Երևանն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի «հեղափոխական» կառավարությանը
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին 00։30 ներկայացված նախնական արդյունքների համաձայն, վստահ հաղթանակ է տանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլ» դաշինքը, որը ստացել է ձայների ավելի քան 82%։
Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,43% ցուցանիշով։
Մնացած քաղաքական ուժերը դասավորվել են հետևյալ կերպ․
«Լույս» դաշինք՝ 4,78%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 1,56%
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 1,38%
«Օրինաց Երկիր» կուսակցություն՝ 0,94%
«Երևանցիներ» դաշինք՝ 0,80%
«Ժառանգություն» կուսակցություն՝ 0,67%
«Երևանի հանրություն» դաշինք՝ 0,56%
“Հայկազուններ” կուսակցություն՝ 0,22%
«Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0,15%
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 0,14%։
Սեպտենբերի 23 13:30
Երևանում այսօր քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ են: Դրանց մասնակցում է 12 քաղաքական ուժ: Բայց իրականում պայքարը գնում է մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար, քանի որ նրան ընտրելու է հենց ավագանին:
Այս ընտրությունները կարևոր են նաև, որովհետև դրանց արդյունքում փաստացի կպարզվի, թե որ քաղաքական ուժին են նախապատվություն տալիս երևանցիները: Մայրաքաղաքում այսօրվա դրությամբ բնակվում է ողջ երկրի բանկիչների գրեթե կեսը:
Քաղաքապետ կարող է դառնալ ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժի՝ դաշինքի կամ կուսակցության ընտրացուցակի առաջին համարը, որը կստանա ավագանու մանդատների 40 տոկոսը և ավելին: Եթե ընտրությունների մասնակիցներից ոչ ոք չկարողանա այդպիսի արդյունք ստանալ, ավագանիում հայտնված կուսակցությունները կարող են կոալիցիա ստեղծել և որոշել, թե ում ընտրել որպես քաղաքապետ:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար անցողիկ շեմը 6 տոկոսն է: Ընտրությունները կայացած կհամարվեն, և նոր ընտրություններ չեն անցկացվի, եթե նվազագույնը երեք քաղաքական ուժ հատի անցողիկ շեմը:
475 ընտրատեղամաս բացվել է Երևանի ժամով առավոտյան ուղիղ ժամը 8:00-ին, կփակվի 20:00:
Սրանք Հայաստանում այս գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո առաջին ընտրություններն են:
Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին չի մասնակցում և պաշտոնապես չի էլ մեկնաբանել իր այդ որոշումը:
Առաջիններից մեկն ընտրատեղամաս էր եկել Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հետաձգել էր իր պաշտոնական այցը ԱՄՆ, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի աշխատանքին: Փաշինյանն այս ընտրությունները ծայրահեղ կարևոր է համարում Հայաստանի համար: Նա բազմիցս ասել է, որ ընտրությունների արդյունքները չպետք է քաղաքացիների մոտ հարցեր առաջացնեն:
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Տարոն Մարգարյանը:
Ինչո՞ւ հեռացավ նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Հայաստանի մայրաքաղաքում 2018թ-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցույցերի ֆորմալ պատճառը քաղաքի կենտրոնական այգիներից մեկում կատարված ծառահատումներն էին: Այն ժամանակ ցուցարարներից ոմանց նույնիսկ հաջողվեց ներխուժել քաղաքապետարան, ակցիաները մի քանի օր չէին դադարում, սակայն Տարոն Մարգարյանն այնդպես էլ հրաժարական չտվեց:
Այդ իրադարձություններից մեկ ամիս անց Տարոն Մարգարյանը կրկին սկանդալի էպիկենտրոնում հայտնվեց: Այդ ժամանակ նրանով արդեն սկսեց զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը: Պարզվեց, որ քաղաքապետարանում կաշառք են վերցրել գույքի շինարարության և ձևակերպման համար: Արդյունքում ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց երկու հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և խարդախություն՝ ծառայողական դիրքի օգտագործմամբ:
