մասին. «Ռուսական զորքերը ներկայումս այնտեղ են, 2020 թվականի հրադադարի հայտարարության համաձայն՝ սա նրանց առաջին ժամկետն է։ Եթե այս երկրներն [Հայաստանն ու Ադրբեջանը] այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների ներկայության կարիքն այլևս չի լինի։ Նրանք ձախողել են իրենց խաղաղարար առաքելությունը։ Անհրաժեշտ է, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո [2025թ.-ին]։ ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ խաղաղապահների այլընտրանք առաջարկել։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ցանկանում են Հայաստանի մերձեցումը անդրատլանտյան դաշնակիցների հետ և մշակում են դա ապահովելու սխեման»։
Բացի այդ, Սենատում կայացած լսումների ընթացքում Ադրբեջանին հստակ ասվել է, որ մի քանի շաբաթ է մնացել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված ասվում էր, որ ԱՄՆ-ը հետաքննում է հայերի դեմ վերջին ագրեսիան՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, էթնիկ զտում եղե՞ էլ, թե՞ ոչ։ Այդ հետաքննության շրջանակներում նրանք համագործակցում են Human Rights Watch-ի հետ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի նրանց հայտարարություններն անհիմն չթվան։
Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը բուն խաղաղության պայմանագրի մաս են կազմում, և այդ մասին հայտնի դարձավ Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և ԵՄ նախագահի՝ Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունից։
Հայտարարության մեջ հստակ խոսվում էր Ղարաբաղի հայերի՝ անվտանգ իրենց հայրենիք վերադառնալու, նրանց իրավունքների ու անվտանգության ապահովման մասին, ինչից Ադրբեջանն ուզում է խուսափել։
Բայց եթե Բաքուն շարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը, վստահ եմ, որ Արցախի կոսովոյացումն անխուսափելի կլինի»։
Միջնորդների դերը
«Այս նպատակներն առաջ տանելու համար խաղացողները տարբեր դերեր ունեն: Հայաստանն ունի իր դերը։ Նա Արցախի հարցը չի բարձրացնում։ Միջնորդներն ունեն իրենց սեփականը։ Եվ դրա համար էլ մեզ պետք են արևմտյան միջնորդները, իսկ Ադրբեջանին՝ ոչ։ Բաքուն նախընտրում է հարցերը լուծել ռուսական հարթակում, որտեղ ոչ մի կերպ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի հարցը, կամ նախընտրում է երկկողմ՝ առանց միջնորդների ձևաչափը։
Բայց ես բացառում եմ ռուսական հարթակում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։
Հայաստանը հետևողական քաղաքականություն է վարում ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքի հարցում՝ հրաժարվելով մասնակցել կազմակերպության միջոցառումներին։ Նույն քաղաքականությունը պետք է վարի նաև այլ ձևաչափերի հետ կապված։
Սխալ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը գնա որևէ միջոցառման և Իլհամ Ալիևին հանդիպի ռուսական հետնաբակերում։ Դա շատ վատ ուղերձ կլինի Արևմուտքին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Խաղաղության պայմանագրի ստորագրում