«Լռեցնելու փո՞րձ է». ինչո՞ւ է արգելվում դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան
Դաշնակցականների մուտքի արգելքը Հայաստան
Հայաստանը քննարկում է Հայ հեղափոխական դաշնակցության անդամների՝ երկիր մուտք գործելու արգելքի թեման։ Թարմ դեպքերը տեղի են ունեցել օգոստոսի 1-ին։ Հաղորդվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն արգելել է Նիդեռլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի ու նրա դստեր մուտքը Հայաստան: Սակայն խոսակցությունը սկսվել է գրեթե մեկ ամիս առաջ: Հուլիսին սահմանապահներն արգելել էին ՀՅԴ բյուրոյի անդամ, ֆրանսահայ Մուրադ Փափազյանին մուտքը:
Նրա դեպքի կապակցությամբ կառավարությունից պարզաբանել էին, որ ֆրանսահայ գործչի մուտքն արգելվել է Փարիզում վարչապետի գլխավորած պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպելու պատճառով: Աբրահամյանների վերաբերյալ վարչապետի աշխատակազմը դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակել: ԶԼՄ ներկայացուցիչներին էլ հորդորել են դիմել ԱԱԾ:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ հավասարաչափ անընդունելի վարքագիծ են դրսևորել, և պետք չէ բարիկադներ ստեղծելու հարցում մեղադրել միայն իշխանությանը:
Ընդդիմության կարծիքը, կառավարության պարզաբանումը, ինչպես նաև իրավիճակի մեկնաբանություն քաղաքագետի կողմից
«Վարչապետի ցուցումո՞վ է արվում»
Թե ինչո՞ւ է արգելվել Նիդեռլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի ու նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան՝ սահմանապահները չեն պարզաբանել: Աբրահամյանները, սակայն, ենթադրում են, որ որոշումը կայացվել է վարչապետ Փաշինյանի ցուցումով և քաղաքական դրդապատճառներով.
«Սա վերժխնդրության դրսևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իր դեմ մեր կազմակերպած գործողությունների և ցույցերի կապակցությամբ: Նրան վստահաբար դուր չեկան մեր քաղաքացիական գործողությունները», — «Ազատության» հետ զրույցում նշել է Մասիս Աբրահամյանը:
Ասում է՝ ինքն ու դուստրը որևէ հակաօրինական քայլ չեն արել, պարզապես իրացրել են իրենց իրավունքները՝ կազմակերպելով բողոքի ակցիա:
2022 թ.-ի մայիսին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Նիդեռլանդներ էր այցելել, Դաշնակցությունը բողոքի ակցիա էր կազմակերպել: Ակցիայի մասնակիցները հնչեցրել էին նաև վիրավորանքներ:
Ազգային անվտանգության ծառայությունից ևս չեն հայտնել դեռ, թե ինչու է արգելվել հոր և դստեր մուտքը Հայաստան:
Աբրահամյանների հետ Երևան է ժամանել նաև ընտանիքի մայրը: Նրա մուտքը երկիր չի արգելվել: Մասիս Աբրահամյանն ու ընտանիքի անդամները Նիդեռլանդների Թագավորության քաղաքացիներ են:
Օտարերկրացիների մասին օրենքի համաձայն՝ մուտքը Հայաստան արգելվում է, եթե օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, իրականացնել ահաբեկչություն։
Հայ հեղափոխական դաշնակցությունը մտադիր է Հայաստանի կառավարության դեմ դատական հայցեր ներկայացնել ինչպես Աբրահամյանների, այնպես էլ Մուրադ Փափազյանի դեպքով:
Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակումն ու «անցանկալի անձը»
Անցած ամիս սահմանապահները ֆրանսահայ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չէին տվել դուրս գալ օդանավակայանից՝ հայտնելով, որ նա Հայաստանում «անցանկալի անձ» է։
Կառավարությունից պարզաբանել էին, որ Փափազյանի մուտքն արգելվել է, քանի որ նա կազմակերպել է հարձակում Փարիզում վարչապետի գլխավորած պատվիրակության ավտոշարասյան վրա:
2021 թ.-ի ամռանը Հայաստանի վարչապետի դեմ Փարիզում բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մասնակիցները տարբեր առարկաներով հարվածել էին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներին։ Արդյունքում կոտրվել էր հայ լրագրողներին տեղափոխող մեքենայի հայելին։
Փափազյանը կտրականապես հերքել էր, թե ինքն է կազմակերպել ակցիան կամ մասնակցել է դրան: Ֆրանսահայ գործիչը հիշեցրել էր՝ Փաշինյանի շարասյան միջադեպից հետո ինքը Հայաստան եկել է, այն էլ չորս անգամ: Հայաստան մուտքի արգելքը նա բնորոշել էր որպես քաղաքական որոշում:
