Ինչպես անցավ պատերազմին հաջորդած մեկ տարին Հայաստանում․ վերլուծություն, ի՞նչ սպասել
Մեկ տարի է անցել Արցախում հրադադար հաստատելուց հետո, երբ 2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները փաստաթուղթ ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այս ընթացքում Հայաստանը վերապրեց լարված շրջան, անցավ փորձությունների և ցնցումների միջով՝ ներքաղաքական ճգնաժամից, արտահերթ ընտրություններից մինչև սահմանային բախումներ Ադրբեջանի հետ։
Ի՞նչ է փոխվել Հայաստանում այս մեկ տարում, ի՞նչ եզրակացություններ են արվել և արդյո՞ք արվել են, այժմ ո՞ր ուղղությամբ է շարժվում երկիրը։ Հայ քաղաքագետներ Գարիկ Քեռյանի և Անդրիաս Ղուկասյանի տարբերվող կարծիքները։
- Ադրբեջանի հետ հրադադարի հաստատումից մեկ տարի անց․ Փաշինյանը՝ հետպատերազմյան իրավիճակի մասին
- Հայկական Խաչիկ սահմանամերձ գյուղը․ ադրբեջանական գյուղերը սեփականներից ավելի մոտ են
- «Հայաստանն ու Ադրբեջանը չեն որոշում․ որոշողը Ռուսաստանն է»․ մեկնաբանություն Երևանից
Գարիկ Քեռյան, քաղաքագետ
Չլուծված հարցերն ավելի շատ են, քան լուծվածները
«Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նշանակում է Արցախյան հակամարտության որոշակի փուլի ավարտ։ Հակամարտության պատմությունը կարելի է երեք փուլի բաժանել։ Առաջին փուլը մինչև 1994 թ-ի հրադադարի կնքումն էր։ Երկրորդ փուլը բանակցային գործընթացն էր, այն տևել է մոտ 26 տարի։ Երրորդ փուլը ռազմական ագրեսիան էր Ադրբեջանի կողմից, որոշակի աշխարհաքաղաքական իրադրության մեջ, որը ստեղծեց ոչ ստանդարտ իրավիճակ։
2020 թ-ի նոյեմբերի հայտարարությունն Արցախի վերաբերյալ ֆորմալ առումով փակում է հակամարտության երրորդ փուլը, բայց այստեղ ավելի շատ չլուծված հարցեր են մնացել, քան լուծված։
Ադրբեջանն իր համար լուծել է խնդիրների միայն մի մասը․ ռազմական ճանապարհով նա գրավել է Արցախին հարող 7 շրջանները [Արցախյան առաջին պատերազմի արդյունքում դրանք հայկական կողմի վերահսկողության տակ էին — JAMnews]։
Բայց դա չի կարելի համարել խոշոր նվաճում Ադրբեջանի համար, որովհետև բանակցային գործընթացում բոլոր ժամանակներում հայկական կողմը կուլիսներում Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին [Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա՝ Արցախի շուրջ խաղաղ բանակցությունների միջնորդներ մինչև 2020 թ-ի Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկը] ասել է, որ Արցախի կարգավիճակի ճանաչումից հետո այդ յոթ շրջանները պետք է վերադարձվեն։
Սակայն Ադրբեջանը դա արեց ռազմական ճանապարհով՝ տալով բազմահազարանոց զոհեր նաև իր կողմից։
Իսկ օրակարգում պատերազմից հետո դեռ մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, համանախագահ երկրները պնդում են, որ այդ հարցը դեռ պետք է լուծվի։ Այսինքն՝ Ալիևին անհանգստացնող հիմնական հանգամանքը չի վերացել, թեև նա հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է։
Բայց բանակցությունները դեռ չի հաջողվում վերսկսել։ Բաքուն իր արտաքին քաղաքական դեղատոմսերը ստանում է Անկարայից և չի վերադառնում բանակցային սեղանի շուրջ»։
Իշխանությունը պարտավոր է եզրակացություններ անել
«Հայաստանը վերջին մեկ տարում անցավ լուրջ քաղաքական ցնցումների միջով։ Իշխանափոխության համար ընդդիմության պայքարն ընդգրկում է 2020 թ-ի նոյեմբերից մինչև 2021 թ-ի գարուն ընկած ժամանակահատվածը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները [անցկացվել են հունիսին, այդ ճգնաժամի լուծման համար] վերջին հինգ տարվա ընթացքում երրորդ ընտրություններն էին։ Հերթականն անցկացվել է 2017 թ-ին, այնուհետև՝ 2018 և 2021 թթ-ին եղել են արտահերթ ընտրություններ։ Ես դա կգնահատեի որպես երկրի կայունության և ռեսուրսների համար ոչ բարենպաստ գործընթաց։
