«Թուրքիան առանձնապես շահագրգռված չէ». Փաշինյան-Էրդողան հնարավոր բանակցությունների մասին
Փաշինյան-Էրդողան բանակցություններ են սպասվում
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան պատերազմը հայ հասարակության մեջ կրկին հարց բարձրացրեց՝ արդյոք պատրանքային չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հույսերն ու մտադրությունները։ Փորձագետները նշում են, որ «Ադրբեջանի ագրեսիան էլ ավելի է բարդացրել բանակցային ճանապարհով ինչ-որ հարցերի լուծումը»։ Թեև նույնիսկ այս պայմաններում օտարերկրյա միջնորդները կազմակերպում են հանդիպումներ և բանակցություններ հակամարտող կողմերի միջև։ Վերջինը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի մասնակցությամբ։
Մեկ այլ կարևոր հանդիպում սպասվում է հոկտեմբերի սկզբին Պրահայում։ Ակնկալվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետը կհանդիպի Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի նախագահի հետ։ Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը նույնպես անտեսանելի կերպով ներգրավված է լինելու այդ բանակցություններում, քանի որ Թուրքիայի ղեկավարը բացահայտ կերպով հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ իր քայլերը համաձայնեցնելու մասին։
Հայ փորձագետները կարևոր են համարում բոլոր երկկողմ բանակցությունները, թեև կասկածում են դրանց արդյունավետությանը, ինչպես նաև կանխատեսում են հնարավոր օրակարգ՝ ինչ կարող է քննարկվել այս պահին։
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
Գնալ քո օրակարգով
«Փաշինյանն ու Էրդողանը իսկապես կարող են հանդիպել Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Նրանց հանդիպումը կարող էր կայանալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանի ժամանակ, սակայն չկայացավ երկու երկրների ղեկավարների զբաղվածության պատճառով։
Խոսակցության թեմաներն այնքան շատ են, որ դժվար է ասել, թե ինչին է առաջնահերթություն տրվելու։ Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ հանդիպման հիմնական թեման լինելու է հայ-թուրքական հարաբերությունները՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի շահերը։ Պաշտոնական Անկարան դրանք համարում է զուգահեռ գործընթացներ և անընդհատ կապում է մեկը մյուսի հետ, ինչը դաշնակիցների դեպքում արդարացված է։
Երևանը պետք է անպայման գնա այս հանդիպմանը, բայց իր՝ շատ կոնկրետ օրակարգով։ Այս հանդիպումը կարող է նվազագույնի հասցնել հնարավոր նոր պատերազմի ռիսկերը։
Հայաստանը պետք է ձգտի շտապ կերպով պայմանագրեր կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ իր համար նվազագույն ռիսկերով։ Ակնհայտ է, որ մենք պարտված կողմն ենք, և այդ խաղաղությունը մեզ ամենաշատն է պետք։ Իսկ ինստիտուցիոնալ խաղաղությունը հնարավոր է միայն պայմանագրերի ստորագրումից հետո»։
Չարյաց փոքրագույնը
«Իհարկե, Հայաստանը պետք է կարմիր գծեր ունենա։ Դա երկրի տարածքային ամբողջականությունն է և ինքնիշխանությունը։ Մնացած բոլոր հարցերում մենք պետք է մեծ ճկունություն ցուցաբերենք՝ հաշվի առնելով այն, որ բանակը թուլացել է, պաշտպանունակությունը ցածր է, իսկ դիվանագիտական հավասարակշռությունը մեր օգտին չէ։
Հայաստանը չունի ընդգծված դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար։ Հետևաբար, պետք է ընտրել չարյաց փոքրագույնը»:
Կա նաև գայթակղության քար
«Թուրքիայի միակ իրական նախապայմանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, ինչպես նախկինում՝ 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հիմա, Արցախի հարցն է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Ընդ որում, թուրքերին այս հարցի ֆորմալ կողմն ավելի շատ է հետաքրքրում, քան բովանդակայինը։
Իսկ հարցերի լուծման՝ Բաքվի համար ձեռնտու ցանկացած տարբերակ ձեռնտու կլինի նաև Անկարայի համար։ Սա բխում է ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերություններից։
Այլ իրական նախադրյալներ լինել չեն կարող»։
Հայաստանը ինքնիշխանության կորուստներ կունենա
«Բացառությամբ Բաքվի և Անկարայի, բանակցություններում ներգրավված դերակատարներից և ոչ մեկը Հայաստանի առաջ չի դնում իր տարածքով արտատարածքային միջանցք տրամադրելու հարցը։ Այդ պահանջն անիրագործելի է, քանի դեռ Բաքուն չի որոշել այն լուծել պատերազմի միջոցով։ Բանակցային ձևաչափով դրան հասնելն անհնար է, քանի որ դա կնշանակի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում։
Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապող միջանցքը, կարծում եմ, ոչ թե արտատարածքային է լինելու, այլ ֆունկցիոնալ։ Այսինքն՝ սահմանային փոփոխություններ չեն լինի, բայց Ադրբեջանին կտրամադրվի ճանապարհ, որը կվերահսկի ՌԴ ԱԴԾ-ն, ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության իններորդ կետում։
Հայաստանը վերահսկողություն կունենա ճանապարհի վրա, բայց շատ սահմանափակ։ Դրա տակ ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ դժվար թե նա հրաժարվի դրանից։
Ադրբեջանն ուղղակի մաքսիմալիստական օրակարգ է առաջ քաշում, բայց ի վերջո հարցը կլուծվի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Հայաստանն այդ դեպքում տարածքային կորուստներ չի ունենա, բայց կկորցնի ինքնիշխանության մեջ։
Եվ դա չարյաց փոքրագույնն է: Եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, Սյունիքում կարող է պատերազմ սկսվել։ Հայաստանը չունի բավարար ուժ, պաշտպանունակություն, որպեսզի հրաժարվի եռակողմ հայտարարության այդ կետից»։
Գեորգի Միրզաբեկյան, թուրքագետ
Բոլոր որոշումները՝ Ադրբեջանի դիրքորոշումը հաշվի առնելով
«Փաշինյան-Էրդողան հանդիպումն, իհարկե, կարևոր է երկու երկրների ղեկավարների երկխոսության տեսանկյունից, սակայն պետք չէ բեկումնային փոփոխություններ ակնկալել և մեծ հույսեր կապել դրա հետ՝ հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը՝ կոշտ և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները սատարող։
Սրա հաստատումն են Թուրքիայի կողմից Հայաստանին ուղղված վերջին, իրականության հետ կապ չունեն մեղադրանքները, թե իբր նա է հրահրել ադրբեջանական ռազմական գործողությունները սահմանին։ Եվ սա առանձին դեպք չէ, այլ քաղաքական մոտեցում։ Այդ պատճառով էլ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարեց, որ Թուրքիայի բոլոր քայլերը տարածաշրջանում պետք է համաձայնեցված լինեն Ալիևի հետ»։
Հայաստանի համար անընդունելի պահանջներ
«Եթե հանդիպումը կայանա, Թուրքիան բանակցությունների սեղանին կդնի հայտնի «խաղաղության պայմանագիրը» և Հայաստանով անցնող «միջանցքի» հարցը։ Խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, «միջանցքի» պահանջով, այսինքն՝ Հայաստանի կողմից այդ տարածքի նկատմամբ ինքնիշխանության կորստի։
Երևանը պաշտոնապես դեմ է արտահայտվում իր տարածքով արտատարածքային միջանցք տալուն, թեև պատրաստ է տրամադրել ցամաքային ճանապարհ, որով Ադրբեջանը կապ կհաստատի Նախիջևանի հետ։
Հայաստանը կարմիր գծեր ունի նաև խաղաղության պայմանագրի հարցում։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման հինգ հիմնարար սկզբունքներ է ներկայացրել։ Հայաստանը, իր հերթին, առաջ է քաշել իր վեցյակը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման մեխանիզմների և երաշխիքների վերաբերյալ։ Եվ եթե թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակի անտեսել Հայաստանի առաջարկները, բնականաբար, անհամաձայնությունը կխորանա։
Միևնույն ժամանակ, քանի որ Թուրքիայի համար կարևոր է Բաքվի պահանջների բավարարումը նաև ԼՂ-ը՝ որպես Ադրբեջանի մաս ճանաչող խաղաղության պայմանագրի ստորագրման իմաստով, այսինքն՝ Արցախի հարցի փակման և «միջանցքի» տրամադրման վերաբերյալ, հետևաբար բոլոր հնարավոր հանդիպումների արդյունավետությունը ինքնաբերաբար կասկածի տակ է դրվում։
Հայաստանի սահմանին Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետ կապված անորոշություն է առաջացել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։ Հայտարարվել էր, որ այս հանդիպումը կկայանա սեպտեմբերին։
Ընդհանրապես, զուտ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների թեման երկրորդական է, Թուրքիայի համար կարևոր են այլ հարցեր»։
Հայկական բանակը՝ որպես զսպող գործոն
«Ադրբեջանն ամեն անգամ բարձրացնում է իր պահանջների նշաձողը` գործադրելով ռազմական ուժային ճնշում:
Այսօր ընդունված է ասել, որ հայկական բանակը քիչ ռեսուրսներ ունի, պաշտպանունակությունն անբավարար է։ Բայց սեպտեմբերի 13-14-ին մենք տեսանք կոշտ դիմադրություն ադրբեջանական ագրեսիային, տեսանք, թե ինչ լուրջ կորուստներ են հասցվել հակառակորդին։ Պետք է հստակ արձանագրել, որ հենց հայկական բանակի ջանքերով և Թուրքիայի միջոցով Բաքվի վրա ամերիկյան դիվանագիտության ճնշման ներքո կանգնեցվեց ադրբեջանական հերթական ագրեսիան։
Բայց այստեղ էլ Թուրքիան միայն փորձում է իր արևմտյան գործընկերների մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Հայաստանի հետ երկխոսության կողմնակից է։ Պրահայում հնարավոր հանդիպումն, ամենայն հավանականությամբ, պլանավորվում է հենց այդ նպատակով։ Թուրքիային պետք է ցույց տալ, թե կառուցողական է. Բայց եթե այս հանդիպումը կարևոր լիներ Թուրքիայի համար, Էրդողանը ջանքեր կգործադրեր, որպեսզի այն կայանար Նյու Յորքում, որտեղ գտնվում էին և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Իսկ «զբաղվածության» մասին հայտարարությունը խոսում է միայն այն մասին, որ Թուրքիան առանձնապես շահագրգռված չէ այս հանդիպմամբ։ Իսկ եթե այն տեղի ունենա, Էրդողանը, հերթական անգամ, կներկայացնի բացառապես իր դիրքորոշումն ու պահանջները»։
Փաշինյան-Էրդողան բանակցություններ են սպասվում