Հետպատերազմյան համախտանիշ․ ինչպես են Հայաստանում վերապրում կապիտուլյացիան
Արցախյան երկրորդ պատերազմը, թեև այն կանխատեսում էին քաղաքագետները, այնուամենայնիվ, անսպասելի էր հայ հասարակության համար։ Ադրբեջանի և Արցախի շփման գծում լոկալ մարտական բախումներին Հայաստանում վաղուց էին սովոր, իսկ 2016 թվականի ապրիլին քառօրյա սրացումն էր եղել։ Սակայն նման մասշտաբի ռազմական գործողություններին մարդիկ անպատրաստ էին։
Մարդկային և տարածքային կորուստների մասին տեղեկությունները ծայրահեղ ցավոտ էին ընկալվում, իսկ ամենափոքր «դրական» լուրն էյֆորիա էր առաջացնում։ Այդ պատճառով էլ պատերազմի արդյունքները, որը Հայաստանի համար ոչ մի լավ բան չէր կանխագուշակում դեռ ամենասկզբից, շոկ էին հասարակության համար։ Եվ այն մի քանի ճամբարների բաժանվեց։
Մի մասը պատերազմում կրած պարտության համար մեղադրում է երկրի ղեկավարությանը, մյուս մասը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջականորեն մեղավոր չէ, իսկ կապիտուլյացիան վերջին 30 տարվա կոռուպցիայի հետևանք է։
- Կարծիք․ ի՞նչ է մտածում ընդդիմությունը՝ Փաշինյանին ստիպելով հեռանալ
- Մեղրիով ճանապարհ դեպի Նախիջևան․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում Ադրբեջանին, թե՞ դուրս է գալիս բլոկադայից
- Կարծիք․ ի՞նչ է սպասվում Արցախին և Հայաստանին
Երևանը կապիտուլյացիայից հետո
Նոյեմբերի լույս տասի գիշերը Երևանի համար նվաստացուցիչ համաձայնագրի ստորագրման մասին լուրը բոլորին անակնկալի բերեց։ Այն, որ առաջնագծում իրավիճակն այնքան էլ լավ չէր, կարելի էր կռահել անգամ պաշտպանության նախարարության սուղ տեղեկություններից։
Սակայն ամբողջական պատկերը պարզ դարձավ միայն եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության կետերի հրապարակումից հետո։ Ըստ փաստաթղթի՝ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում ոչ միայն Արցախի հարակից շրջանները, որոնք անվտանգության գոտու դեր էին խաղում, այլ նաև բուն ԼՂ տարածքներ։
Կապիտուլյացիայի ստորագրման մասին նորությունը Երևանում անկարգություններ առաջացրեց։ Չնայած ուշ գիշերին՝ կառավարության և խորհրդարանի շենքերի մոտ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին։ Ոստիկանությանը չհաջողվեց զսպել ամբոխի գրոհն, ու տարերային ակցիան վերաճեց շենքերի ներսում անկարգությունների։
Ինքնաբուխ ցույցի մասնակիցներին հանդարտեցնելու եկավ Ազգային ժողովի խոսնակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի առաջնորդներից մեկը՝ Արարատ Միրզոյանը։ Զայրացած ամբոխն այնպիսի բռնության ենթարկեց Միրզոյանին, որ նա դրանից հետո բուժման նպատակով երկու վիրահատության ենթարկվեց։
Սա առաջին ակցիան էր, որը ցույց տվեց Հայաստանի իշխանությունների վարկանիշի անկումը։
Քաղաքական ուժերի միավորումն ընդդեմ Փաշինյանի
Չնայած ռազմական դրությանը՝ բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին, ընդդիմությունը սկսեց պահանջել երկրի ղեկավարի հրաժարականը։ 17 ընդդիմադիր կուսակցությունները միավորվել էին դեռևս համաձայնագրի ստորագրումից առաջ, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարության և դրա ղեկավարի հրաժարականի նրանց պահանջին միացան հազարավոր մարդիկ։
