Երևանն անընդունելի է համարում Բաքվի շեշտադրումները․ հեռակա բանավեճ ապաշրջափակման շուրջ
Երևանն ու Բաքուն ապաշրջափակման մասին
Հայաստանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը պետք է իրականացնի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, որում Այխան Հաջիզադեն Երևանին մեղադրել էր «ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մեջ։
«Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված պարտավորության կատարումից հրաժարում»,- նկատել է Բադալյանը՝ հիշեցնելով ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ տեղահանված անձանց և փախստականների վերադարձի մասին, ինչը նույնպես նախատեսված է եռակողմ փաստաթղթով։ Նա անդրադարձել է նաև Բաքվի և Մոսկվայի կողմից չկատարված մյուս պարտավորություններին։
Շաբաթ օրը՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ընթացքում եռակողմ հայտարարության միայն մի կետը վերցնելն ու դրա վրա շեշտադրում անելն անընդունելի էր համարել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ խոսնակների «երկխոսությունը», Փաշինյանի ելույթի մանրամասները
«Ռուս սահմանապահների ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»
Հայաստանի ԱԳՆ խոսնակի դիտարկմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «շատ պարզ ձևով» գրված է, որ ՀՀ-ն իր տարածքում կազմակերպում է բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը․
«Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետի տեքստը․ «Ապաարգելափակվում են տնտեսական և տրանսպորտային կապերը տարածարջանում։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թեմային՝ Անի Բադալյանը հիշեցրել է հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին և նշել, որ այն «ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ» է։
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում Հայաստանն առաջարկներ է փոխանցել ադրբեջանական կողմին․
«Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը»։
Բադալյանի կարծիքով՝ եռակողմ փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս՝ պետք է նախ նայել բոլոր փաստերին։
Շեշտել է՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո և հավելել՝ «ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները»։
Նույն փաստաթղթով նախատեսված է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, սակայն նման բան մինչ օրս տեղի չի ունեցել։ Բացի այդ, Բաքվի բանտերում դեռևս հայեր են պահվում, այնինչ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում։
«Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի»,- պարզաբանել է Բադալյանը։
Խոսել է նաև Ադրբեջանի կողմից անհետ կորածների հարց բարձրացնելու մասին, նշել, որ ղարաբաղյան երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհետ կորած ունի հայկական կողմը։ ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ «պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել»։
«9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները»
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն «իրականությունն աղավաղող» էր որակել հաղորդակցությունների բացման վերաբերյալ ՀՀ վարչապետի մեկնաբանությունները, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր երևանյան համաժողովի ընթացքում։
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները կապի բացման հետ կապված, և ինչ ձևով պետք է կազմակերպվի վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա»,- նկատել է Այխան Հաջիզադեն։
Պաշտոնական Բաքուն Հայաստանի ղեկավարությանը հորդորել է «զերծ մնալ հայտարարություններից, որոնք հատում են սահմանը, խեղաթյուրում իրականությունը»։
Ի՞նչ է հայտարարել Փաշինյանը
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը հոկտեմբերի 12-ին կազմակերպել էին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողով։ Ելույթով էր հանդես եկել նաև Հայաստանի վարչապետը։ Ի թիվս այլ հարցերի՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, խոսել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմի ստանձնած պարտավորությունների մասին։
«Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի մասին է: Դա այդպես չէ»։
Փաշինյանի փոխանցմամբ՝ այդ կապն ընդամենը 9-րդ կետի ենթավերնագիրն է, իսկ հայտարարության մեջ նշված կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է։ Կարծում է՝ նշված հարցերը մեկը մյուսից անջատ քննարկելն «ուղղակի անտրամաբանական է և անհնար»։ Իսկ ամբողջական մոտեցումը ներկայացված է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Հերթական անգամ նշել է՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգությունը երաշխավորելու է Հայաստանը, իսկ ՌԴ-ն կարող է միայն մոնթորինգ իրականացնել, թե որքանով արդյունավետ է ՀՀ-ն կատարում իր պարտականությունը։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ Հայաստանի մի քառակուսի մետր տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է վերահսկողություն։ Չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ ՀՀ ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ:
«Թվում է, թե սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթի մեր վերլուծությունը դա է ցույց տալիս»,- նկատել է նա և հավելել, որ այդ անտրամաբանական մոտեցումը չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար:
Երևանն ու Բաքուն հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածություն են ձեռք բերել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Ադրբեջանը, սակայն, հիշատակում է միայն այն հաղորդակցությունը, որն անհրաժեշտ է իրեն՝ ճանապարհ դեպի Նախիջևան։
Այդ ճանապարհը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք», ինչը ենթադրում է, որ այն պետք է լինի արտատարածքային և չվերահսկվի Հայաստանի կողմից։ Հայկական կողմի համար դա կարմիր գիծ է։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացել հաղորդակցությունները, սակայն գործընթացը պետք է կազմակերպվի երկրի իրավազորության ներքո։ Հայկական կողմը հանդես է եկել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։ Ադրբեջանը, սակայն, շարունակում է առաջնորդվել միջանցքային տրամաբանությամբ։
Հաղորդակցության հետ կապված ակնկալիքներ ունի նաև Մոսկվան։ Ռուսաստանը պնդում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ իր Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները պետք է վերահսկեն ճանապարհը։ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ նման բան փաստաթղթի մեջ գրված չէ, խոսք է գնում միայն մոնիթորինգի, այլ ոչ թե գետնի վրա ներկայություն ունենալու մասին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևանն ու Բաքուն ապաշրջափակման մասին