Սեպտեմբերի 27-ին ժամը 07.10 Ստեփանակերտում 90-ականների պատերազմի ժամանակներից ծանոթ տագնապի ձայներ․ ռմբակոծություն, տագնապի ազդանշան, սովորության համաձայն՝ արագ դրամահավաք․ փող, թաշկինակի մեջ փաթաթած ոսկեղեն և երեխաների լուսանկարներ, այնուհետև՝ զանգեր հարազատներին և մտերիմներին։
Ադրբեջանը հարձակում է սկսել Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով։
Հրետանային և հրթիռային միջոցներով հրետակոծվում են բնակավայրեր, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Ստեփանակերտի փողոցները դատարկ են․ ռազմական դրություն է հայտարարվել, և կրկին հնչում է չարագուշակ բառը՝ «մոբ»։ Այսպես էին Ղարաբաղում անվանում 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայտարարված համընդհանուր մոբիլիզացիան։ Տղամարդիկ զորանոցներում են և առաջնագծում, կանայք և երեխաները՝ թաքստոցներում։ 1991-94 թթ-ի պատերազմից սա մի բանով է տարբերվում․ այժմ թաքստոցներում ինտերնետ կա։
Երեխաները խաղում են արդեն ոչ թե արկերով և փամփուշտներով, այլ վիրտուալ խաղեր։ Սակայնն նրանց հայրերը իրական ճակատագծում են։
Փողոցներում հազվադեպ հանդիպող տղամարդիկ կամ ցուցադրական-խիզախ են, զինվորական համազգեստի արձակած վերին կոճակով, կամ խիստ-մտահոգ, որոնք հանել են «ընդմիշտ» պահված կամուֆլյաժը, որը հազիվ է կոճկվում որովայնի հատվածում։
«Մենք գնալու տեղ չունենք, սա մեր հողն է, մեր պապերի գերեզմանները մեր գյուղում 1782 թ-ից։ Ո՞ւր գնանք այս արմատներով», — ասում է մի կին թաքստոցներից մեկում։ Նա կանգնած է դռան մոտ՝ կարծես ցանկանալով ցույց տալ, որ վախենում է ոչ թե իր, այլ թոռների համար։
«Աշխարհի կեսը գրավել են և չեն հագենում, չէ, նրանց անպայման մեր հողն է պետք», — միջամտում է հարևանուհին, որի երեխաներն ու թոռները որոշել են սրացման փուլում Հայաստան տեղափոխվել։
Կանայք, որոնք սովոր են շաղակրատել, ասում են, որ չի կարելի հավատալ այն ամենին, ինչ համացանցում գրում են․ այս անգամ հակառակորդն անօդաչու թռչող սարքերին և հրետանուն զուգահեռ օգտագործում է նաև տեղեկատվական «ականանետներ»՝ փորձելով խուճապ առաջացնել։
Պատերազմը վաղուց առօրյա է դարձել ղարաբաղցիների համար։
Ղարաբաղի թաքստոցներից մեկում։ Լուսանկարն՝ Արեգ Բալայանի