Ամեն դեպքում, ընտրություններից հետո իրավիճակը կայունացավ, իշխանությունն ամրապնդեց իր դիրքերը, և ընդդիմությունը զրկվեց իշխանափոխության հույսից։
Իշխող քաղաքական ուժն այս մեկ տարվա համար պետք է եզրակացություններ անի և արտաքին քաղաքականության համար ռազմավարություն մշակի։ Այն պետք է արդեն հասկացած լիներ, թե ինչպես կառուցել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես զսպել Ադրբեջանի ագրեսիվ քայլերը սահմանին, ինչպես լուծել սահմանագծման, սահմանազատման հարցը, անկլավների հարցը, կոմունիկացիաների ապաարգելափակման հարցը, որպեսզի այն չվնասի մեր անվտանգությանը և այլն։
Ըստ էության, հետևությունների համար ժամանակ էլ չկա, իշխանության առջև կանգնած են բարդ խնդիրներ, որոնց ճիշտ լուծումից կախված է մեր պետականության ապագան։
Եվ այստեղ կարևոր է ճիշտ կադրային քաղաքականություն վարել՝ առաջ քաշելով նոր մտահորիզոնով, նոր ռազմավարական մտածելակերպով մարդկանց, ինչը չի եղել մեր դիվանագիտության մեջ 30 տարի շարունակ։ Եվ այդպիսի մարդիկ կան։ Սակայն մարդիկ են առաջ քաշվում, որոնք ոչ մի պատկերացում չունեն դիվանագիտության մասին՝ բացառապես քաղաքական պատկանելության սկզբունքով».
Ռուսաստանին հակաճառելը նշանակում է անդունդում հայտնվել
«Մեր քաղաքական կողմնորոշումը կայացել է 19-րդ դարի սկզբին, երբ Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմ։ Բոլոր այն դեպքերում, երբ մենք փորձում ենք փոխել այդ կողմնորոշումը, ընկնում ենք անդունդը։ Այդպես եղավ 1920 թ-ին, երբ մեր քաղաքագետները հավատացին ոչ թե բոլշևիկներին, այլ կնքեցին Սևրի պայմանագրը հայկական մեծ տարածքներով, արդյունքում ունեցան մի ոտնաչափ տեղ։
Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսին։ Այն փաստացի ուժի մեջ չի մտել, բայց դե յուրե չի դադարել գործել։ Ըստ դրա՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն»։ Արևմտյան Հայաստանի 95 հազար կմ² տարածքով շրջանները Թուրքիայի տարածքից փոխանցվում էին Հայաստանի Հանրապետությանը, միանում էին Արևելյան Հայաստանի տարածքին:
Այդպես եղավ նաև այժմ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2016 թ-ին առաջարկում էր ստորագրել «5+2» պլանը [Արցախին հարող շրջանների քանակով, որոնք պատերազմի արդյունքում հայկական կողմի վերասկողության տակ էին․ սկզբից առաջարկվում էր վերադարձնել 5, այնուհետև՝ 2 շրջան]։ 2020 թ-ի հուլիսին տավուշյան իրադարձություններից հետո [ռազմական սրացում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին] նրանք զգուշացրին, որ պատերազմ է սկսվելու, եթե այդ պլանը չստորագրվի։
Երբ Ռուսաստանին հարցնում են, թե արդյո՞ք պատերազմից խուսափելու հնարավորություն կար, ռուսներն ասում են․ «Ինչո՞ւ չկար, մենք նրանց առաջարկեցինք «5+2»-ը, իսկ նրանք հրաժարվեցին ստորագրել»։
Երբ մենք հակաճառում ենք Ռուսաստանին, հայտնվում ենք անդունդի եզրին, երբեմն՝ անդունդի հատակին։
Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է մեր գոյությունն ապահովել։ Ընդ որում, մենք հասկանում ենք, որ ոչ միշտ է Ռուսաստանը մեզ քայլեր առաջարկում, որոնք մեր շահերից են բխում։ Նա ունի իր շահերը։ Մենք պետք է գտնենք այն բալանսավորված ուղին, որտեղ մեր ազգային շահերն ու Ռուսաստանի շահերը կկարողանան համատեղվել»։
Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ
Ստանալ ՄԱԿ մանդատը՝ Կոսովոյի նախադեպով
«Արցախյան հակամարտության հետ կապված ամենակարևոր հարցերը լուծված չեն։ Չկա բուֆերային գոտի, որը կապահովի հայերի անվտանգությունը, չկա մանդատ այս գոտում վերահսկողություն ապահովելու համար, Արցախի կարգավիճակի հարցում նույնպես ոչ մի հստակություն չկա։
Պատերազմի հետևանքով իրավիճակը փոխվել է։ Եթե պատերազմից առաջ ենթադրվում էր, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, իսկ դրանից առաջ պետք է ճանաչվի դրա իշխանության օրինականությունը, ապա այժմ ակնհայտ է, որ խոսքն այն մասին է, որ Արցախում պետք է միջազգային կառավարում ներմուծվի։ Այսինքն՝ ՄԱԿ մանդատ պետք է լինի հատուկ վարչակազմի համար, որը հանրաքվեի անցկացումից առաջ իր վրա կվերցնի կառավարման հարցերը՝ Կոսովոյի նախադեպով։
Այս հարցն այժմ բանակցային սեղանին դրված է, բանակցություններն անցնում են փակ ռեժիմով։ Ներկայիս իրավիճակի տրամաբանությունն է թելադրում այդպիսի որոշում։
Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պետք է համաձայնության գան ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի շուրջ, որի շրջանակում են լուծվելու այս հարցերը։
Ի սկզբանե նրանց միջև տարաձայնություններ են եղել։ Ռուսաստանը պնդում էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն փոխի իր գործունեության առարկան և զբաղվի հումանիտար ծրագրերի համակարգմամբ և թողնի, որ եռակողմ ձևաչափը (Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան) լուծի կարգավիճակի, հրադադարի պահպանման և այլ հարցերը։
Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դեմ էին։ Պատերազմից հետո նրանք սպառնացել են ճանաչել Արցախի Հանրապետությունը, իսկ ԱՄՆ-ն պայման է դրել ՌԴ առջև․ եթե Արցախում ռուսական զորքերին չփոխարինեն միջազգային կոալիցիոն ուժերը, մասնավորապես՝ շվեդական ու ֆիննական զորքերը, ապա Ամերիկան իր ռազմաբազան կտեղակայի Վրաստանում։
Ռուսաստանն այս իրավիճակում պետք է ընտրություն անի, թե ինչն իր համար կարող է զգալի սպառնալիք ստեղծել»։
Ռուսական շահերի սպասարկման քաղաքականություն
«Հայաստանի իշխանությունն այս ողջ ընթացքում իրականացնում էր Ռուսաստանի շահերի սպասարկման քաղաքականություն, ինչի մասին բազմիցս բացահայտ հայտարարել է, որ սատարում է Արցախի վերաբերյալ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Հայաստանի իշխանության քաղաքականությունը միտված էր եռակողմ ձևաչափի պահպանմանը [Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան]։
Հայաստանի իշխանությունն, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հրադադարից հետո հակադրվում էր միջազգային հանրությանը։
Պատերազմի ժամանակ դա արտահայտվում էր նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց միջազգային ուժեր մտցնել, իսկ պատերազմից հետո առաջնահերթությունը տրվեց եռակողմ ձևաչափին»։
Հեռացումն Արևմուտքից՝ տապալում է Հայաստանի զարգացումը
«Հայաստանը հավատարիմ է Ռուսաստանի նկատմամբ իր դաշնակցային քաղաքականությանը, նա իրեն ներկայացնում է այնպես, ինչպես ավանդաբար անում էր․ հեռանում է Արևմուտքից, պահպանում դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատրաստակամություն արտահայտում շարունակելու այդ գիծը, անգամ լուրջ զիջումների գնով։
Արդյունքում՝ Հայաստանում զարգացում չկա։ Գործնականում առաջ չի գնում ԵՄ և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։ Եվրամիությունը որոշում է ընդունել ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ համաձայնագրի զարգացմանը։ Սակայն այն պատճառով, որ հայկական կողմի գործողությունները մեծապես հետ են ժամանակացույցից, 2,6 մլրդ եվրո ֆինանսավորումը հասանելի կլինի ոչ շուտ։
Պատերազմին հաջորդած մեկ տարում Հայաստանում ոչ մի բարեփոխում չի իրականացվել։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ անհրաժեշտ բարեփոխումներ չեն իրականացվել հենց ռազմական ոլորտում։
Բարեփոխումների մասին միայն խոսում են, բայց գործնականում ոչինչ չի արվում»։