Ընտրություններ Հայաստանում․ լինե՞լ, թե՞ չլինել։ Ճգնաժամը շարունակվում է
Հայաստանում շարունակվում է քաղաքական ճգնաժամը։ Այն սկսվել է 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմում հայկական ուժերի կրած պարտությունից հետո։ Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը հեռանալ չի պատրաստվում։ Նա բազմիցս հայտարարել է, որ երկիրը գլխավորել է ողջ ժողովրդի ցանկությամբ և մտադիր չէ հեռանալ, քանի դեռ երկրի բոլոր բնակիչներն իրենց կամքը չեն հայտնել ընտրությունների ընթացքում։
Այս առնչությամբ բանակցություններ են ընթանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ։ Համաձայնություն դեռ չկա։
Բանն այն է, որ ընդդիմությունն ուզում է կանխել գործող իշխանությունների գլխավորությամբ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ քվեարկության արդյունքների կեղծումից խուսափելու համար։
Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կարծում է, որ և՛ պետության, և՛ ժողովրդի, և՛ հենց վարչապետի շահերից բխող միակ ելքը կառավարության ղեկավարի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է։ Եվ նա այս կապակցությամբ առաջարկում է Փաշինյանին անձեռնմխելիության երաշխիքներ տալ և ժամանակավոր ապաստանի հնարավորությույն արտասահմանում։
Միաժամանակ երկրում դեռևս գործում է ռազմական դրության ռեժիմը։ Ընդդիմությունը պահանջում է չեղարկել այն, քանի որ դա «խոչընդոտ է բոլոր քաղաքական գործընթացների համար»։ Ընդդիմադիրները կարծում են, որ ռեժիմը պահպանվում է միայն նրա համար, որպեսզի խանգարի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար պայքարին։
«Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորներն այս մեղադրանքն անհիմն են համարում, քանի որ իշխանությունները չեն ցրում ընդդիմության ցույցերն ու երթերը։ Նրանք ռազմական դրության ռեժիմի գործողությունը բացատրում են արտաքին սպառնալիքներով և մասշտաբային ռազմական զորավարժություններով, որոնք անցկացնում է Ադրբեջանը։
Մանրամասներ այն մասին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի հայտարարություններն ու պահանջները։
- Կոնսենսուս չկա, սակայն երկխոսությունը շարունակվելու է, և Հայաստանի իշխանությունները բանակցություններ են սկսում
- Ինչպիսի՞ն է կյանքը պատերազմից հետո․ հարցազրույց հայկական սահմանամերձ գյուղի երիտասարդ համայնքապետի հետ
«Ընտրությունների գնալու կամք կա»
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե նախկինում իշխանություններն առիթ էին փնտրում՝ արտահերթ ընտրություններ չանցկացնելու համար, ապա այժմ ինքը տեսնում է, որ «ընտրությունների գնալու կամք կա»։
Միաժամանակ, նա կարծում է, որ ընտրությունները պետք է անցկացնել «մայիսի մեջ, որպեսզի դրանք ավարտվեն գոնե մինչև հունիսի մեկը»․
«Հունիսի 1-ից հետո չենք կարող երաշխավորել, որ խորհրդարանում ոչ մի թեկնածություն չի առաջադրվի։ Հետևաբար, կոնսենսուս կարող է լինել այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն մինչև հունիսի 1-ը»։
Էդմոն Մարուքյանը խոսում է ընդդիմության կողմից վարչապետի թեկնածուների առաջադրման մասին։ Բանն այն է, որ, ըստ երկրի Սահմանադրության, խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար գործող վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ Ազգային ժողովը երկու անգամ տապալի կառավարության նոր ղեկավարի ընտրությունը։
Իսկ եթե ընդդիմությունը թեկնածու առաջադրի, և խորհրդարանը նոր վարչապետ ընտրի, ապա ընտրություններ չեն կայանա։ Այդ պատճառով էլ Փաշինյանն ավելի վաղ փորձում էր ստանալ խորհրդարանական ուժերի երաշխիքները, որ նրանք իրենց թեկնածուներին չեն առաջադրի։ Թեև իշխող ուժը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, և նման մտավախությունները լուրջ հիմք չունեն։
«Լուսավոր Հայաստանի» առաջնորդի խոսքով՝ կոնսենսուսի կարելի է հասնել, «եթե ընտրություններն անցկացվեն նշված ժամկետներում»։ Մարուքյանը ժամկետների կարևորությունը բացատրում է նրանով, որ ճգնաժամը շատ է խորացել, և այն պետք է հնարավորինս արագ լուծել։
«Արտաքին սպառնալիքի պարագայում ընտրությունների անցկացումն աբսուրդ է»
Վարչապետի թեկնածու, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը խոսել է ճգնաժամի լուծման երեք տարբերակի մասին։
Առաջինն առաջարկում է հենց «Հայրենիքի փրկության շարժումը»։ Խոսքն այն մասին է, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաներով համազգային շարժում ձևավորվի, որը իշխանություններին կստիպի հեռանալ։ Խորհրդարանում նոր վարչապետ կընտրվի՝ ոչ գործող կառավարության կազմից, ժամանակավոր կառավարություն ձևավորվի։ Այնուհետև ընտրություններ կանցկացվեն։
Ժողովուրդն, ըստ ընդդիմադիր գործչի, հակված է երկրորդ ուղուն․ բանակը վերցնում է իշխանությունը, ձևավորվում է ժամանակավոր վարչակազմ, և որոշ ժամանակ անց խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Կամ էլ այդ նույն բանը տեղի է ունենում ժողովրդական ըմբոստության ճանապարհով։
Երրորդ տարբերակը Մանուկյանն անընդունելի է համարում, քանի որ այն առաջարկում է իշխանությունը։ Դա արտահերթ ընտրությունների անցկացումն է գործող վարչապետի գլխավորությամբ։ Ընդդիմադիր գործիչը սա վտագավոր է համարում, քաի որ կարող է վնաս հասցնել Հայաստանին․
«Քաոսի, արտաքին սպառնալիքի պայմաններում ընտրությունների անցկացումն աբսուրդ է, և մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու փոխարեն դա ավելի կբարդացնի իրավիճակը։ Խնդիրը պետության ոչնչացման կանխումն է, ինչը պահանջում է գործող իշխանության հրաժարականը»։
Մանուկյանը նաև հայտարարել է, որ ընդդիմության պայքարն ուղղված է ոչ միայն այս կառավարության դեմ, «այլ մեծ մասամբ այն արտասահմանյան ուժերի դեմ, որոնք վերահսկում են Հայաստանը, այստեղ մեծ լրտեսական, պրոպագանդիստական ցանց ունեն և մարդկանց մանիպուլյացիայի են ենթարկում»։
Նախկին նախագահի արձագանքը
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ միակ ելքը, որը «բխում է պետության, ժողովրդի և անձամբ վարչապետի շահերից» Նիկոլ Փաշինյանի անհապաղ, ինքնակամ հրաժարականն է և Հայաստանը լքելը։ Եվ դրա համար, ըստ նախկին նախագահի, նրան պետք է անձեռնմխելիության երաշխիքներ տրամադրել և «թեկուզ ժամանակավոր ապաստանում արտերկրում»։
Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ վարչապետի պարտականությունները պետք է ստանձնի անկուսակցական փոխվարչապետը, որը կարող է արդար ընտրություններ անցկացնել։
Նախկին նախագահը քննադատել է ճգնաժամի հաղթահարման պլանը, որը ներկայացրել է Վազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդը հաշվի չի առնում այն, որ իր հայտարարած տարբերակներից մեկը «բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ»։
Իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակավրեպ է անվանել․
«Ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է»։
Փորձագետի կարծիք
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ հիմա Հայաստանում վստահության աղետալի ճգնաժամ է նկատվում․
«Հասարակության հիասթափությունն իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքականությունից ընդհանրապես, պաշտոնական տեղեկատվության նկատմամբ մարդկանց անվստահությունը հասարակության մեծ պառակտմանը զուգահեռ դառնալու են ապագա իշխանության գլխավոր խնդիրը։ Ով էլ որ ընտրվի սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքում։
Չէ՞ որ առանց իշխանության պլանների և պաշտոնական տեղեկությունների նկատմամբ հավատի՝ անհնար է լուծել առկա խնդիրներն ու երկիրը դուրս բերել խորը ճգնաժամից, որում այն հայտնվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում։ Ինչպես նաև կասեցնել արդեն տեսանելի արտագաղթը»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական սեգմենտի օգտատերերը նույնպես գրում են ձգձգված քաղաքական ճգնաժամից իրենց հիասթափության մասին։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Ո՞րն է Բաղրամյանի վրա տեղադրված վրանների և փակ պողոտայի իմաստը, եթե ոչինչ տեղի չի ունենում [խոսքն ընդդիմադիրների կողմից խորհրդարանի մուտքերը փակելու մասին է — JAMnews]։ Միայն դոփում են տեղում։ Չկան պահանջներ, միայն փաստի արձանագրում։
Ի վերջո, ընդդիմության դիմադրությունը հաղթահարելու համար կորոնավիրուսի պատրվակով լոքդաուն են հայտարարելու և ավելի մեծ խնդիրներ ստեղծելու բոլորիս համար։ Դա էլ լինելու է «ռեժիմի դեմ պայքարի» տրամաբանական ավարտը»։
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ ներկայացում է, և բոլորն իրենց դերերն ունեն»։
«Վրանները եթե չլինեին, ընտրությունների մասին խոսակցություններ էլ չէին լինի։ Պետք է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հերթապահում են այդ վրաններում, և թող նրանք, ովքեր կարող են, ավելին անեն»։
«Վերջապես, համաձայնեք նրա [Փաշինյանի] բոլոր պայմաններին, ցանկացած երաշխիք տվեք։ Երաշխիքները տարածվում են վարչապետի, բայց ոչ հանցագործի վրա։ Հետո թող պարզեն, թե ով է Փաշինյանն իրականում՝ Հայաստանի վարչապե՞տը, թե՞ Հայաստանը վաճառած հանցագործ»։