Զգուշացե՛ք, ընտրություններ են. կլուծվի՞, թե՞ կխորանա ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում
Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունները բազում հարցեր են առաջացնում։ Շատերը նույնիսկ կասկածում են, որ դրանք կայանալու են, թեև վարչապետն արդեն հայտարարել է անցկացման օրը՝ հունիսի 20։
Հայաստանը հայտնվել է տևական քաղաքական ճգնաժամում Արցախյան երկրորդ պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո։ Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը 2020 թ-ի աշնանից, սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հեռանալ ժողովրդի միայն մի մասի պահանջով։
Հենց ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար են քաղաքական ուժերը պայմանավորվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
JAMnews-ի հարցերին՝ արդյո՞ք ընտրությունները կայանալու են, ներքաղաքական ճգնաժամը լուծվելո՞ւ է դրանց շնորհիվ, ովքե՞ր են դրանց մասնակցելու, և ի՞նչ շանսեր ունեն նրանք, պատասխանել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
- ՀՀ-ում շտապ փոփոխել են Ընտրական օրենսգիրքը՝ ընտրությունների նախաշեմին
- Օրը հայտարարվել է․ արտահերթ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին
- Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
Ընտրությունները Հայաստանում կկայանա՞ն
«Հանրության շրջանում այս առթիվ կասկածներ կան։ Շատ բան կախված է ոչ միայն երկրի ներքաղաքական իրավիճակից, այլև, ընդհանուր առմամբ, Կովկասում առկա աշխարհաքաղաքական իրավիճակից։ Ոչինչ չի կարելի բացառել, տեսականորեն կարող է այնպիսի արտաքին իրավիճակ ստեղծվել, որը կարող է հանգեցնել Հայաստանում ներքաղաքական օրակարգի փոփոխության։
Այսօր դրա համար դեռևս լուրջ նախադրյալներ չկան, սակայն արտաքին միջավայրը բավականին անկանխատեսելի է։ Պետք է նաև նշենք, որ հատկապես պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի վրա էլ ավելի է մեծացել արտաքին գործոնի ազդեցությունը։
Հետևաբար, միայն ներքին պայմանավորվածությունների կամ ներքաղաքական իրավիճակի հիման վրա հնարավոր չէ որևէ օրակարգ կանխատեսել կամ կանխագուշակել։
Ընդ որում, այդպիսի արտաքին գործոն կարող է հանդիսանալ ոչ միայն իրավիճակի սրումը մեր տարածաշրջանում։ Դա կարող է լինել սրացում նաև մյուս տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Իրանում, ուկրաինական ուղղությամբ և այլն։ Քանի որ մեր տարածաշրջանը կապված է մյուս տարածաշրջանների հետ, այս կամ այն կետում սրացումը կարող է նոր խնդիրներ կամ նոր գործողություններ առաջ բերել։
Ըստ էության՝ մեր անվտանգության նախկին համակարգը չկա, իսկ նոր համակարգ դեռ չի ձևավորվել, և նման իրավիճակում Հայաստանը մեծապես կախված է արտաքին գործոններից։ Այս տեսակետից չեմ բացառում, որ ընտրություններ կարող են և չլինել»։
Արդյո՞ք ընտրությունները կհաղթահարեն լարվածությունը երկրում
«Ոմանք մտավախություններ ունեն, որ ընտրությունների անցկացման դեպքում հնարավոր են բախումներ կամ նույնիսկ քաղաքացիական պատերազմ՝ հաշվի առնելով երկրում սուր քաղաքական ճգնաժամի առկայությունը։
Սակայն հարց է առաջանում, իսկ ո՞վ կարող է հրահրել այդ քաղաքացիական պատերազմը։ Նա, ով քաղաքացիական պատերազմ սարքելու մտադրություն և հնարավորություն ունի, դրա համար առիթ և պատճառ կգտնի նույնիսկ առանց ընտրությունների։
Հատկապես, որ այժմ մենք գտնվում ենք այնպիսի սուր քաղաքական ճգնաժամի պայմաններում, երբ ցանկացած փողոցային ակցիա կարող է ակնթարթորեն քաղաքացիական պատերազմի վերաճել։
Սակայն եթե քաղաքական ուժերը կարողանան պայմանավորվածության գալ գոնե ընտրությունների անցկացման շուրջ՝ հասկանալու համար, թե ինչ գնահատական է հասարակությունը տալիս այս կամ այն ուժին, ապա ընտրությունների արդյունքը կարելի է վերցնել որպես մեկնարկային կետ և իրավիճակի հանգուցալուծման հասնել։
Իհարկե, շատ կարևոր է, թե ինչպես են անցկացվելու ընտրություններն ու հետընտրական գործընթացները, որոնք կապված են օրինականության, թափանցիկության, ազատությունների հետ։ Չէ՞ որ ընտրություններն ինքնին լարվածություն են, պայքար իշխանության համար։
Սակայն առանց դրանց էլ Հայաստանի քաղաքական կյանքում այդ լարվածությունն արդեն գագաթակետին է հասել, քանի որ ներքաղաքական գործընթանցերն ու կուսակցությունների թելադրած օրակարգը ոչ մի կերպ չեն արտացոլում իրականությունն ու հասարակության տրամադրությունները։
