Ինչպե՞ս ստանալ Վրաստանի քաղաքացիություն․ բոլոր մանրամասները
Վերջին շրջանում առավել արդիական է դարձել հարցը, թե ինչպես ստանալ Վրաստանի քաղաքացիություն:
Վրաստանում ապրում են մի քանի հազար մարդիկ, ովքեր ծնվել ու մեծացել են այս երկրում, սակայն չունեն Վրաստանի քաղաքացիություն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, ովքեր տարբեր ժամանակներում ապրելու կամ աշխատելու են մեկնել այլ երկիր, հիմնականում՝ Ռուսաստան։ Այդպիսիք շատ են հարավային Վրաստանի Ջավախեթիի (Ջավախք) շրջանում, որտեղ կոմպակտ ապրում են էթնիկ հայերը։ Ջավախքի տասը ընտանիքից վեցում տղամարդիկ գարնանից աշուն ընկած ժամանակահատվածն անցկացնում են Ռուսաստանում՝ սեզոնային աշխատանքով: Նրանց մեծ մասն ունի Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն, քանի որ Վրաստանի քաղաքացիությամբ նրանք չէին կարող Ռուսաստան մեկնել առանց վիզայի։
Բազմաթիվ հարկադիր միգրանտներ ևս չունեն նաև Վրաստանի քաղաքացիություն, մասնավորապես՝ Աբխազիայից բռնագաղթածները, ովքեր 1990-ականներին՝ վրաց-աբխազական պատերազմից հետո, մեկնեցին Ռուսաստան՝ ապրելու և աշխատելու։
- Վրաստանի ցուրտ հարավը
- Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ․ ո՞ւր, ինչպե՞ս և ինչո՞ւ են փախչում Վրաստանի քաղաքացիները
- Վրաստան․ «Բաժանում, որն անհետևանք չի մնա»
Պատերազմն Ուկրաինայում շատ բան է փոխել և դժվարացրել է ռուսական անձնագրեր ունեցողների կյանքը։ Նրանց համար ավելի դժվար է դարձել Եվրոպա մեկնելը, իսկ Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան շատերին, այդ թվում՝ էթնիկ վրացիներին, դրել է առաջնագծում հայտնվելու վտանգի տակ։ Եվ միանգամայն հասկանալի է, որ նրանցից շատերն այժմ ցանկանում են վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը։
Սակայն պարզվեց, որ դա հեշտ գործ չէ։
Վրաստանում վաղուց է բարձրաձայնվում էթնիկ վրացիների համար քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցնելու պահանջ։ Այս հարցը լոբբինգ է անում նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով իր հրապարակային ելույթներում հաճախ է անդրադառնում թեմային։
Վերջին ելույթներից մեկում Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Վրաստանի կառավարությանը, որը ողջունել է Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումն ու առանց վիզայի ռեժիմի ներդրումը, իբր, Ռուսաստանում բնակվող վրացիների համար անհանգստությունից դրդված: Զուրաբիշվիլին հայտարարել է, որ եթե կառավարությունն իսկապես մտածում է հայրենակիցների ճակատագրի մասին, ապա պետք է նրանց համար պարզեցնի քաղաքացիության վերականգնման ընթացակարգերը.
