Ի՞նչ կտա Հայաստանի անվտանգության հարցի քննարկումը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում․ կարծիք
Հայաստանի սպասելիքները Արևմուտքից
Հայաստանի վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարն այս շաբաթը սկսեցին ուղևորություններից՝ Փարիզ և Վաշինգտոն։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ լայնորեն լուսաբանվեց։ Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վաշինգտոնյան այցի մասին քիչ բան է հաղորդվում։
Ի՞նչ օրակարգով են մեկնել հայ պաշտոնյաները Արևմուտք։ Բոլոր հայտնի մանրամասներն ու փորձագիտական կարծիք։
«Փաշինյանը նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ»․ Մակրոն
Հայաստանի կառավարության մամուլի գրասենյակը արագ և մանրամասն տեղեկություններ շրջանառեց վարչապետի փարիզյան հանդիպումից։
Հաղորդվում էր, որ Ֆրանսիայի նախագահն իր ելույթը սկսել է սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների և ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին հիշեցումով։ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները՝ հրավիրելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկու նիստ։
«Հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի չսահմանագծված լինելը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք: Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է՝ ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար, և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը»,- հայտարարել է նա։
Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ չլուծված հարցերը շատ են, դրանք պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով․
«Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո և պետք է դրանք վերսկսել»։
Ըստ Հայաստանի կառավարության՝ Մակրոնը ողջունել է «Փաշինյանի խիզախությունը, որը նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ»։ Սակայն որևէ տեղեկություն չի հաղորդվում այն մասին, թե ինչ է նկատի ունեցել Մակրոնը «նոր մոտեցում» ասելով։
«Միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը կօգնի»․ Փաշինյան
Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Փաշինյանը ևս մեկ անգամ հնչեցրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը՝ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա երկրի տարածքից։
«Այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն»։
Նրա խոսքով՝ Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած «ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ», երբ երկրները ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին համաձայնագիրը:
Փաշինյանի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ Ադրբեջանի գործողությունները գիտակցված ագրեսիա են։
«Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա»,- առաջարկել է Հայաստանի վարչապետը։
Թե ինչպես է այս առաջարկին արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի չէ։
«Բաքուն սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը»
Սեպտեմբերի 26-ից Վաշինգտոնում է գտնվում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նա ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Մինչ այս պահը հաղորդվել է միայն մեկ հանդիպման մասին։ Գրիգորյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքներն է ներկայացրել ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաներին, դեսպաններին, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամներին։
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Բաքուն ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը։
Այս օրերին Նահանգների մայրաքաղաքում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ նա քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «ներկայիս ընթացքը», այդ թվում՝ սահմանագծմանն ու սահմանազատմանը, հաղորդակցություններին վերաբերող հարցեր։
Հաջիևի ամերիկյան այցի մասին տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ Ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն չեն խոսում Հաջիև-Գրիգորյան հնարավոր հանդիպման մասին։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիայի խնդիրը, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո մեկն է՝ դուրս չմնալ ընթացիկ գործընթացներից։ Ասում է՝ ավելի մեծ հավակնություններ Փարիզն առայժմ չունի։
«Հետևաբար, Ֆրանսիան կաշխատի սերտ լինել Միացյալ Նահանգների ակտիվությանը՝ այդ կերպ լուծելով նաև գործընթացներում իր ներկայության հարցը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Բադալյանը։
Ըստ նրա՝ Փարիզից հնչող կոշտ հայտարարությունները շատ կարևոր են, բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչն ուղղվում է հավասարապես երկու կողմերին․
«Դատապարտելով Բաքվի կողմից ուժի գործադրումը՝ նրա վրա չի դրվում բանակցային գործընթացը տապալելու պատասխանատվություն։ Այս հարցն է, որ մեր հասարակական-քաղաքական շրջանակներում պետք է արժանանա լրջագույն ուսումնասիրության և քննարկումների»։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ ինչ է ակնկալվում Հայաստանից։ Այս առանցքային հարցի պատասխանից է կախված՝ երկաժամկետ առումով որքան կայուն, արդյունավետ կլինեն ընթացող քաղաքական պրոցեսները, որքանով հնարավոր կլինի զսպել ռազմական բախումների ռիսկը կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում։
«Բովանդակային լուծումներ կարող են առաջարկել բոլորը, բայց հարցն այն է, թե որքանով ես ի վիճակի այդ լուծումն առաջ մղել, քաղաքական կառավարման ենթարկել։ ԱՄՆ-ն անհամեմատ ավելի մեծ ու ազդեցիկ գործիքակազմ ունի՝ ի տարբերություն արևմտյան մյուս երկու սուբյեկտների՝ Բրյուսելի և Փարիզի։ Ուստի, առանցքայինն այն է, թե ինչ կհաջողվի Նահանգներին»,- ընդգծել է Բադալյանը։
Թե ինչ արդյունավետություն կունենա Վաշինգտոնի տարած աշխատանքը, ըստ նրա, կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արձագանքներից։ Միևնույն ժամանակ՝ չի բացառում, որ Մոսկվան որոշի չխանգարել Նահանգներին՝ տակտիկա կիրառելով․
«Ծանրաբեռնված լինելով Ուկրաինայում, հնարավոր է՝ որոշի իրավիճակը որոշակիորեն զիջել ԱՄՆ-ին՝ հաշվարկով, որ Ուկրաինայի ուղղությամբ ինչ-ինչ հարցեր լուծելուց հետո հնարավոր կլինի Կովկասում ավելի ակտիվ քայլերով վերականգնել տակտիկական նահանջը»։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Նահանգների նպատակն է մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները՝ քաղաքական գործընթաց կառուցելու համար։
Հիշեցնում է՝ այդ նպատակի մասին օրերս բարձրաձայնել է նաև Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Բադալյանը դժվարանում է ասել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր ֆորմատ կձևավորվի՞, թե՞ կշարունակի գործել բրյուսելյան ձևաչափը։ Հնարավոր է համարում, որ Վաշինգտոնը մշակի բովանդակային փաթեթ, համաձայնեցնի կողմերի հետ և այդ փաթեթը առաջ մղվի արդեն բրյուսելյան ձևաչափով։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական խմբի տեղակայման մասին Փաշինյանի առաջարկին՝ փորձագետն ընդգծում է՝ ուղերձը հասցեագրված է Ռուսաստանին․
«Եթե ռուսական մեխանիզմները չեն աշխատում, ապա Հայաստանն իրեն կաշկանդված չի զգա և կդիմի միջազգային մեխանիզմների ներգրավման»։
Մյուս կողմից, ըստ Բադալյանի, առաջ են գալիս մի շարք հարցեր, այդ թվում՝ Բաքվի արձագանքի և միջազգային դերակատարների պատրաստակամության վերաբերյալ։
«Միջազգային դերակատարները պատրա՞ստ են ստանձնել կոնկրետ հանձնառություն՝ հրադադարի կառավարման պատասխանատվություն։ Կարծում եմ՝ առանցքային դեր է ունենալու այն, թե քաղաքական պրոցեսն ինչպիսի տրամաբանությամբ կզարգանա։ Եթե չկա հուսալի քաղաքական հենք, ապա որևէ մեկը հազիվ թե շահագրգռված լինի Ռուսաստանին իրավիճակի կայունությունը կառավարելու պատասխանատվությունից ազատելու հարցում»,— ամփոփել է վերլուծաբանը։
Հայաստանի սպասելիքները Արևմուտքից