Փորձագետները կարծում են, որ «բողոքող զանգվածն» այժմ շատ է հետհեղափոխական Հայաստանի համար, որն, ընդհանուր առմամբ, սատարում է իշխանություններին, սակայն այն դեռ քիչ է կառավարության պաշտոնանկության համար։
Վարչապետի հրաժարականի անհրաժեշտության մասին է խոսել երկրի նախագահ Արմեն Սարգսյանը, որը մինչ այդ խորհրդակցություններ է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ու այլ հանրային կառույցներ։
Նրանք կարծում են, որ պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի կառավարությունը պետք է հոժարակամ հրաժարական տա, կամ խորհրդարանը վարչապետին պետք է իմպիչմենտ հայտարարի։
«Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորները դա չարեցին, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ հասարակությունում իր հրաժարականի պահանջ չկա, և ինքը կհեռանա ընտրություններից հետո․
«Մեզ մոտ կա ներքաղաքական լարվածություն, սակայն ճշմարտությունն այն է, որ ընդդիմության հնչեցրած կոչերը մեծ արձագանք չեն գտել հայ հասարակությունում։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության հարցը, որը ձևավորվել է ժողովրդի կողմից, կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով»։
Սակայն այն, որ քչերն են դուրս եկել բողոքի ակցիաների, չի նշանակում, որ նրանք սատարում են ներկայիս իշխանությանը։ Այս մասին են խոսում սոցցանցերում տիրող տրամադրությունները։
Փաշինյանի ստորագրած փաստաթղթի և պատերազմի արդյունքների վերաբերյալ քննադատությունն ահռելի է։ Հիմնական հարցադրումները, որ անում են օգտատերերը․
- ինչո՞ւ է իրավիճակը հասել այնպիսի կրիտիկական կետի, երբ երկիրը ստիպված է եղել կատարել Բաքվի ցանկացած պահանջ,
- ինչպե՞ս է տեղի ունեցել գրոհների համար դժվար հասանելի Շուշի քաղաքի անկումը,
- ինչո՞ւ իշխանություններն ավելի վաղ չեն համաձայնել հրադադարի,
- արդյո՞ք հնարավոր էր խուսափել կորուստների մի մասից,
- ինչո՞ւ անհրաժեշտ չափով մոբիլիզացիա չի անցկացվել,
- ինչո՞ւ է Արցախի ՀՕՊ համակարգը փաստացի ոչնչացվել պատերազմի առաջին իսկ օրը,
- ինչպե՞ս կարող էր վարչապետի տիկինը հայտնվել ռազմական ղեկավարության հետ հրամանատարական կետում, ի՞նչ ազդեցություն է նա ունեցել որոշումների կայացման վրա։
Այս հարցերին փորձել է պատասխանել Փաշինյանն անձամբ Facebook-ի իր էջում կատարած հրապարակումներում։ Սակայն դրանց տակ արված մեկնաբանությունները վկայում են, որ նրա պատասխաններն այնքան էլ համոզիչ չեն։
Փաշինյանի հակառակորդների փաստարկները
Արդյո՞ք Փաշինյանը դավաճան է։ Եվ եթե այո, ապա ինչպե՞ս է դավաճանել։
Սոցցանցերում և բողոքի ակցիաների ժամանակ մեկնաբանությունները բազմաթիվ են։
Ոմանք վարչապետին դավաճան են անվանում միայն այն պատճառով, որ նա ստորագրել է եռակողմ համաձայնագիրը։ Մյուսները համարում են, որ իր քաղաքական կարիերան նա գերադասել է պետական շահերին, երբ պատերազմի սկզբնական փուլում չի համաձայնել ցավոտ զիջումների։
Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև չի կարողացել խուսափել պատերազմից, կարծում է Երևանի բնակիչ Լիաննա Սամվելյանը։ Նա որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ, սակայն պատերազմից հետո ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի։ Կարծում է, որ իշխանությունում Փաշինյանի մնալու յուրաքանչյուր օրը բացասաբար է անդրադառնում երկրի վրա․
«Կարծում եմ, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Վստահ եմ, որ հենց նա է իրավիճակը պատերազմի հասցրել իր անհեռատես արտաքին քաղաքականությամբ։ Պատերազմի արդյունքներն աղետալի են․ մոտ 5 հազար զոհ, հազարավոր վիրավորներ, կորցրած տարածքներ, մեր տղաներից շատերը գերության մեջ են ադրբեջանական կողմում։
Պարզ չէ, թե ինչ է լինելու նրանց հետ, թե երբ կկարողանան նրանք տուն վերադառնալ։ Անկախ Հայաստանը ծանր ժամանականեր ունեցել է, սակայն նման ճգնաժամի մեջ չի եղել երբեք։ Մեղավորը պետք է ոչ միայն հեռանա, այլև պատժվի»։
Լիաննան կարծում է, որ Փաշինյանն իշխանության մնալու շանսեր չունի, վարչապետի վարկանիշն անկում է ապրում ամեն օր․ ժողովուրդը նրան չի ների Արցախի մի մասի կորուստը․
«Այժմ միակ ելքը ժամանակավոր կառավարության ձևավորումն է, որը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից մի քանի ամսում։ Կարծում եմ, որ այդ կառավարությունը կարող է գլխավորել գործող նախագահը։ Չեմ պատկերացնում, որ որևէ մեկը երկիրն էլ ավելի ապակայունացնի, քան այժմ է։ Նման ճգնաժամ երբեք չի եղել»։
Փաշինյանի կողմնակիցների կարծիքը
Կապիտուլյացիա ստորագրելուց հետո գիշերը Փաշինյանը մի քանի անգամ ուղիղ եթեր է մտել սոցցանցերում և հայտարարել, որ պարտության համար պատասխանատու են բոլորը։ Մասնավորապես, նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, որոնք «տարիներով հարստահարել են ժողովրդին»։
Այս տեսակետը կիսում են Փաշինյանի կողմնակիցները․ Հայաստանը պատրաստ չէր պատերազմի, քանի որ 2,5 տարում նոր իշխանությունը չի կարողացել ձեռք բերել 30 տարում չգնված զենքը, լուծել հարցեր, որոնք այդքան երկար չեն լուծվել։
Անահիտ Բաղդասարյանը երկու երեխաների մայր է։ Պատերազմը նրան էլ է ստիպել ուշադիր հետևել երկրում կատարվող քաղաքական իրադարձություններին։ Նա վստահ է, որ Փաշինյանը պետք է մնա․
«Պատերազմից հետո ես նկատել եմ միայն նրա մահվան կոչեր՝ ինքնասպան եղիր, հրաժարական տուր․․․։ Խոսակցություններ չկային իշխանության, իրական մարդկանց մասին, որոնց ամբոխն առաջարկում է նրա տեղը։ Նրանք, ովքեր Փաշինյանին ընտրել են, 2018-ին ավելի շատ էին, քանի որ նա միակն էր, ով որոշեց իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։
Կարծում եմ, որ Փաշինյանը պետք է մնա, քանի դեռ ընտրություններ չեն անցկացվել, և նա չի փոխարինվել օրինական ճանապարհով։ Նա, ըստ ամենայնի, չի վերընտրվի, սակայն պետք է հեռանա մրցակցային պայքարի միջոցով։ Մենք պետք է ժամանակ ունենանք մյուս թեկնածուների բոլոր առաջարկները լսելու։ Այժմ լսում ենք միայն ընդդիմության մանիպուլյատիվ ճղճղոցը»։