Անցանկալի անձանց ցուցակը Ազգային անվտանգության ծառայությունն է վարում։ Օրենքի համաձայն՝ դրանում տվյալներ մուտքագրելու նպատակով ԱԱԾ տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի նախագահի աշխատակազմը, ոստիկանությունը, արտաքին գործերի նախարարությունն ու միգրացիոն ծառայությունը։
«Լռեցնելու փորձ է». ընդդիմության կարծիքը
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ նույնիսկ բոլշևիկյան ժամանակաշրջանում նման ծավալի գործողություններ չեն ձեռնարկվել։ Կարծում է՝ իշխանության նպատակը ընդդիմախոսներին լռեցնելն է:
«Վարկաբեկել Սփյուռքը, ներարկել նրանց մեջ հնարավոր վախեր, թե եթե քննադատությամբ հանդես գաք կամ ընդդեմ գործող իշխանությունների ինչ-որ ակցիաներ անեք, ապա իմացեք՝ ձեր ճակատագիրը սա է»,- շեշտել է Մինասյանը:
Դաշնակցության բնորոշմամբ՝ Հայաստանի «ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու և ազգային դիմադրողականությունը թուլացնելու աղետաբեր քաղաքականությունը»:
Կուսակցության Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որով դատապարտել է իշխանությունների որդեգրած «քաղաքական հաշվեհարդարի, ազգային պառակտումի և հայրենազրկումի քաղաքականությունը»:
ՀՅԴ կարծիքով՝ սա օտար օրակարգերն ու շահերը ապասարկելու հերթական դրսևորում է:
«Այսպիսի դրևորումները դատապարտված են ձախողման, իսկ ՀՅԴ-ն չի նահանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից: Անելու ենք հնարավորը, որ երկրում հաստատվի Հայոց պետականությանն ու համազգային շահերին ծառայող իշխանություն»,- ասված է հայտարարությունում։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ հավասարաչափ անընդունելի վարքագիծ են դրսևորել: Հիշեցնում է՝ իշխանության քայլերին նախորդել են Դաշնակցության «ոչ այնքան քաղաքակիրթ ակցիաներն» արտերկրում:
«Իշխանությունը որոշել է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով առաջնորդվել, այսինքն՝ դուք մեզ հայհոյում եք Սփյուռքում, մենք էլ արգելում ենք ձեր մուտքը Հայաստան»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Սուրենյանցը:
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությանը քննադատել կարող են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, բայց բռնությունն ու վիրավորանքները պետք է բացառվեն: Դաշնակցության արտերկրի ակցիաներում, ըստ նրա, դրանք բացառված չեն եղել.
«Օրինակ՝ Ֆրանսիայում, որքան էլ հերքեն, խուլիգանական դրսևորում կար, հայելի էր կոտրվել: Նիդերլանդներում հնչեցնում էին վիրավորական, ոչ նորմատիվային արտահայտություններ»:
Սուրենյանցի կարծիքով՝ Սփյուռքի հայերը պետք է սովորեն հարգել Հայաստանի ընտրությունների արդյունքները՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից:
Սփյուռքահայ դաշնակցական գործիչների համար սահմանված Հայաստան մուտքի արգելքին քաղաքագետը դրական չի վերաբերվում: Ասում է՝ դա որոշակի լարվածություն է ստեղծում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մյուս կողմից նկատում է՝ ստեղծված իրավիճակը փոխադարձ անտագոնիզմի հետևանք է.
«Պետք չէ բարիկադներ ստեղծելու հարցում մեղադրել միայն իշխանությանը: Բարիկադներ ստեղծում է նաև ՀՅԴ-ն: Իշխանությունը կարող էր սոցիալական ավելի մեծ պատասխանատվություն դրսևորել, իր հերթին բարիկադ չկառուցել: Բայց վարվեց այնպես, ինչպես վարվեց»:
Քաղաքագետի խոսքով՝ եթե իշխանությունը որոշել է այս ձևով պաշտպանել Հայաստանի հեղինակությունը, ապա դա չպետք է տարածվի միայն մեկ կուսակցության վրա:
«Եթե ոչ քաղաքակիրթ ակցիաներ իրականացնող սփյուռքահայ դաշնակցական գործիչները զրկվում են Հայաստան այցելելու իրավունքից, ապա համարժեք արձագանքի պիտի արժանանան նաև որոշ շրջանակներ՝ ռուսաստանցի և ռուսահայ գործիչները, որոնք ոչ միայն Հայաստանի իշխանությանն են անվանարկում, այլև կասկածի տակ են դնում երկրի ինքնիշխանությունը»,- ամփոփել է քաղաքագետը:
Դաշնակցականների մուտքի արգելքը Հայաստան