Այդ իրավիճակը լարվածություն է առաջացնում, իսկ ընտրությունները հնարավորություն կտան ամեն ինչ իրենց տեղը դնել և համապատասխանեցնել միմյանց։ Ընտրությունների օգնությամբ հասարակական տրամադրություններն արտացոլում կգտնեն խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում։
Այդ պատճառով էլ, ավելի լավ է ընտրություններ լինեն, քան՝ ոչ»։
Ընտրությունների անցկացման օպտիմալ ժամկետը
«Ընտրությունների անցկացման ժամկետների առնչությամբ յուրաքանչյուրն իր սուբյեկտիվ կարծիքն ունի։ Ընդդիմությունը կարծում է, որ դրանք հիմա պետք չէ անցկացնել։ Ես չեմ կարծում, որ, օրինակ, մեկ տարուց մեր երկիրը որակապես այլ մակարդակում կլինի ընտրական գործընթացների տեսանկյունից։
Միշտ կարելի է ասել, որ այսօր պատրաստ չենք ընտրությունների։ Խնդրահարույց կլիներ մեկ ամսից ընտրություններ անցկացնելը, սակայն հունիսն օպտիմալ ժամկետ է դրանց անցկացման համար»։
Խաղի մեջ են մտնում նո՞ր խաղացողներ
«Նոր ուժեր կհայտնվեն, դրանք արդեն կան։ Այժմ դրանց ձևավորման փուլն է։ Եվ շանսերը կախված կլինեն նրանից, թե ինչ ձևաչափով դրանք կմասնակցեն ընտրություններին։ Բնականաբար, միայնակ նրանց շանսերն ավելի փոքր են, քան այն դեպքում, եթե նրանք որևէ դաշինք կազմեն առավել փորձառու և հայտնի ուժի հետ։
Նոր ուժ կարելի է համարել, օրինակ, Հայաստանի Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը»։ Կամ ռուս ձեռնարկատեր, «Դվին» հյուրանոցի սեփականատեր և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի «Երրորդ ուժը» և այլն։
Այլ կուսակցություններ էլ կան, որոնք մի քիչ ավելի վաղ են ստեղծվել, սակայն ընտրական գործընթացում նրանք նորեկ են լինելու։ Եվ այս առումով պատկերը բազմազան է։ Կան նաև ուժեր, որոնց կապը նախորդ համակարգի հետ ակնհայտ է, սակայն նրանք հանրությանը նոր դեմքով են ներկայանում։
Այդ ուժերն ավելի շատ կբացահայտեն իրենց, երբ սկսեն խոսել այս կամ այն թեմայի շուրջ։ Այդ ժամանակ կերևա, թե ով և ինչ նպատակով, ինչպես նաև՝ ում և ինչ նպատակով են քաղաքական դաշտ մտցրել որպես թարմ դեմք, նրանցից որն է արբանյակ-կուսակցություն, սփոյլեր և այլն»։
Արդյոք կօգնի՞, թե՞ կխանգարի մի նախկին նախագահը մյուսին
«Շատ կարևոր է, թե ինչպես են հիմա կառուցվելու երկու նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններն ու շահերը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կայանալիք ընտրություններին մասնակցելու է իր թիմով։ Սակայն դեռ հայտնի չէ, ով է նրա թիմն ու ինչ ձևաչափով է այն հանդես գալու։
Լուրեր են պտտվում, որ ընտրություններին նա մասնակցելու է «Դաշնակցության» և կառավարության հրաժարականի պահանջի շուրջ միավորված որոշ այլ կուսակցությունների հետ, որոնց ժողովուրդը «17+» է անվանում՝ ըստ նրանց թվի։
Սակայն այստեղ շատ կարևոր է, թե ինչպես է մտադիր իր բավականին մեծ ռեսուրսներն օգտագործել մյուս նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Ընդ որում, նա ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել ընտրություններին։
Այս երկու ֆիգուրների շրջանակը նախկին իշխող էլիտան է։
Արդյո՞ք Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, պայքարելու է իշխանության համար։ Եթե նա խաղի մեջ է մտնելու, ապա ի՞նչ ձևաչափով և ի՞նչ ծավալով։ Սերժ Սարգսյանը հայտարարել է նաև, որ «չի լքելու քաղաքական խրամատները», և այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է եղել իր շրջապատին, քան գործող իշխանությանը։
Հետևաբար, Քոչարյանի շանսերը կախված են նախկին համակարգի շրջապատների հարաբերություններից, այդ համակարգի դասավորությունից, Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության ակտիվությունից կամ պասիվությունից, դրա ուղղվածությունից, ընտրություններին չմասնակցելու դեպքում Ռոբերտ Քոչարյանին օգնելու կամ խանգարելու որոշումից։
Ցանկացած դեպքում, կարծում եմ, Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ իր ռեսուրսների որևէ տոկոսն անցնի Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ այլ մեկին։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները, այսինքն՝ նախկին իշխող համակարգի շրջանակներն ու շերտերն ավելի շատ տարաձայնություններ և հակասություններ ունեն, քան ընդհանրություններ։
Այսօր նրանց կարող է միավորել միայն գործող իշխանության դեմ պայքարը։ Սակայն նրանց ներքին տարաձայնությունները միշտ եղել են և հիմա էլ են արդիական։ Դրանք էին հենց պատերազմից հետո գործող իշխանության դեմ համատեղ բլից-պայքարի ձախողման պատճառը։ Իսկ հիմա, կարծում եմ, նրանք ընդհանրապես տարբեր դաշտերում են խաղում»։