Անահիտը կարծում է, որ Փաշինյանին դեռևս իրական այլընտրանք չկա, իսկ ընդդիմությունը պատերազմում կրած պարտության ֆոնին փորձում է իշխանության գալ։ Բայց Փաշինյանը հասարակությունը միավորելու և ներկայիս իրավիճակից դուրս գալու ռեսուրսներ ունի, թեև Անահիտը չի հերքում մարտի դաշտում պարտության համար վարչապետի մեղքը․
«Այո, մեղավոր է։ Նա մեր հասարակության մի մասն է, ընդ որում՝ կարևոր մասը, իսկ ես կարծում եմ, որ մենք բոլորս ենք մեղավոր կատարվածի համար։ Մենք ժառանգել ենք հին կարծրատիպերը, և ուշ էր ինչ-որ բան փոխել, մեզ դրա համար ժամանակ չտվին։ Հայաստանում չկա մեկը, որ չիմանար բանակի վիճակի մասին, չկա մեկը, որ չգիտեր այս տասնամյակների ընթացքում պաշտպանության ոլորտի բյուջեի «ատկատների» մասշտաբների մասին։ Եվ, այնուամենայնիվ, մեծ մասը սրտնեղում էր այն մտքից, որ պետք է հողերը տալ, որ պատերազմ չլինի։
Անգամ հազարավոր 19 տարեկանների զոհվելուց հետո երկիրը գոռում էր «առանց արյան» Քելբաջարը հանձնելու մասին։ Քանի՞ մարդ պետք է զոհվեր, որ ժողովուրդը նկատեր, որ մենք պարտվել ենք։ Եթե նա կապիտուլյացիա չստորագրեր, ես նրան կանիծեի։ Պատերազմի արդյունքների համար մեղավոր է մեր ապաշնորհ հրամանատարությունը, երեք տասնամյակ ոչինչ չանելը։
Նա մեղավոր է, որ հույսը մեզ վրա էր դրել, կռվելու մեր պատրաստակամության, մեր «դուխի» մասին միֆի վրա, իսկ պարզվեց, որ մենք սովորական մարդ ենք և չենք ուզում մեռնել, ուզում ենք, որ մեր տեղն ուրիշ մեկը զոհվի»։
Ի՞նչ շանսեր ունի Փաշինյանը
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ակնհայտ պառակտում է տեսնում հայ հասարակությունում պատերազմից հետո։ Եվ նա միանգամից երեք խումբ է առանձնացնում․
«Մի խումբը սատարում է իշխանություններին։ Երկրորդը դեմ է՝ ակտիվ դիրքորոշմամբ։ Երրորդը՝ դեմ է իշխանությանը, բայց պասիվ դիրքորոշում ունի։ Բոլոր խմբերը կազմում են բնակչության մեկ երրորդը՝ չնչին շեղումներով»։
Փորձագետն ասում է, որ պատերազմից առաջ Փաշինյանի վարկանիշը հասնում էր 65 տոկոսի։ Պատերազմի ժամանակ այդ ցուցանիշը հասել էր 80-ի, կապիտուլյացիայից հետո՝ 30-ի։
Նա կարծում է, որ իշխանությանն այժմ մի քանի գործոն է հարվածում։ Հասարակությունը սկսում է ավելի լավ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Արցախը շարունակում է տարածքներ կորցնել նույնիսկ ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո։ Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ է անցել ևս երկու գյուղ։ Շատերը Փաշինյանին ու նրա թիմին մեղադրում են ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու անկարողության մեջ։ Թեև 45 մարդ արդեն վերադարձել է, պարզ չէ, թե քանի գերի է մնացել Ադրբեջանում։
«Ամենացավոտ հարցը շատ զինծառայողների անհասկանալի ճակատագիրն է։ Հինգ հազար զոհերի մասին տեղեկություններ են հրապարակվում։ Բացի այդ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այժմ նաև տնտեսական հեռանկարներ առանձնապես չկան։ Իսկ ընտրողների մեծ մասն առաջնորդվում է հենց այդ տրամաբանությամբ։ Այս ամենն այսպես թե այնպես ազդում է քաղաքական իրավիճակի վրա»։