«Եթե մեզ այդքան հետաքրքրում է վրացական ծագում ունեցող մեր հայրենակիցների ճակատագիրը, ապա զարմանում եմ, թե ինչու ես չկարողացա որևէ արդյունքի հասնել դատական մարմինների հետ չորս տարվա բանակցությունների ընթացքում, այսինքն՝ պարզեցնել քաղաքացիության տրամադրումը»։
Հունիսի 5-ին Վրաստանի արդարադատության նախարարը հայտարարեց, որ էթնիկ վրացիների համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը կպարզեցվեն։ Խոսքը երկու դետալների մասին է՝ նախ՝ Վրաստանում անընդմեջ բնակվելու պահանջվող տևողությունը 10-ից կդառնա 5 տարի։ Երկրորդն այն է, որ թեկնածուները նախ կհանձնեն քննությունները, և միայն դրանից հետո կսկսվի ընթացակարգը։ Դա կօգնի խուսափել ավելորդ ծախսերից և բյուրոկրատիայից, եթե նրանք չհանձնեն քննությունը։
Այսպիսով, ի՞նչ է կատարվում ներկա պահին: Ի՞նչ ճանապարհ է պետք անցնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար: JAMnews-ը «Վրաստանի իրավունքներ» կազմակերպության իրավաբան Նինո Խեցաձեի հետ ուսումնասիրել է բոլոր օրենքներն ու հրամանագրերը և մանրամասն բացատում է, թե ինչպիսին է քաղաքացիություն ստանալու կարգն այսօր։
Քաղաքացիության տրամադրման ի՞նչ տարբերակներ կան
Քաղաքացիությունը ենթադրում է իրավահարաբերություն անձի և պետության միջև:
Այս միավորումը քաղաքացուն տալիս է անձնական ազատության, արժանապատիվ կյանքի, կրթության, ընտրություններին մասնակցելու, նվազագույն եկամուտ ունենալու իրավունք։ Բայց դրա հետ մեկտեղ նրա վրա որոշակի պարտավորություններ է դնում, օրինակ՝ երկրի օրենսդրությանը հետևելու։
Վրաստանի քաղաքացիություն կարելի է ստանալ երկու եղանակով՝ ծննդյան կամ նատուրալիզացիայի միջոցով։
Ծնունդով քաղաքացիություն ստանալը ամենահեշտ ճանապարհն է: Անձը ծնված օրվանից համարվում է Վրաստանի քաղաքացի, եթե.
- ծնվել է Վրաստանում և նրա ծնողներից առնվազն մեկը Վրաստանի քաղաքացի է.
- ծնվել է Վրաստանում փոխնակ մայրության արդյունքում և նրա օրինական ծնողները նրան չեն ճանաչում որպես իրենց երկրի քաղաքացի.
- ծնվել է Վրաստանի տարածքում, և նրա երկու ծնողներն էլ Վրաստանի քաղաքացի ՉԵՆ (այս կարգավիճակը պետք է պաշտոնապես տրվի ծնողներին),
- ծնվել է Վրաստանում, ծնողներից մեկը քաղաքացիություն չունի, իսկ մյուս ծնողի ինքնությունն անհայտ է։
Նատուրալիզացիայի միջոցով քաղաքացիություն տրամադրելը նշանակում է, որ պետությունն իր քաղաքացիությունը շնորհում է օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձին: Նման անձն ինքը պետք է քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնի և դրա համար դիմի պետությանը։
Ի՞նչ է նատուրալիզացիան։ Ինչպե՞ս քաղաքացիություն ստանալ, եթե այն չունես ի ծնե:
Կան հինգ կանոններ, որոնց համաձայն օտարերկրացին կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն.
- Սովորական ընթացակարգով,
- Պարզեցված ընթացակարգով,
- Հատուկ ընթացակարգով,
- Վերականգնման ընթացակարգով,
- Բացառության կարգով։
*սովորական ընթացակարգով
Սովորական ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ չորս պայմաններին՝
- Վերջին տասը տարում մշտապես բնակվի Վրաստանում։ Սա նշանակում է, որ նա չի լքել Վրաստանի տարածքը մեկ տարվա (այսինքն՝ 365 օր) ընթացքում ավելի քան 90 օր։ Բացառություն են այն դեպքերը, երբ մարդը մեկնում է ուսման կամ բուժման նպատակով։ Նման մեկնման առավելագույն թույլատրելի ժամկետը երկու տարի է։ Այսինքն՝ եթե տասը տարուց երկու տարին նա բուժման կամ ուսման նպատակով գտնվել է արտասահմանում և կարող է դա ապացուցել, ապա կհամարվի, որ տասը տարի անընդմեջ բնակվել է երկրում։
- Հանձնի վրացերենի քննություն։ Այսինքն՝ երկրորդ պայմանը նվազագույն մակարդակով պետական լեզվի իմացությունն է։ Գիտելիքները ստուգվում են հարցազրույցի կամ թեստի միջոցով: Մարդն ինքն է ընտրում, թե որ ձևով է ուզում հանձնել քննությունը։
- Հանձնի քննություններ Վրաստանի պատմությունից և իրավունքի հիմունքներից: Սկզբունքը նույնն է, ինչ լեզվի դեպքում՝ կարելի է ընտրել՝ հարցազրո՞ւյց ես ուզում, թե՞ թեստ։ Նախ պետք է հանձնել պատմության քննությունը, և եթե թեկնածուն գլուխ հանի դրանից, կարելի է անցում կատարել իրավունքի հիմունքներին։
- Աշխատի Վրաստանի տարածքում։ Պետք է նաև ունենալ անշարժ գույք և/կամ գործող ընկերություն Վրաստանում և/կամ բաժնետոմս կամ ներդրում կատարել որևէ ընկերությունում: [Սակայն կան բացառություններ. օրինակ՝ եթե անձը փախստական է, նրանից չի պահանջվում բավարարել չորրորդ պայմանին]։
Սովորական ընթացակարգով քաղաքացիություն ստանալ կարող է նաև երեխան։ Դրա համար նա պետք է մշտապես բնակվի երկրում հինգ տարի։ Օրինակ՝ եթե Վրաստանում ապրում է փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիք, այդ ընտանիքում երեխա է ծնվել, ապա հինգ տարի անց ծնողները կարող են դիմել նրան քաղաքացիություն տրամադրելու համար։
*պարզեցված ընթացակարգով
Վրաստանի քաղաքացու հետ ամուսնացած անձը կարող է քաղաքացիություն ստանալու համար դիմել պարզեցված ընթացակարգով։ Ամուսնությունը պետք է գրանցված լինի:
Սակայն նույնիսկ այս դեպքում նա պարտավոր է վերջին հինգ տարիներին մշտապես բնակվել Վրաստանում և հանձնել բոլոր քննությունները։
Բայց նրանից չի պահանջվում կատարել վերջին պայմանը՝ անշարժ գույք ունենալ Վրաստանում, աշխատել կամ բաժնեմաս ունենալ վրացական ընկերությունում։
*հատուկ ընթացակարգով
Այս ընթացակարգով քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը, ով ծնվել է Վրաստանում մինչև 1993 թվականի մարտի 31-ը։ Բայց նա նույնպես պետք է հանձնի բոլոր երեք քննությունները։
*բացառության կարգով
Սա, այսպես կոչված, երկքաղաքացիությունն է։ Դա տալու իրավունք ունի միայն Վրաստանի նախագահը։ Իսկ դրա համար անձը պետք է ինչ-որ վաստակ ունենա Վրաստանում։
Երկքաղաքացիություն շնորհելիս հաշվի է առնվում, թե ինչն է տվյալ մարդուն կապում Վրաստանի հետ, արդյո՞ք նա ունի վրացական արմատներ, ունի՞ անշարժ գույք այս երկրում և այլն։
Երկքաղաքացիություն կարող է տրվել, օրինակ, այն անձին, ով ականավոր գիտնական է, հասարակական գործիչ և մեծ նշանակություն ունի Վրաստանի համար։ Կամ մարզիկ, ով հանդես է գալիս Վրաստանի դրոշի ներքո։ Կամ մարդ, ով պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել Վրաստանում։
*վերականգնման ընթացակարգով
Այս եղանակով քաղաքացիություն ստանալուն կարող են հավակնել այն անձինք, ովքեր նախկինում ունեցել են Վրաստանի քաղաքացիություն, բայց կորցրել են այն։
Քաղաքացիության կորուստը կարող է առաջանալ դրանից հրաժարվելու հետևանքով: Օրինակ՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար։
Անձը կորցնում է քաղաքացիությունը նաև այն դեպքում, եթե նա առանց Վրաստանի թույլտվության գնում է ծառայելու այլ երկրի բանակում, ոստիկանությունում, ուժային մարմիններում և այդ մասին իմանում է Վրաստանի որևէ պետական մարմին։
Քաղաքացիությունը կորսվում է նաև, եթե այն ստացվել է կեղծ փաստաթղթերով, և դա հայտնի է դարձել։ Ինչպես նաև՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում (օրինակ՝ Ջավախեթիի բնակիչների դեպքը)։
Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար այս անձինք պարտավոր չեն տասը կամ հինգ տարի անընդմեջ ապրել Վրաստանում, բայց պետք է քննություններ հանձնեն։
Որտե՞ղ է պետք դիմել քաղաքացիություն ստանալու կամ այն վերականգնելու համար
Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի հանրային ծառայությունների զարգացման գործակալություն, նույն ինքը՝ Արդարադատության տուն։ Եթե թեկնածուն Վրաստանում չէ, կարող է դիմել Վրաստանի դեսպանատուն կամ հյուպատոսություն։
Երկու դեպքում էլ նրան կտրվի դիմում-հայտ, որը պետք է լրացնի:
Հայտը կարող է լրացվել նաև էլեկտրոնային եղանակով։ Անձն է ընտրում դիմելու ընթացակարգը։ Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացված են պարզաբանումներ և կից էլեկտրոնային դիմումի ձևը:
Այնտեղ նշված են նաև սակագները՝ ինչ գումար պետք է վճարվի հայտը սովորական կամ արագացված կարգով դիտարկելու համար:
Որպես կանոն, սակագինը տատանվում է 65 լարիից [մոտ 25 դոլար]՝ ստանդարտ եռամսյա ժամկետի դեպքում մինչև 390 լարի [մոտ 150 դոլար], եթե պատասխանն անհրաժեշտ է 20 օրվա ընթացքում։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- լրացված դիմում,
- գունավոր լուսանկար 3×4 չափի,
- ծառայության համար արված վճարումը հաստատող փաստաթուղթ,
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն։
Այլ փաստաթղթերի ցանկը կախված է այն ընթացակարգից, որով անձը դիմում է քաղաքացիություն ստանալու:
Եթե, օրինակ, նա դիմի քաղաքացիություն ստանալու համար սովորական ընթացակարգով, ապա նրան անպայման պետք կլինի Վրաստանում տասնամյա բնակությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև փաստաթուղթ, որը կհաստատի, որ նա աշխատում է Վրաստանում, ունի անշարժ գույք և այլն։
Պարզեցված ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար պետք է ներկայացնել ամուսնության վկայական և ամուսնու քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:
Երկքաղաքացիություն ստանալու համար դիմողները պետք է ներկայացնեն Վրաստանի քաղաքացիների կամ Վրաստանում գրանցված իրավաբանական անձանց կողմից տրամադրված երկու երաշխավորագիր:
Եթե անձը խնդրում է վերականգնել քաղաքացիությունը, նրան անհրաժեշտ են փաստաթղթերի պատճեններ, որոնք կհաստատեն, որ նա եղել է Վրաստանի քաղաքացի։ Դա կարող է լինել, օրինակ, քաղաքացիության դադարեցումը կամ կորուստը հաստատող փաստաթուղթ:
Ի՞նչ է տեղի ունենում հայտը լրացնելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո
Հենց որ դիմումատուն լրացնում է հայտը, նրա գործը սկսում է ուսումնասիրել Արդարադատության տան հատուկ հանձնաժողովը։
Սկզբում ստուգում են փաստաթղթերը:
Եթե դրանք թերի են, ապա դիմողին տրվում է լրացուցիչ ժամկետ՝ լրացնելու համար: Այդ ժամկետն անհատական է և կախված է նրանից, թե կոնկրետ որ փաստաթղթերն են բացակայում:
Եթե դիմողը ներկայացնում է լրացուցիչ փաստաթղթերը, գործակալությունը անցնում է նրա գործի ուսումնասիրությանը։ Չտրամադրելու դեպքում գործակալությունը կարող է հրաժարվել նրա դիմումը քննարկելուց:
Քննությունները բա՞րդ են
Երեք քննությունները, որոնք քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնեն դիմողները, առաջին հայացքից այնքան էլ բարդ չեն։
Կա դրանք հանձնելու երկու տարբերակ՝ հարցազրույց և թեստ։ Դիմողն ինքն է ընտրում քննության ձևն ու նշում է դա հայտը լրացնելիս:
Օրինակ՝ վրացերենի թեստի նմուշներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Եվ մոտավորապես նմանատիպ հարցերի դուք կհանդիպեք պատմության թեստում.
Մ.թ.ա. VI դարում պատմական Կոլխիդայի տարածքում քաղաքների հիմնադրումը կապված է
ա) եգիպտացիների,
բ) հույների,
գ) պարսիկների,
դ) հռոմեացիների հետ։
Ո՞ր քաղաքական կուսակցության ղեկավարն էր Արչիլ Ջորջաձեն։
ա) Քաղաքացիների միություն,
բ) Վերածնունդ,
գ) Ազգային շարժում,
դ) Սոցիալիստ-ֆեդերալիստական կուսակցություն։
Պատմության թեստերի նմուշները կարող եք գտնել նաև Հանրային ծառայությունների զարգացման գործակալության կայքում՝ այս հղումով։
Օրենքի հիմունքների թեստն այնքան էլ պարզ տեսք չունի:
Օրինակ՝
Ո՞ւմ համաձայնությամբ կարելի է կալանավորել կամ ձերբակալել հանրային պաշտպանին, խուզարկել նրա բնակության կամ աշխատանքի վայրը, ավտոմեքենան կամ անձնական իրերը։
ա) ոչ մի դեպքում,
բ) Վրաստանի խորհրդարանի համաձայնությամբ,
գ) Վրաստանի նախագահի համաձայնությամբ,
դ) Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ:
Քննությունը համարվում է հաջողությամբ հանձնած, եթե անձը ճիշտ է պատասխանել տասը հարցից յոթին:
Իսկ նախագահը՞
Վերջին խոսքը Վրաստանի նախագահինն է։ Բայց նա անձամբ չի ուսումնասիրում բոլոր մասնավոր դեպքերը։ Յուրաքանչյուր դիմողի գործ քննում է հատուկ հանձնաժողով, կազմում է արձանագրություն, ուղարկում գործակալություն, և այս արձանագրության հիման վրա գործակալությունը կազմում է զեկույց և ուղարկում նախագահին վերջնական որոշում կայացնելու համար։ Այդ զեկույցում արդեն իսկ նշված է՝ կոնկրետ դիմորդը քաղաքացիություն ստանո՞ւմ է, թե՞ ոչ։
Նախագահի դերը հիմնականում ֆորմալ է՝ մերժում կամ համաձայնություն։
Նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի որոշում կայացնելու համար։ Եթե գործակալությունն ուղարկել է զեկույցը, իսկ նախագահը մեկ շաբաթվա ընթացքում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում չի կայացրել, նշանակում է՝ նա հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել։
Նախագահի որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Հնարավո՞ր է, որ գործակալությունը դրական եզրակացություն տա, իսկ նախագահը բացասական որոշում կայացնի։
Հնարավոր է։
Ինչո՞ւ կարող է մերժվել հայտատուն, եթե նա համապատասխանում է բոլոր պահանջներին:
Կոնկրետ անձին քաղաքացիություն տրամադրելը կարող է չբխել պետության շահերից: Այսպես, քաղաքացիություն ստանալու համար անձը չպետք է միջազգային հանցագործություն կատարած լինի, չպետք է Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ լինի։
Որքա՞ն ժամանակ է պահանջվում քաղաքացիություն ստանալու/չստանալու համար: Որքա՞ն է տևում ողջ գործընթացը:
Ամբողջ գործընթացի համար՝ դիմում ներկայացնելու պահից մինչև նախագահի որոշումը, օրենքով նախատեսված է եռամսյա ժամկետ։
Սակայն օրենքը սահմանում է նաև ընթացակարգի արագացում։ Ամենակարճ ժամկետը 20 օր է (տուրքն այդ դեպքում ավելի բարձր կլինի)։
Ի՞նչ է ասում վիճակագրությունը
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի տվյալներով՝ չորս տարվա (2018-2022 թթ.) ընթացքում Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը նախագահին ուղարկել է քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ 13644 դրական և 7360 բացասական եզրակացություն։ Նախագահը հաստատել է դրանցից 13575-ը և, համապատասխանաբար, բացասական որոշում է կայացրել 69 անձի վերաբերյալ։
Դրական եզրակացություն ստացածներից 5111-ի քաղաքացիությունը վերականգնվել է, իսկ 8464-ը Վրաստանի քաղաքացիություն է ստացել բացառության կարգով (օրինակ՝ երկքաղաքացիություն)։
Ընդ որում, վերջիններիս 72 տոկոսը (ավելի քան վեց հազար մարդ) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։