Դրանով նույնպես Տարոն Մարգարյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալները չավարտվեցին: Լրագրողները հետաքննություն անցկացրին Մարգարյանի չհայտարարագրված եկամուտների մասին: Հետաքննության հեղինակներն այն եզրակացության եկան, որ քաղաքապետին իր աշխատավարձով 210 տարի պետք կլիներ նման կարողություն կուտակելու համար: Լրագրողները նյութերը փոխանցեցին ԱԱԾ-ին, իսկ Երևանում կրկին ցույցեր սկսվեցին:
Կարդացեք նաև. Ասք Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին՝ բոլոր մանրամասներով
Երկու ամիս դիմադրելուց հետո հուլիսի 9-ին տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, հրաժարական տվեց: Մինչ այսօր նա լրագրողների առջև չի հայտնվել և բացատրություններ չի տվել իր հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ:
Վերջերս հայտնի դարձավ նաև, որ նախկին քաղաքապետը հարցաքննվել է ԱԱԾ-ում և պարտավորվել բյուջե վերադարձնել մոտ 3 մլն դոլար:
Ֆավորիտները
1
Հաղթողի գլխավոր թեկնածուն է համարվում «Իմ քայլը» դաշինքը: Դրա առանցքում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Վարչապետն ակտիվորեն մասնակցել է դաշինքի նախընտրական արշավին և սատարել քաղաքապետի իր թեկնածու Հայկ Մարությանին:
Կատակերգական ժանրի հայտնի դերասան և պրոդյուսեր Մարությանը հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր և մշտապես Նիկոլ Փաշինյանի կողքին էր: Իր քաղաքական կարիերան Մարությանը սկսել է մի քանի ամիս առաջ, երբ անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
2
«Իմ քայլը» դաշինքի գլխավոր մրցակիցը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է համարվում: Սակայն, հարցումների համաձայն, այն զգալիորեն հետ է «Իմ քայլը» դաշինքից: «Բարգավաճ Հայաստանի» առաջին համարն Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:
Նախընտրական արշավի ժամանակ նա խիստ քննադատության արժանացրեց ինչպես «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, այնպես էլ նրան սատարող Նիկոլ Փաշինյանին: Դրա առիթը դարձավ այն հայտարարությունը, թե այս ընտրությունները լինելու են «սևերի և սպիտակների»՝ թավշյա հեղափոխության կողմնակցիների և հակառակորդների միջև:
Կարդացեք նաև. «Սևերը» և «սպիտակները» Հայաստանում. թե ինչպես են քաղաքական ընդդիմադիրները զայրացել վարչապետի վրա
3
Եվ մեկ ուժ, որն, ըստ ամենայնի, կհաղթահարի անցողիկ շեմը, «Լույս» դաշինքն է: Այն որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանին:
Այդ դաշինքը կազմավորվել է Նիկոլ Փաշինյանի երբենի դաշնակից Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի կողմից: Ֆորմալ առումով Հայաստանի խորհրդարանում նրանք մինչ այսօր Փաշինյանի դաշնակիցներն են, քանի որ մեկ դաշինքի մեջ են: Սակայն Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ դաշինքը դե ֆակտո լուծարվել է: Նախընտրական արշավի ընթացքում «Լույս» դաշինքի ներկայացուցիչները նույնպես քննադատեցին Փաշինյանի հայտարարությունները:
4
Փորձագետները կարծում են, որ ավագանի կարող է անցնել նաև «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունները:
Ինչո՞ւ է Հայաստանում վտանգավոր դարձել ձայն գնելը
Նախընտրական արշավի ընթացքում ընտրողներին կաշառելու դեպքեր չեն գրանցվել: Հնարավոր է, որովհետև ընտրությունների նախաշեմին խստացվել էր ընտրակաշառք բաժանելու համար պատիժն ու քրեական պատասխանատվություն մտցվել այն վերցնելու համար:
Կարդացեք նաև. Մանրամասներ՝ նախընտրական կաշառք բաժանելու և ստանալու պատժի մասին: Ինչպե՞ս է եղել և ի՞նչ է դարձել
Նախկինում նրանց համար, ովքեր խոչընդոտում էին ընտրության իրավունքի իրականացմանը կամ ընտրությունների կազմակերպմանը մասնակցողների կողմից իրենց լիազորությունների կատարմանը, 2-5 տարվա ազատազրկում էր նախատեսվում:
Ընտրակեղծիքների համար պատժի խստացման օրենսդրական փաթեթի ընդունումից հետո 4-6 տարվա ազատազրկում է նախատեսվում կամ 2.5-3մլն դրամ (մոտ 5-6 հազար դոլար) տուգանք:
Ընտրությունների կամ քվերակության արդյունքների կեղծումը նախկինում 3-5 տարվա ազատազրկում էր ենթադրում, այժմ՝ 4-8: