«Զորանոցային կարանտին». Թուրքիայից տարհանված Ադրբեջանի քաղաքացիները բողոքում են ցրտից, քաղցից և նույնիսկ ծեծից
Ավելի քան հարյուր մարդու կարանտինի են տեղավորել զորամասերում
Ուսանողները և Ադրբեջանի այլ քաղաքացիներ, որոնք տարհանվել էին Թուրքիայից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, մեկուսացվել են Նախիջևանի ինքնավար հանրապետության հյուսիս-արևմուտքում և բողոքում են սարսափելի պայմաններից, սպառնալիքներից և նույնիսկ ծեծից:
Տարհանվածների մեծ մասին տեղավորել են զորամասերում:
«Ոչ սնունդ, ոչ ծորակից ջուր: 90 մահճակալ 159 մարդու համար: Գիշերները շատ ցուրտ է, մեզնից ոմանք արդեն մրսածություն ունեն: Ուր ասես զանգել ենք, որպեսզի մեզ տանեն այստեղից, բայց ապարդյուն»,- մեջբերում է ВВС-ն նրանցից մեկի խոսքերը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մարտի 27-ի դրությամբ Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 122 դեպք: Երեք վարակված մարդ մահացել է, տասնհինգը ապաքինվել են:
«Մեր դռների մոտ զինվորներ են կանգնած: Բայց մենք ձերբակալված չենք: Երբ փորձում ենք առարկել, մեզնից վերցնում են հեռախոսները և անձնագրերը և նույնիսկ տանում են նկուղ»,- փոխանցում է Azadliq Radiosu-ն մեկ այլ ուսանողի խոսքերը:
Տարհանվածներից ոմանք գտնվում են ֆիզիոթերապևտիկ առողջարանի շենքում, բայց նույնիսկ այնտեղ, ինչպես նրանք պատմում են, պայմաններն ավելի լավը չեն:
Նաև սոցիալական ցանցերում սկսեցին տեղեկություններ հայտնվել, որ ի պատասխան բողոքի՝ ուսանողներից նվազագույնը մեկին դաժան ծեծի են ենթարկել:
Առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չկան: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում կարանտինի տակ գտնվող մարդիկ դժգոհում են վատ պայմաններից և հակասանիտարական վիճակից: Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Հիքմեթ Հաջիևը վերջերս հայտարարեց, որ «ոչ ոք չպետք է համարի, որ ինքը կարանտինի մեջ է գտնվում արձակուրդի համար, և նրա համար ստեղծվել են զբոսաշրջության անվճար հնարավորություններ»: